Ես բուսակեր եմ։ Չէ, կներեք, ուղղակի միս չեմ ուտում։ Վերջերս հասկացել եմ, որ բուսակեր բառը մարդկանց բացասական լիցքեր է հաղորդում, իսկ որ ասում եմ՝ միս չեմ ուտում, սկսում են ինձ դասել նորմալության հակում ունեցող մահկանացուների շարքին։ Իսկ եթե մսի փոխարեն, օրինակ, սոխ չուտեի, ընդհանրապես կդասվեի նորմալ մահկանացուների շարքին։
Միս չուտելը մարդիկ մեծ պատմություն են դարձրել, բայց դա ինձ համար նույնն է, ասենք, ոնց որ կարմիր գույնը չսիրելը, կամ երկուշաբթի առավոտը չսիրելը։ Հասկանում եմ, որ միս սիրող մարդիկ շատ են, շատերը չեն կշտանում մինչև միս չուտեն, այդ բոլոր պատմություններն էլ լսել եմ։ Բայց եկեք ընդունենք, որ կան մարդիկ, որոնց համար միսը միևնույն է կամ ուղղակի չեն սիրում։ Իրենք ևս հասարակության մի մասն են և պետք չէ նրանց հոգեբանորեն ճնշել միայն նախասիրության համար։
Նախապատմություն
Միսը դարձել է իմ տառապանքներից մեկը դեռ մանկուց։ Ես էն միս չուտող երեխան եմ, որի ծնողները մտածում էին՝ կմեծանա, կուղղվի, բայց ոչ՝ փաստորեն միս չսիրելը չի բուժվում։ Չեմ պատմում անթիվ-անհամար կռիվների մասին ու թե ինչքան են իմ ծնողները բողոքել, երբ հյուր ենք գնացել։ Բայց մի խորհուրդ բոլոր նրանց, ովքեր պայքարում են՝ մեր միս չսիրողներիս դեմ՝ մի փորձեք խորամանկել՝
Կարդացեք նաև
1. Չի ստացվելու
2. Կորցնելու եք վստահությունը։ Ես մինչև հիմա, եթե ես չեմ պատրաստել կերակուրը, մինչև վերջ կասկածանքով եմ վերաբերվում ու միս եմ փնտրում։
Երբ փոքր էի՝ տատս ինձ իր հետ տանում էր շուկա, ընտրում էր աքլոր կամ հավ, բերում էին մեր բնակարան։ Միշտ ուրախանում էի, որ տանը աքլոր կամ հավ ենք պահելու, ու տարօրինակ էր թվում, որ տատս էր էդ գաղափարի հեղինակը։ Հավ-աքլորին պահում էին արկղի մեջ, ու խեղճ կենդանին չէր էլ ենթադրում, որ շուտով իրեն բմբլահան կանեն, հետո մատաղ։ Մինչև հիմա խեղճ աքլոր-հավերը աչքիս առաջ են, հիշում եմ հոտը, արյունը ու բմբուլները։ Ու միշտ զարմացել եմ՝ ոնց մարդիկ կարող են էդ արարողությունից հաճույք ստանալ։ Նույնն էլ ձկան հետ, մարդ առանց մտածելու մի երբեմն մի քանի հարվածով կյանքից զրկում է էդ խեղճ էակին, որը պետք է, որ դեռ լողար ու լողար։
Մեր օրեր
Երբ ասում եմ՝ բուսակեր եմ, մարդիկ էնպիսի խեղճ հայացքով են նայում, ասես՝ ես իրենց հայտնել էի, որ անբուժելի հիվանդ եմ, և սա մեր վերջին հանդիպումն է։ Ու գնում է հարցերի շարանը՝ ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ, ո՞նց։ Հենց ասում եմ, որ մանկուց միս չեմ սիրել, ոչ մեկն ինձ չի ուզում հավատալ։ Ես հոգնել եմ նմանատիպ խոսակցություններից։ Մարդկանց հետ ծանոթանալուց ուղղակի զգուշացնում եմ, որ տարօրինակ եմ, ուշադրություն չդարձնեն, ու միևնույն ժամանակ խոստանում եմ, որ սոված չեմ մնա։
Մի անգամ ծանոթներիս հետ ռեստորան էինք գնացել։ Բոլորը հերթով պատվիրեցին մսային ուտեստներ, հերթը հասավ ինձ, մատուցողին հարցնում եմ՝ ի՞նչ ունեք առանց միս։ Մատուցողի տրամադրությունը միանգամից փոխվեց, միանգամից մտահոգվեց ու ասաց. «Խեղճ երեխա, բա ի՞նչ ես ուտելու»։
Մեծ միջոցառումները նիհարելու լավագույն տարբերակներն են ինձ համար։ Երբ բոլորը սպասում են խորովածին, ձկանը կամ եսիմինչին, ես սպասում եմ իմ դժոխքին։ Երբ բոլորը սկսում են փորձել ափսեիդ մեջ մի կտոր միս դնել, ու դու նորից սկսում ես կյանքդ պատմել անծանոթ մարդկանց։ Բացատրել, որ չէ, չես ամաչում, չէ, դիետա չես պահում, չէ, սիրտդ չի քաշում ու դառնում ես սեղանի համար մեկ քննարկման առարկան։ Կարող եք չտանջվել, ես միս չուտելուս մասին այնքան քննադատություն եմ լսել, որ ինձ ամբողջ կյանքի ընթացքում բավարար է։
Ինձ համար իրականում ահավոր տհաճ է անցնել սուպերմարկետների այն հատվածում, որ միս են վաճառում, ու որտեղ, որ մահն է տիրում, երբ մսավաճառը ամեն վայրկյան պատրաստ է մի քանի անգամ տալ ձկան գլխին և վերջ։ Իսկ չասեմ շուկաներում մսի խանութները, այդ խանութների կողքով սկսում եմ վազել։ Չնայած, երբեմն ստիպված ես լինում այդտեղ մնալ, նամանավանդ, երբ լրագրող ես ու խմբագիրդ հանձնարարել է մսի գնի մասին նյութ պատրաստել։
Ամենաշատ տրվող հարցերը և արտահայտություններ
Որ խորովածի հոտ գա սիրտդ չի քաշի՞, ո՞նց կդիմանաս։ Չէ’, չի քաշի, ասեմ հակառակը ցանկալիի փոխարեն տհաճ կլինի։ Ու ես ինձ չեմ տանջում, որ միս չեմ ուտում, ես մեծ հաշվով չգիտեմ ինչ է դա (իհարկե, փոքր ժամանակ փորձել եմ, ու գիտեմ՝ ինձ ինչից եմ զրկում) ու ուղղակի չեմ սիրում և վերջ։
Ինչի՞ ես խաբում, որ բուսակեր ես, նոր պանիր կերար։ Բուսակերը և վեգանը տարբեր բաներ են։ Ես ուղղակի միս չեմ ուտում։ Իսկ ձեր իմացածը վեգաններն են։
Լավ, դե միս չես ուտում՝ էս ձուկը կուտե՞ս։ Ինձ համար շոկ էր լսելը, որ մարդիկ ձուկը միս չեն համարում։ Ինձ համար ձուկը և ծովամթերքը ընդհանրապես միս է և վերջ։
Ոչի՞նչ, որ միս եմ ուտում։ Իրականում ես դեմ չեմ, ինչքան ուզում եք կերեք, գլխավորը՝ իմ ամանի մեջ միս մի դրեք։
Հաստատ հիվանդ կլինես, գնա մի հատ բժշկի։ Չէ, հիվանդ չեմ, ամեն ինչ նորմալ է, շնորհակալություն հետաքրքրության համար։
Բա սպիտակուցներ որտեղի՞ց ես ստանում։ Միսը միակ սպիտակուցի աղբյուրը չի, որքան ես գիտեմ։ Կրկնում եմ, առողջությունից չեմ բողոքում։
Ա՜խ, եթե իմ երեխան լինեիր … Ես իսկապես ուրախ եմ, որ ձեր երեխան չեմ։
Իսկ բանջարեղենը կենդանի» չի։ Նայի լոլիկը խնդրում ա քեզ իրեն չսպանել, իսկ դու մորթում կտոր-կտոր ես անում։ Էս մեկը առանց մեկնաբանության կթողնեմ, բայց մի արեք։
Էն օրը իրար հետ շաուրմա/խորոված/այլ մսային ուտեստ լրացրեք ինքներդ/ իրար հետ չէինք ուտո՞ւմ։ Սա ևս թողնում եմ առանց մեկնաբանության, ու էլի չեմ հասկանում ձեր հումորը։
Չէ, իրականում բուսակերություն չեմ քարոզում։ Ինչ եք դնում դուք ձեր ափսեին բնավ իմ գործը չէ։ Ուղղակի հանդուրժող եղեք միս չուտող մարդկանց նկատմամբ։ Դուք էլ մտածեք իրենք ուղղակի սոխ չեն ուտում կամ մեկ այլ բան, որը դուք ինքներդ չեք սիրում, իսկ եթե ձեր համար ախորժալի խորովածը չեն ուտում, ոչինչ՝ դուք շատ կուտեք։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ