Ես այս թեմայով արդեն երրորդ անգամ եմ իմ որոշ նկատառումները ներկայացնում. նախապես ցանկանում եմ վերստին հիշեցնել, որ այսօրվա դատական համակարգը (ընդհանրապես՝ նաև ամբողջ պետաիրավական համակարգը՝ ԱԺ, Կառավարություն և այլն*) սկսած ընդհանուր իրավասության դատարաններից մինչև՝ ներառյալ ՍԴ-ը, ենթակա են արմատական սահմանադրական-օրենսդրական փոփոխությունների՝ մասնավորապես այն փոխելու միանգամայն նոր ու անմիջապես ժողովրդի կողմից ընտրվող դատական համակարգի՝ դատարանների՝ երդվյալներով և այլ ժողովրդաիշխանական ինստիտուտներով, և ինչքան շուտ, այնքան լավ:
Բայց այսպիսի «փոփոխությունը» կամ դրա փորձը՝ պ-ն Փաշինյանի ու նրա կուսակիցների նախաձեռնած, ոչ միայն ակնհայտ հակաիրավական է, այլև այդ և մի շարք այլ դեպքերով պարզապես հոգեկան հիվանդի գործելակերպի է նմանեցնում… Պ-ն Փաշինյանն ու իր կողմնակիցներն իրավունք ու հնարավորություն ունեն իրավական՝ օրինական ճանապարհով փոխելու դատական համակարգը, բայց դա չեն անում՝ նախընտրում են «խուլիգանական», «խուժանական» տարբերակը. «քրեական մշակույթի» կամ «ենթամշակույթի», որի դեմ նոր իշխանություններն իբրև թե պայքարում են, ցայտուն դրսևորում…
Պ-ն Փաշինյանն, ըստ երևույթին, չի հասկանում, որ այդպիսի գործելակերպը շարունակելու դեպքում ոչ հեռավոր ապագայում կարող է հրաժեշտ տալ իշխանությանը, այն էլ անկանխատեսելի հետևանքներով՝ իր, իր համախոհների, պետության և ժողովրդի համար, հանդերձ…
Բայց սա անհատական կամ առանձին, մասնավոր դեպք չէ, և վերաբերվում է մի ամբողջ պետության, պետական մի ամբողջ համակարգի՝ անկախ նրանից, թե ովքեր են դրանում աշխատողները՝ ինչ անձինք են. այո՛, այդ դատարանն արդարացրել, քողարկել, սքողել, օրինականացրել է Լ. Տ. Պետրոսյանի, Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի հակաժողովրդական գործունեությունը (կեղծ ընտրություններ և այլն, ի դեպ, նաև «աչք է փակում» Փաշինյանի ապօրինությունների նկատմամբ…)։
Կարդացեք նաև
Բայց չէ՞ որ այդ ամենը փոխելու օրինական ձև կա. ինչո՞ւ չեն ձեռնամուխ լինում դրան՝ սահմանադրական փոփոխությունների. դրա փոխարեն ընտրել են ակնհայտ հակաօրինական՝ պետությունն ու իրավունքը վարկաբեկող գործընթացի՝ սկսած դատարանները «բլոկադայի ենթարկելու» կոչերից մինչև մի ծիծաղելի օրենքի ընդունումը, որով ՍԴ-ի դատավորներին «հորդորում են» վաղաժամկետ հրաժարական տալ, չաշխատել, բայց դատավորի աշխատավարձը ստանալ… ճանապարհը՝ «գողական ռազբորկա…»: Հավանաբար պ-ն Փաշինյանի վրա պատիժը կրելու ժամանակ մեծ՝ «բարերար» ազդեցություն է թողել «քրեական ենթամշակույթը»… Էն խեղճ մարդուն՝ «նախագահ» Արմեն Սարգսյանին էլ ինչ տալիս են կամ չհասկանալով կամ վախից՝ պաշտոնը կորցնելու, ստորագրում է…
Նախկին քրեածին օլիգարխներին փոխարինած իր գործելակերպով կիսախելագարի տպավորություն թողնող բարձրաստիճան մի պաշտոնյա «իր մանկապարտեզով» չի հասկանում, որ երկիրն արհեստականորեն տանում է դեպի վտանգավոր ցնցման*, որի եզրափակիչ փուլը կարող է ավարտվել հենց (ըստ որում 1921-ի փետրվարյան «ավանտյուրայով»՝ բայց «հաջող» ավարտով…) 2020-ին և ոչ թե, ավելի ուշ… Պետք է Լ. Տ. Պետրոսյանին էլ, Ռ. Քոչարյանին էլ, Ս .Սարգսյանին էլ, Վ. Սիրադեղյանին էլ, մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի և այլ հայտնի ու անհայտ դեպքերի բոլոր մեղավորներին էլ պատասխանատվության կանչել, բայց, սա ինչ գործելակերպ է… Հոգեբուժարանի՞ց են դուրս եկել, ինչ է… Ես որպես այս երկրի քաղաքացի հիմա ավելի շատ անհանգստանում եմ ոչ թե պ-ն Փաշինյանի համար (ինչպես ավելի վաղ), ըստ երևույթին նրան խորհուրդ տալն անիմաստ է. այլ այն բանի համար, որ նախ՝ առաջին՝ նա իր և իր համախոհների նման գործելակերպով կարող է երկիրն աղետի հասցնել իր սքողված կամ անսքող «գողական ռազբորկայի» արդյունքում և երկրորդ՝ կամա, թե ակամա նորից իշխանության կբերի նախկին քրեածին օլիգարխներին կամ նոր հայտնի կամ անհայտ ուրիշ արկածախնդիրների…
Ուստի պ-ն Փաշինյան. խորհուրդ կտայի, արդեն որերրո՜րդ անգամ, սթափվել, իմաստավորել, վերաիմաստավորել քո, քո համախոհների գործելակերպը, դուրս գալ ցայտնոտային վիճակից, խաղաղ, անաղմուկ ձևով, առանց «հինը» ջարդելով, փշրելով…, օրինական կարգով ձեռնամուխ լինել սահմանադրական, սոցիալ-տնտեսական, պետաիրավական արմատական փոփոխությունների (որի ուշացումը ամեն օր, ամեն ժամ սոսկ մոտեցնում է աղետը… տա Աստված սխալվեմ): Այո, թե՛ Գ. Հարությունյանը, թե՛ Հ. Թովմասյանը և մյուսը դրածոներ էին և են. ինչպես որ դրածոներ են և կլինեն քո այս ձևով նշանակած, նշանակվելիք կամ «ընտրած» կամ «ընտրվելիք» դատավորները (և մյուս պաշտոնյաները…)։
Հետևաբար դա բացառելու համար համակարգային արմատական փոփոխություններ են պետք՝ ժողովուրդը պետք է ինքն ընտրի իր դատավորներին և մյուս (իհարկե ոչ սքողված կամ անսքող շանտաժով, այսօրվա պես…) և վաղաժամկետ՝ օրենքով նախատեսված հիմքերով ետ կանչի իրենց չարդարացրածներին…
Պ-ն Փաշինյան, պետք է վերացվի քո վարչապետ «ընտրվելու» ժամանակից սկզբնավորված մինչև այժմ շարունակվող աղաղակող ու կործանարար իրավական նիհիլիզմը, մաքրվի քո և քո նախորդների բերած ամբողջ «իրավական» կեղտը, ըստ հնարավորին ստեղծվի արդարության, իրավունքի վրա հիմնված պետություն՝ իրական, ոչ թե նախկինի և այսօրվա նման կեղծ-կարգախոսային, ժողովրդաիշխանության հիմքի վրա խարսխված պետական հասարակություն. միայն դա կկանխի անխուսափելի աղետը…*
Մի խոսքով, Աստված թող բարին կատարի. միաժամանակ ավարտելով իմ «ամանորյա, հերթական անպտուղ…, ուղերձը»՝ պ-ն Փաշինյանին, նրան և իմ բոլոր ընթերցողներին շնորհավորում եմ գալիք Նոր տարվա կապակցությամբ՝ մաղթելով ամենայն բարիք:
Մալիկ ԹԵԼՈՒՆՑ
ԻՐԱՎԱԳԵՏ, ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈՑԵՆՏ
* Այդ մասին ես քանիցս իմ առաջարկությունները ներկայացրել եմ նաև պ-ն Փաշինյանին՝ տե՛ս նաև համացանցը. ցավոք պ-ն Փաշինյանը «մտածում» և գործում է Պուգաչովի պես և ոչ թե՝ Կոնֆուցիուսի… Տե՛սեք օր.՝ հենց իմ անձնական հարցով միանգամայն օբյեկտիվ հիմքերով ես անբավական եմ այսօրվա ամբողջ դատական համակարգից. բայց, դա հո չի կարող խելացնորության հասցնել ինձ՝ խաթարել իմ մտածողությունն ու գործելակերպը…
* «Սերժը-մերժը», «Լևոն-մեվոնը» և մյուս. ջհանդամը. նրանց նստացնելն էլ քիչ է՝ այս վիճակը նրանց և նրանց կուսակիցների արդյունքն է… Բայց՝ երկիրը չվտանգվի, նրա ներքին և արտաքին անվտանգությունը չխաթարվի… Դա է տագնապահարույցը:
* Տեսե՛ք օր.՝ ինչ անհեթեթ վիճակ՝ կարգ է՝ ՍԴ-ի դատավորները պետք է ստուգեն իրենց առաջադրած, նշանակած կամ «ընտրած» մարմինների, դրանց պաշտոնատար անձանց գործունեության, ընդունած իրավական ակտերի օրինականությունը կամ սահմանադրականությունը… կամ ՍԴ-ի դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու համար պետք է ստանալ նույն դատարանի համաձայնությունը… Այդպիսի անբանական վիճակները շատ են. փոխանակ այդ կարգերը փոխելու, օրենքների խախտմամբ մարդիկ են կալանավորվում, մեղադրանք են առաջադրվում ևն (լինի դա Ռ.Քոչարյանը, Հ.Թովմասյանը, թե մեկ ուրիշը…). չէ որ դրանով իսկ խարխլվում է երկրի իրավական հիմքը և այդպիսի պետությունը, պետական համակարգը չի կարող երկար գոյատևել (ի դեպ, իմ «աչքը լույս» Հ.Թովմասյանին մեղադրանք առաջադրելու՝ որպես մեղադրյալ ներգրավելու համար, համար պետք է ստանալ, ուզես, թե չուզես, ՍԴ-ի համաձայնությունը՝ 2005թ. նոյեմբերի 27-ի փոփոխությամբ Սահմանադրության 42-րդ, 97-րդ և 2015թ. Սահմանադրության 73-րդ հոդվածի ուժով. «մեղքս գալիս է» պ-ն Փաշինյանի արդարադատության և մյուս բնագավառների կադրերի համար… Իհարկե, վերը նշված հարցում իրավանորմերի կոլիզիա կա, բայց այն պետք է լուծել, ոչ թե Մակեդոնացու նման «Գորդյան հանգույցը» սրով կտրելով, այլ իմաստավորված մոտեցմամբ):