Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանի ամանորյա նվերը գուցե ստիպի ԱԺ-ին վերարժեւորել մշակույթը

Դեկտեմբեր 30,2019 12:30

Աշխարհի տարբեր երկրների պառլամենտները տարբեր կերպ են կանոնակարգում երկրի մշակույթի ոլորտի գործունեությունը այն նկատառումով, որ մշակույթը ինքնուրույն լինելով հանդերձ, համենայնդեպս՝ ինքնահոսի չմատնվի եւ չհանձնվի շուկայի քմահաճույքներին։ Ազատ շուկան շատ անգամ կործանարար դեր է խաղում հատկապես դասական և ավանդական արվեստների ոլորտներում։ Չափանիշային արժեք ունեցող այդ ասպարեզները գրեթե բոլոր երկրներում պետության հոգածության խիստ կարիքն ունեն։ Օրինակ, Ռուսաստանի նման հզոր երկրում, որտեղ մշակույթի ոլորտը ուղղակի երկրի նախագահի ուշադրության կենտրոնում է գտնվում, առանձնակի մեծ պարտավորություն է իր վրա կրում երկրի երկպալատ պառլամենտը՝ Դաշնային ժողովը՝ Դաշնային խորհուրդ եւ Պետական Դումա, որն իր ուղղակի օրինաստեղծ գործունեությունից բացի, հատուկ ֆինանսական միջոցներ է հատկացնում՝ նպատակով, որ Պետդումայի պատգամավորները պարտադիր կերպով մասնակցեն մշակութային ամենատարբեր միջոցառումներին եւ այդ մասնակցության համար կարողանան ունենալ հատկապես ՊԴ կողմից գնված տոմսեր եւ ոչ թե հրավիրատոմսեր։ Երբեմն՝ անհրաժեշտության դեպքում, գնվում են ամբողջական «դահլիճներ» կամ առանձնահատուկ կարգով տրամադրվում են ծրագիրն իրականացնող բավականին մեծ միջոցներ։ Իսկ հանդիսություններին անձամբ ներկա են լինում ՊԴ պատգամավորները, որոնց ֆիզիկական մասնակցությունը տվյալ ծրագրին մեծ հեղինակություն եւ ազդեցություն է ունենում ծրագրի կենսագործունեության վրա։

Ճապոնիայում երկրի պառլամենտը՝ երկպալատ Կոկկայը՝ Խորհրդականների պալատ եւ Ներկայացուցիչների պալատ, յուրօրինակ կերպով է լուծում հատկապես դասական երաժշտության նկատմամբ վերաբերմունքի դաստիարակության ու մասսայականացման խնդիրը։ Դասական երեկոների համար ամբողջ տարվա ընթացքում գնված տոմսերի գումարները, երկրի կառավարությունը Կոկկայի ֆինանսական աջակցությամբ, տարեվերջին, ներկայացված տոմսերի հիման վրա, մեծ թվերի հասնող գումարի տեսքով վերադարձնում է հանդիսականին։

Լեհաստանում, որտեղ բավականաչափ բարձր զարգացած թատերական կյանք գոյություն ունի, երկպալատ Պառլամենտի՝ Սենատի և Սեյմի նախաձեռնությամբ եւ ֆինանսական մասնակցությամբ աշխատավարձերի հետ միասին, պարգեւավճարի կարգով, ամեն ամիս, տրվում են թատրոնների ներկայացումների եւ դասական համերգների տոմսեր, որն էլ հենց ակտիվ զարգացող թատերական կյանք ունենալու բուն երաշխիքն է։ Այսօր Լեհաստանն ամենաշատ թատրոններ ունեցող երկրներից մեկն է աշխարհում։ Սեյմի գործուն ֆինանսական աջակցության շնորհիվ Լեհաստանում է գտնվում Եվրոպայի թատերական փորձերի ու ներկայացումների ամենամեծ վիդեոլուսանկարչական արխիվը։

Իսկ ամենաբազմաժանր թատրոններով ու բեմարվեստի փորձարարություններով հարուստ երկիրը մնում է Չեխիան՝ հին Չեխոսլովակիայում հիմնավորված եւ ավանդության վերածված այն մոտեցումով, որ նոր մտածողության թատրոնների ստեղծման ու զարգացման համար հնարավորինս արագ կանաչ ճանապարհ է բացվում, որի հոգածությանը ոչ միայն օրինաստեղծ, այլեւ ֆինանսական աջակցության գործնական մասնակցությամբ խնդրի լուծումն իր վրա է վերցնում նոր Չեխիայի երկպալատ պառլամենտը՝ Սենատով եւ Պատգամավորների պալատով։

Գերմանիայի երկպալատ պառլամենտը՝ Բունդեսրատ եւ Բունդեստագ աստիճաններով, գործուն մասնակցություն է ունենում երկրի թատերական կյանքի ձեւավորման ու աջակցման գործում՝ հատկապես պարբերաբար կրկնվող ճգնաժամերի դեպքերում, երբ ֆինանսական աջակցության խնդիրը վերածվում է լինել-չլինելու խնդրի։ Վերջին շրջանի հայտնի դեպքերից է, երբ երկու տարբեր քաղաքների արդեն փակվող թատրոնները երկրի պառլամենտի նախաձեռնությամբ միավորվեցին մեկ ստեղծագործական միավորի մեջ եւ այդ մեկ օղակին հատկացում կատարվեց բավականաչափ ոչ փոքր գումարով՝ 21 միլիոն եվրո բյուջեով։

Մեծ Բրիտանիայի պառլամենտը՝ Լորդերի պալատ եւ հասարակության պալատ, ուշադրության կենտրոնում է պահում Վիլյամ Շեքսպիրի կյանքին ու ստեղծագործությանը վերաբերող գրեթե բոլոր կարգի գործունեությունները՝ Էյվոնի Ստրադֆորդի տուն-թանգարանից սկսած՝ մինչեւ շեքսպիրյան արքայական եւ միջազգային փառատոների կազմակերպումը, հաճախ նաեւ ամբողջական ֆինանսավորումը։ Շեքսպիրը Անգլիայում գնահատվում է որպես ազգային արժեք եւ պառլամենտի ուշադրության կենտրոնում է Շեքսպիրին առնչվող գործունեությունը, երբեմն նաեւ իրենց երկրի սահմաններից դուրս։

Ֆրանսիայի երկպալատ պառլամենտը՝ Սենատ եւ Ազգային ժողով, ինքնատիպ համադրություն է իրականացնում պառլամենտական ակտիվ մասնակից եւ անմասնակից դիրքորոշումների մեջ։ Օրինակ, ամերիկյան արվեստի նման ազատ լինելով եւ թատրոնները հիմնականում մասնավոր հատվածին թողնելով հանդերձ, այնուամենայնիվ, դասական արվեստի դարբնոց «Գրանդ-Օպերա» թատրոնը ամբողջությամբ եւ լիարժեք ֆինանսավորվում է պետության կողմից, որն ամենեւին չի խանգարում ունենալու օպերային արվեստի սիրահար բազմաթիվ հովանավորների։ Այս խնդիրները մեծամասամբ համակարգում է Ֆրանսիայի պառլամենտը։

ԱՄՆ֊ի երկպալատ Կոնգրեսը՝ Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ, աշխարհի այլ երկրների համեմատությամբ ավելի ազատ ու անմասնակից վերաբերմունք ունի մշակույթի ոլորտի գործունեության նկատմամբ, այն գրեթե լիովին թողնելով շուկայական հարաբերությունների ընթացքին։ Արդյունքում դասական եւ ազգային համարում ունեցող արվեստները իրենց տեղը զիջում են շոու-բիզնեսին, որը հենց իր բնույթով ավելի առեւտրային ոլորտ է, քան արվեստի ոլորտ։ Դա է, թերևս, պատճառը, որ ամերիկյան մշակույթը դասական արվեստի համարում չունի աշխարհում, թեպետեւ ունի, օրինակ, «Մետրոպոլիտեն թատրոնի» նման բարձրակարգ դասական բեմ։

Էստոնիայի Ռիյգիկոգու միապալատ պառլամենտը շրջանառության մեջ է դրել որոշում, ըստ որի՝ հատկապես ծխախոտի եւ ալկոհոլի վաճառքի շրջանառությունից որոշակի տոկոս ուղղակիորեն հատկացվում է միայն մշակույթի ոլորտի խնդիրների լուծմանը։ Այդ գումարները չեն կարող ծառայել այլ նպատակների։

Տարբեր երկրներում տարբեր միջոցներ, որոշումներ եւ միջոցառումներ են ձեռնարկվում մշակութային ոլորտը ինքնահոս իրավիճակից դուրս բերելու համար, մանավանդ՝ ֆինանսական ճգնաժամային իրավիճակներում, որի ընթացքում, որպես կանոն, առաջին հարվածը հասցվում է բարձրակարգ արվեստի ժանրերին: Այդուհանդերձ, բարձր արվեստը ցանկացած երկրի համար մնում է միջազգային ամենաներկայանալի այցեքարտը:

Բացահայտ է, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հատուկ հոգածության կենտրոնում պետք է պահի հայկական մշակութային ոլորտը՝ որպես մշակութային երկրի համարում ունեցող պետություն, որը վերարժեւորվելու խիստ կարիք ունի եւ մեր տնտեսական սահմանափակ շուկան ամենեւին պարարտ միջավայր չէ ազատ գործունեություն ծավալելու համար։ Անհրաժեշտ է ոչ միայն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մշակույթին հատկացված մինչեւ վերջին լուման հաշվված միջոցների նպատակային օգտագործումը, այլեւ հատուկ ծրագրված միջոցների ներդրումը, միջոցառումների մասնակցության կազմակերպումը, նույնիսկ այդ գործը համակարգելու համար հատուկ անձի նշանակումը եւ պատգամավորների անձնապես մասնակցությունը միջոցառումներին, որը  հեղինակություն է հաղորդում ոչ միայն երեկոյին, այլեւ երկրին։ Պարտադիր չէ երեկոյին մասնակցել հատուկ միջոցներով, բավարար է միայն պարտադիր կարգով գնել տոմսերի որոշ քանակ եւ ֆիզիկապես մասնակցել միջոցառմանը։

Նման, առայժմ եզակի, բայց քայլն արված է. օրերս կառավարության հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ գործընկերներին նվիրել է տարվա լավագույն ներկայացումներից մեկի՝ Մայր թատրոնի «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրության տոմսեր, ընդ որում՝ դրանք գնվել են նրա անձնական միջոցներով: Ավելին, դեկտեմբերի 31-ին նախարարը քաղաքացիներին հրավիրեց Ազգային օպերային թատրոն՝ դասական երաժշտության երեկոյի: Հայտնեց նաեւ, որ հունվարի 1-ից աշխատելու են մշակութային բոլոր օջախները, նախատեսված են ներկայացումներ եւ փոքրերի, եւ մեծահասակների համար:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031