Լրագրողները Եռաբլուրում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի պայմանագրային ժամկետային զինծառայողներին ընդամենը չորս հազար դրամ պարգեւավճար տալու մասին:
-Զոհված զինծառայողների մայրերը բողոքի ակցիաներ են իրականացնում որոշակի գումար են պահանջում, որպեսզի պետությունն ամսական իրենց վճարի: Բայց այս ամենին կարծես արձագանք դեռեւս չկա, խնդիրը չի լուծվել: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:
-Այս բոլոր հիմնախնդիրները ընթացքում պետք է լուծվեն, որովհետեւ այսօր հնարավոր չէ: Նոր իշխանությունը դեռ մեկ տարեկան էլ չկա: Էն փոսը, որ քսան տարի փորել են նախորդ իշխանությունները, այն էլ՝ տեխնիկայով, պետք է բահով լցվի: Ոչ թե պահանջ պետք է լինի, այլ գիտակցություն: Վարչապետը գիտակցում է: Եվ պետք է հասնենք, որ նման բողոքներ չլինեն:
-Ասում են պարգեւավճարների համար գումար կա, բայց իրենց համար չկա:
Կարդացեք նաև
-Դա ուրիշ հարթության վրա է եւ մի բերեք խառնեք:
-Մի լրացում: Իսկ ո՞նց եք վերաբերվում, որ դիրքապահ պայմանագրային զինծառայողները 4 հազար դրամ պարգեւավճար են ստացել:
-Դե գիտե՞ք ոնց է: Շատ վատ եմ վերաբերվում նման բանի: Միշտ ասել եմ ու ԱԺ-ում էլ եմ հարց բարձրացրել, որ պայմանագրային զինծառայողներին պետք է նորմալ գումար տան, պետք է նորմալ վերապատրաստում անցնեն, որ նորմալ, գիտակից մարդիկ անցնեն պայմանագրային ժամկետային զինծառայության: Բնական է, որ բանակը պետք է համալրենք պայմանագրային ժամկետային զինծառայողներով: Դա շատ անհրաժեշտ է: Այդ տարիքի մարդիկ ավելի զգոն են, ավելի պատրաստված պետք է լինեն թշնամուն դիմակայելու:
-Չորս հազար դրամների համար դուք առաջարկություն արե՞լ եք, որ որեւէ փոփոխություն լինի:
՛-Այսօր ինչ հնարավոր է, արվել է: Բայց որպես մարդ, զինվոր, ազատամարտիկ, հրամանատար գտնում եմ, որ պետք է արժանապատիվ գումար տալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ