Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյանում այցելեց N զորամաս, որը բառացիորեն երեկվանից է միացել զինվորի սննդի կազմակերպման նոր համակարգին:
Ուղիղ եթերում վարչապետը հայտարարեց, թե ճաշի ժամին այցելությունը նախատեսված չէր, եւ ինքն է իր օրվա ժամանակացույցը փոխել դրան ծանոթանալու համար: Վարչապետը սննդակարգին ծանոթանալուց հետո ասաց. «Մենք նախատեսում էինք, որ այս ողջ գործընթացը տեղի ունենա կապիտալ նորոգմամբ: Բայց որպեսզի սննդի կարգավորման այս պրոցեսը եկող տարի ավարտվի, մենք չենք սպասում կապիտալ նորոգմանը, այսինքն` սննդի կարգավորումն իրականացվում է՝ հընթացս էլ կապիտալ նորոգումն է կատարվում: Իրականում սա շատ բարդ գործընթաց է: Ամեն ամիս նոր խնդիրներ են ի հայտ գալիս: Սակայն քայլ առ քայլ դրանք հաղթահարելու ենք եւ ուժեղ քայլերով գնալու ենք առաջ, քանի որ մեր զինվորը պետք է արժանապատիվ եւ որակյալ սնունդ ունենա: Իհարկե, նաեւ ՊՆ եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ եւ քաղաքացիական հասարակության կողմից վերահսկողությունը պետք է շատ ուժեղ լինի, որպեսզի այստեղ բացառենք մեր ցանկություններից թեկուզ մեկ միլիմետր շեղումով որեւէ պրոցես»:
Վերջում վարչապետը խոհարարներին հորդորեց. «Հաջողություններ եմ մաղթում: Մեր զինվորներին լավ կնայեք եւ լավ կկերակրեք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ