ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները News.am լրատվական կայքի հարցերին
Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այսօր ունեցած իր հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ որպես խաղաղ գործընթացում առաջընթացի բացակայության պատճառ նշելով Հայաստանից եկող հակասական հայտարարությունները: Գրեթե նմանաբովանդակ հարցազրույց է տվել նաև Ադրբեջանի նախագահը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
Պատասխան. Սեփական փաստարկների սնանկությունը ադրբեջանական կողմը փորձում է կոմպենսացնել փակուղային տարրեր պարունակող թեզերի մշտական կրկնությամբ: Գուցե այդ թեզերը որոշակի արժեք ունեն Ադրբեջանի ներքաղաքական միջավայրում՝ հաշվի առնելով այդ երկրում տեղի ունեցող վերադասավորումները և առաջիկա խորհրդարանական ընտրությունները, սակայն դրանք որևէ ձևով չեն նպաստում խաղաղ գործընթացին և ուստի որևէ արժեք չունեն:
Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Արցախում դատապարտված Դիհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին՝ նշելով, որ վերջիններիս կողմից հարազատների գերեզման այցելությունը չի կարող հանցագործություն համարվել:
Կարդացեք նաև
Պատասխան. Ցավալի է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի մակարդակով արդարացվում է 16-ամյա Սմբատ Ցականյանի սպանությունը: Դա բացահայտում է Ադրբեջանի իշխանությունների իրական վերաբերմունքը հակամարտության գոտում բնակվող մարդկանց նկատմամբ: Կցանկանայի վերստին հիշատակել, որ Ադրբեջանի նախագահն անչափահասին սպանած մարդկանց համեմատել է Ռամիլ Սաֆարովի հետ: Կարծում ենք՝ այդ համեմատությամբ ամեն ինչ ասված է:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ