Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես որպես զինվոր դեմ եմ Արցախի հարցով հանրաքվեին, բայց երկրի ղեկավարը քաղաքականապես ավելի լավ է հասկանում, թե ինչ է կատարվում». Սասուն Միքայելյան

Դեկտեմբեր 30,2019 22:30

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը այսօր Եռաբլուրում պատասխանել է լրագրողների հարցերին:

-Ամփոփելով 2019 թվականը՝ Արցախի հարցում ի՞նչ առաջընթաց կամ հետընթաց եք նկատել:

-Հետընթաց չեմ նկատել: Բնականաբար, առաջընթաց կա Արցախի հարցում թե մեր բանակում, սահմանների, զինտեխնիկայի, սպառազինության փոփոխությունների հետ կապված, բայց դա դեռ քիչ է: Մենք պետք է միշտ ձգտենք մեր հնարավորության սահմաններում կարողանալ բանակը համալրել, ավելի նոր զինատեսակներով զինել, որովհետեւ, միշտ ասել եմ ու նորից եմ կրկնում՝ մեր կարգի պետությունը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի: Ինձ միշտ հարց են տալիս, թե երբ պատերազմ կսկսվի: Աստված չանի: Բայց մենք պետք է վաղվա, մյուս օրվա համար էլ, միշտ էլ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Եվ մեր գերխնդիրը համախմբվածությունն է: Դուք լավ գիտեք՝ պատմականորեն մենք հաղթել ենք, երբ համախմբված ենք եղել:

-Հաճախ քննադատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Արցախի հարցի հետ կապված: Օրինակ, Արցախը Հայաստան է եւ վերջ եւ այլն: Որքանո՞վ եք կիսում նրա տեսակետները եւ հնչեցրած խոսքերը:

-Փաշինյանի ասածը շատ խելոք քաղաքական քայլ է, որովհետեւ Ադրբեջանը երբեք չի ասել, թե գնում ենք Արցախի հարցում բանակցային փուլի: Այսինքն, նա մեսիջ է ուղարկել Ադրբեջանի նախագահին, որ իրենք էլ պիտի քայլեր անեն: Իրենք ասում են՝ Արցախն իրենցն է, Հայաստանը իրենցն է: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը շատ ճիշտ է: Պետք է տողատակերը կարդալ: Նա ասել է, որ զենքով, պատերազմով հաղթել չես կարող:

-Խնդրի կարգավորման հարցում Փաշինյանն ասել է, որ պետք է այն ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Դուք տեսնո՞ւմ եք այդպիսի լուծում:

-Ինքը Ադրբեջանի ժողովրդին էլ է կոչ անում, եւ դա խելոք քայլ է: Ոչ ոք չէր պատկերացնում, որ Հայաստանում կարող է իշխանափոխություն լինել: Ալիեւը սարսափում է նրանից, որ Փաշինյանը կոչ է անում Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդներին՝ համաձայնության գալ: Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ժողովրդի տված ձայների մեծամասնությամբ ու լեգիտիմ է: Բայց եթե ինչ-որ փուլ մտնենք, ժողովուրդը պետք է համաձայնություն տա:

-Իսկ հանրաքվեի գաղափարին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Մինսկի խմբի համանախագահողների խմբում էլ կա հանրաքվեի գաղափարի պահը: Ժամանակը ցույց կտա եւ հանրաքվեի պահը չպետք է անտեսել: Ես, օրինակ, որպես զինվոր դեմ եմ այդպիսի բաների: Բայց երկրի ղեկավարը քաղաքականապես ավելի է հասկանում:

-Վարչապետը, օրինակ, Ամուլսարի հարցում եւ մի շարք այլ խնդիրների դեպքում հայտարարում է, թե ժողովուրդը վստահության քվեն իրեն է տվել, ուստի ինքը կարող է որոշում կայացնել: Սակայն Արցախի հարցում ասում է, թե ժողովուրդը ինքը պետք է որոշի: Սա որքանո՞վ եք նորմալ համարում եւ խնդրահարույց չէ՞, որ վարչապետը գլխավոր որոշումը կայացնելու պատասխանատվությունը իր վրա չի վերցնում:

-Հիմնականը, որ վարչապետը առանց ժողովրդի համաձայնության քայլ չանի: Ընդհանուր պրոցես է ընթանում: Ժամանակի ընթացքում կարգավորելու է հարյուր տոկոսով ու ժողովրդի համաձայնությունը պետք է լինի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031