Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մի քանի օր անգամ չկարողացաք թաքցնել Ձեր նվիրվածությունը Թուրքիային

Դեկտեմբեր 30,2019 12:00

Հայ ժողովրդի համար սա այն գերկարևոր հարցերից մեկն է, որի մասին պարտադիր է բարձրաձայնել բացահայտ ուղիղ և ճշմարտորեն, որքան էլ այն ցավոտ հնչի, քանզի այլ կերպ մահացու սխալ գործած կլինենք: «Հարգարժան» Պոլսո հայոց նորընտիր պատրիարք Սահակ Մաշալյան, կարծում եմ՝ հայ ժողովուրդը Ձեզ պետք է շնորհակալ լինի միմիայն մի բանի համար,  որ Ձեր իրական դեմքը չթաքցրեցիք և պատրիարք ընտրվելուց հետո՝ հենց առաջին ելույթում ոչ ավել, ոչ պակաս բացահայտեցիք, որ Ձեր ազգանունի յան-ով վերջանալը դեռ բնավ չի փաստում Ձեր հայ լինելու, առավել ևս հայ ժողովրդին ծառայելու պատրաստակամությունը: Իհարկե, Ձեր ընտրվելուց հետո, սոցիալական  ցանցերում տարաբնույթ կարծիքներ եղան և բոլորի կարծիքը գոնե մի հարցում համընկնում էր. Ձեր և Աթեշյանի մրցակցության պարագայում, Ձեր ընտրվելը չարյաց փոքրագույնն էր: Թե ինչպես է իրեն դրսևորել Աթեշյանը Պոլսո պատրիարքի պաշտոնավարման ընթացքում, կարծում եմ՝ բոլորին է հայտնի: Համենայնդեպս, նա գոնե ներքուստ խիստ դիվանագիտորեն էր պաշտպանում Թուրքիայի շահերը, իսկ  արտաքուստ՝ նրա խոսքի մեջ գոնե նշմարվում էր, որ ազգությամբ ինքն իրեն  հայ է համարում: Սակայն Դուք մի քանի օր անգամ չկարողացաք թաքցնել Ձեր անսահման նվիրվածությունը Թուրքիային և հենց առաջին իսկ հնարավորության դեպքում հաճոյացաք միլիոնուկես հայ մորթած Թուրքիային ու չհասկացաք անգամ, որ հաճոյանալն ու հնազանդվելը ևս պետք է սահման ունենան:

Եվ  այստեղ մի պարզ հարց է առաջանում. Դուք ինչպես եք պաշտոնավարելու և ապրելու մի երկրում, որի բնակչության ողջ գիտակից հատվածի համար՝ հոգու խորքում դավաճան եք համարվում: Եթե փոքր-ինչ սթափ լինեիք, ապա կհասկանայիք շատ պարզ մի բան. ընտրվելուց հետո դա Ձեր առաջին ելույթն էր,  ուստի Ձեր մեջ ուժ պետք է գտնեիք և կամ լռեիք, կամ ուղղակի  շատ լղոզված ելույթ ունենայիք, որպեսզի բացահայտորեն չերևար Ձեր անսահման նվիրվածությունը Թուրքիային, քանզի միևնույն է՝ ԱՄՆ սենատի որոշման վերաբերյալ Ձեր արտահայտած վերաբերմունքը, մեջբերում եմ. «որպես հայեր հիասթափված են տեսնելով, որ 100 տարի առաջ տեղի ունեցածը օգտագործվում է օտար երկրների խորհրդարանների կողմից ռազմավարական, տնտեսական և քաղաքական ճնշումների նպատակով: Թուրքիայի ժողովուրդն իր ներսում կկարողանար լուծել այս հարցը, և Թուրքիան ու Հայաստանը կկարողանան բարելավել իրենց հարաբերությունները»: «Երբ երկու կողմերը չեն խոսում, երրորդ կողմերը խոսելու իրավունք են վերապահում իրենց: Այս հարցերը պետք է կարգավորվեն, բայց քանի դեռ չեն արվում, այն օգտագործվում է որպես լծակ Թուրքիայի դեմ», միմիայն Ձեր պաշտոնին կառչած լինելու և Թուրքիային Ձեր նվիրվածության դրսևորում էր, որը, միևնույն է, թուրք ժողովրդի ականջում կեղծ ասոցիացիա է առաջացնում: Ակնհայտ է, որ այդ ամենը դույզն անգամ աղերս չունի Սենատի որոշման հետ: «Հարգարժան» պատրիարք, կարծում եմ, որ շատ ավելի լավ կլիներ, որ ընտրվելուց անմիջապես հետո հայտարարեիք, որ Դուք ծառայելու եք միմիայն Թուրքիային, չնայած Ձեր պաշտոնի անունը «Պոլսո Հայոց պատրիարք է»:

Տեղյակ եմ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հոգևորականին կարգալույծ անելու հստակ կանոնակարգ ունի, սակայն քանի որ այդ կանոնակարգը բացառության կարգով չի տարածվում հայոց երկու պատրիարքների վրա, ուստի միակ ճանապարհը մնում է, որպեսզի ողջ հայ ժողովրդի կողմից, չափազանց կարճ՝ իրատեսական ժամանակահատվածում, ստորագրահավաքի միջոցով անվստահություն հայտնվի սույն պատրիարքին և անցկացվի պատրիարքի նոր ընտրություն, քանզի  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ևս Հայաստանինն ու հայ ժողովրդինն են, հետևաբար այս հարցը ևս պետք է լուծվի նրա կամքով: Դիմում եմ Մայր Աթոռին, որպեսզի նախաձեռնի այս ստորագրահավաքի գործընթացը, իսկ ողջ ժողովրդին ևս թախանձագին խնդրում եմ, որպեսզի մեկ մարդու նման ակտիվ և կազմակերպված մասնակցենք և ավարտենք այս խայտառակությունը:

Տերը բոլորիս պահապան…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի
առաջնորդանիստ «Սուրբ Սարգիս» եկեղեցու ծխական խորհրդի նախկին ատենապետ

«Առավոտ» օրաթերթ
28.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031