Լրահոս
Օրվա լրահոսը

Ես երբեք չեմ դադարի փնտրել Ստելլային. Daily Mail-ն անդրադարձել է Հայաստանում երեխաների վաճառքի գործին

Դեկտեմբեր 30,2019 18:55

Հայաստանում քննություն է սկսվել երեխաների վաճառքի ցանցի առերևույթ գործով: Քննության շրջանակում ձերբակալվել են երկրի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը, մանկատան ղեկավարը և պաշտոնատար այլ անձինք: Ենթադրվում է, որ երեխաների որդեգրման սև շուկայի սխեման գործել է տարիներ, գրում է բրիտանական The Daily Mail պարբերականը՝ անդրադառնալով Հայաստանը ցնցած գործին:

35-ամյա Սյուզան Պատվականյանը դստերը փնտրում է այն պահից,  երբ մոտ 20 տարի առաջ բժիշկները ստիպեցին նրան հրաժարվել երեխայից: Իր վրա ճնշում գործադրելու մեջ նա մեղադրում է գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին և այլ բժիշկների: Սյուզանը 16-ամյա դեռահաս է եղել, երբ «խելագարի պես սիրահարվել է» մի տղամարդու, որն իրենից 5 տարով մեծ էր: Երբ երեխան ծնվել է, բժիշկները սպառնացել են երեխայի հորը հանձնել ոստիկանություն՝ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով, այդպիսով, ստիպել են Պատվականյանին համաձայնություն ստորագրել՝ աղջկանից՝ Ստելլայից հրաժարվելու մասին: Մայրը, թեև ճնշման տակ ստորագրել է համաձայնությունը, բայց 3 օր անց վերադարձել է՝ աղջկան տուն տանելու: Բայց երեխան այլևս այնտեղ չի եղել:

Բժիշկները հավաստիացրել են, որ աղջկան տարել են Գյումրիի մանկատուն: Բայց երիտասարդ մայրն այնտեղ էլ չի կարողացել գտնել դստերը:

«Մենք հասկացանք, որ բարուրի երեխային վաճառել են հենց հիվանդանոցից», – պատմել է Պատվականյանը:

Այժմ պարզվում է, որ Պատվականյանը երեխաների վաճառքի ստորգետնյա ցանցի զոհ դարձած տասնյակ կանանցից մեկն է, շարունակում է թերթը: Դեկտեմբերին քննիչները հայտարարեցին, որ ձերբակալել են Աբրահամյանին, ինչպես նաև մայրաքաղաքում գտնվող ծննդատան և մանկատան ղեկավարներին:

Մի քանի օր անց գլխավոր գինեկոլոգը ազատ արձակվեց, ինչը առաջ է բերել հասարակության վրդովմունքը:

Ըստ նրա փաստաբանի՝ Աբրահամյանը չի ընդունում իր դեմ առաջ քաշված մեղադրանքը՝ այն համարելով «անհիմն և անհեթեթ», և պնդում է, որ որևէ կապ չունի որդեգրումների հետ:

Նրա փաստաբանը Սամվել Դիլբանդյանը հաստատել է, որ Աբրահամյանը օգնել է հանձնել Ստելային, բայց նա չի կարող հիշել յուրաքանչյուր ծնունդ, որին մասնակցել է:

Հայաստանի՝ բարեփոխումների միտված առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ ենթադրյալ սխեմայի վերաբերյալ, որը, նրա համոզմամբ, գործում է «երկար տարիներ», գրում է թերթը:

Փաստաբան Մարատ Կոստանյանը, որը 2013թ-ից պաշտպանում է Պատվականյանի շահերը, պնդում է, որ ցանցը շատ մեծ է և ներառում է բարձրաստիճան պաշտոնյաներ և ոստիկաններ, ինչպես նաև խնամքի կենտրոնների և մանկատների անձնակազմի անդամներ:

«Երեխաների վաճառքի մաֆիան շատ ավելի հզոր  է, քան թմրադեղերինը,- ասել է Կոստանյանը:- Այս հանցավոր ցանցը երկիրը վերածել է ինկուբատոր կայանի՝ մանուկներ արտադրելու համար»:

Չնայած գործադրված ջանքերին՝ փաստաբանն ասում է, որ Պատվականյանի գործով մեծ առաջընթաց չկա:

«Որքան ես գիտեմ, ոչ մեկին չի հաջողվել հասնել արդարության և վերադարձնել իրենց երեխաներին», – ասում է նա:

Մյուս կողմից, Հայաստանի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ նոյեմբերին բացահայտվել է հանցավոր ցանց, որը վերջին տարիներին օգնել է իտալացիներին որդեգրել ավելի քան 30 երեխա: Հայտարարության մեջ նշվում է, որ 2016-2018թթ. մի քանի երիտասարդ կանայք, որոնք ցանկանում էին ընդհատել հղիությունը, փոխարենը ստիպված են եղել ծննդաբերել և այնուհետև հրաժարվել երեխայից՝ տալով նրան որդեգրման:

«Որոշ դեպքերում վախեցած մայրերին ասել են, որ իրենց երեխաները հիվանդությամբ են ծնվել», – ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ պաշտոնյաները սկսել են ավելի ուշադիր ուսումնասիրել որդեգրումները այն բանից հետո, երբ նկատել են, որ երեխաները չորս անգամ ավելի շատ որդեգրվում են օտարերկրացիների, քան տեղացիների կողմից:

Որդեգրման բոլոր գործընթացները կասեցվել են, մինչև քննության ավարտը:

Թերթը հիշեցնում է, որ Հայաստանը պարտավորություն է ստանձնել մինչև 2023թ-ը վերացնել մանկատները, փոխարենը երեխաներին վերամիավորելով իրենց կենսաբանական ծնողների հետ կամ նրանց համար նոր տներ գտնել:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության 2017թ. զեկույցում նշվում է, որ հազարավոր հայ երեխաներ «անզգուշորեն» բաժանվել են ծնողներից հաշմանդամության կամ աղքատության պատճառով և տեղավորվել փակ հաստատություններում: Նման հաստատություններում ապրող երեխաների ավելի քան 90 տոկոսի առնվազն մեկ ծնողը ողջ է:

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ներկայում ավելի քան 650 երեխա ապրում է մանկատներում: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ նրանցից ավելի քան 70 տոկոսը հաշմանդամություն ունի, հիշեցնում է թերթը:

Պատվականյանն ասում է, որ դեռ երեխային գտնելու հույս ունի:

«Ես շատ եմ սիրում իմ Ստելային: Ես նրան շատ եմ կարոտում, իմ երազներում տեսնում եմ: Նա գալիս է ինձ մոտ և ասում. «Մայրիկ, ես մոտակայքում եմ ապրում, այդքան լաց մի եղիր»:

Նա ասում է, որ երկրորդ անգամ երեխա չի ունենա, մինչև չգտնի դստերը:

Պատվականյանը փոքրիկ հողատարածք է գնել, որտեղ ցանկանում է պարտեզ աճեցնել իր կորած երեխայի համար: Նրա համար նվերներ է գնում: Ուշադրությամբ զննում է անծանոթների դեմքերը:

«Ես երբեք չեմ դադարի փնտրել նրան,- ասում է նա:- Մինչև մազերս էլ սպիտակեն, կփնտրեմ նրան»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031