Լրահոս
Օրվա լրահոսը

Մսի փողոցային վաճառք: Տպավորություն է, թե տեր չկա, վերահսկող չկա

Դեկտեմբեր 30,2019 12:55

Ամանորի շեմին Երեւանից Էջմիածին տանող ճանապարհի եզրերին բավականին երկար տարածության վրա միս է վաճառվում սանիտարահիգիենիկ ամենաանմխիթար պայմաններում: Տպավորություն է, թե տեր չկա, վերահսկող չկա: Ի վերջո, ի՞նչ միս է դա:

Aravot.am-ը մեկնաբանության համար դիմեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասաց. «Տեղյակ ենք իրավիճակին, սակայն բանն այն է, որ մենք փողոցային առեւտուրը վերահսկելու գործառույթ չունենք: Փողոցային առեւտուրը պետք է վերահսկվի ՏԻՄ-երի եւ ոստիկանության կողմից: Դա նրանց անմիջական գործառույթն է: Պարզապես, մենք միշտ ասում ենք՝ եթե այդպիսի բան եք նկատում, մեզ զգուշացրեք: Իսկ հիմա ակնհայտ է, որ ամբողջ Հայաստանի տարածքում է այդպիսի վիճակ:

Մենք տեղեկացնում ենք իրենց եւ եթե հարկ կա, նաեւ մեր տեսուչները գնում են: Սակայն շատ դեպքերում, ինչպես օրինակ, երեկ՝ Սիսիանում, դեպք ենք ունեցել, որ մեր տեսուչին նույնիսկ մոտենալ չեն թողել՝ ասելով, թե համաձայնություն ունեն ՏԻՄ-ի հետ: Այսինքն, եթե ՏԻՄ-երը չմիջամտեն, ոստիկանությունը չփորձի քայլեր ձեռնարկել, մենք մնում ենք ձեռնունայն, մեր արած որեւէ քայլ նշանակություն չունի:

Հիմա ձեր ահազանգի հիման վրա Արմավիրի մարզի մեր տեսուչին ենք տեղյակ պահել, հանձնարարել ենք, որ  ոստիկան վերցնել հետը: Բայց եթե այդ երկու պատկան մարմինները կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում, մենք ոչինչ անել չենք կարող: Մեր գործառույթը կապված է իրավաբանական անձանց հետ, մենք օպերատիվ հետախուզության եւ այլ գործառույթ չունենք: Մերը տեսչական գործառույթ է:

Հատկապես կենդանական ծագման մթերքի փողոցային առեւտուրը ուղղակի անթույլատրելի է: Կենդանական ծագման մթերքը, եթե փողոցում է, եթե նույնիսկ ունի ձեւաթուղթ, շատ առողջ կենդանու միս է, ստուգված է, ամեն ինչ նորմալ է, միեւնույն է, քանի որ փողոցում է վաճառվում, մեր համար դառնում է վտանգավոր, որովհետեւ այն արդեն երկրորդական աղտոտման ենթարկված է: Մեր համար այն մնում է որպես օգտագործելու համար ոչ պիտանի մթերք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031