Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առավոտի» դեմ դատական գործընթացները կշարունակվեն նաեւ 2020-ին

Դեկտեմբեր 30,2019 13:00
lurer

«Առավոտի» դեմ դատերից անմասն չմնացինք եւ այս տարի:

Փորձեմ մի քանի դիտարկումներ կատարել «մինչդատական» գործընթացների վերաբերյալ: Դատարան դիմածներից շատերը ցանկանում էին մեր լրատվամիջոցին մաս դարձնել միայն այն բանի համար, որ այլ լրատվամիջոցների հետ հրավիրվել է իքս-ասուլիսի, եւ լուսաբանել այն: Դատարան դիմածներից մի մասը, հղում կատարելով ԶԼՄ գործող օրենքին, լավ չեն պատկերացնում իրենց անելիքները. նրանք երբեք «չօգտվեցին» իրենց նույն այդ օրենքով ընձեռած հնարավորությունից, հանդես գալ պատասխան խոսքով:

Օրենքն ասում է՝ իրավունք ունի «հերքում եւ պատասխան»,  տեղտեղ էլ «հերքում կամ պատասխան» պահանջելու: Մինչդեռ, առերեւույթ հայցվորը չստանալով լրատվամիջոցի մերժումը՝ պատասխան խոսքի իրավունքից օգտվելու մասին, դիմում էր դատարան:Ըստ օրենքի. «Հերքման պահանջի հետ ներկայացվող պատասխանի հրապարակման պահանջը կարող է մերժվել, եթե այդ պատասխանը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է պատասխանի հրապարակումը զուգակցել կամ չզուգակցել հերքումով: Հերքման պահանջը բավարարված է համարվում պատասխանի հրապարակումով»:

Դատարան դիմածներից շատերը «հերքման տեքստ» գրել, ըստ էության, չգիտեին եւ այն «գցում են» լրատվամիջոցի վրա, ամբողջ գործընթացի ժամանակ չասելով, թե վերջապես հոդվածի ո՞ր պարբերությունը, ո՞ր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է՝  հերքման արժանի: Բացի դատական գործընթացներից, «Առավոտը» զուգահեռ, պարբերաբար, գտնվել է նախաքննություն իրականացնող մարմինների, հետաքննիչների, իրավապահների «հայացքի» ներքո, նրանցից հիմնականում ստացվել են հարցումներ՝ լրացուցիչ ապացույցներ տրամադրելու կամ աղբյուրը բացահայտելու հետ կապված:

Ինչու է լրատվամիջոցը խուսափում ներկայացուցիչ ունենալ դատարաններում, կամ՝  չգնալ դատարաններ. պատճառը մեկն է՝ ձգձգվող դատական նիստերը: Միայն մի օրինակ բերեմ: Այս տարի վերջապես ավարտվեց մեր դեմ մի դատ, որը դատարան էր ներկայացվել 2016թ. հուլիսի 16-ին: Ու սա ընդհանուր իրավասության դատարանում, քանի որ գործը գալիք տարվան կլսվի վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության գործով անդրանիկ նախնական նիստը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 21-ին: «Առավոտի» նամակագիր, նախկինում նույն բուհի դասախոս Նորիկ Սարգսյանի,  «Առավոտի» եւ «Հրապարակի» դեմ հայցապահանջով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին դիմել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, դասախոսներ Պարույր Քալանթարյանը, Լյուբա Մեհրաբյանն ու պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Դատարանում վիճարկվում էր 2016թ. հունիսի 15-ին «Առավոտ» օրաթերթում տպագրված դասախոսի՝ Նորիկ Սարգսյանի՝ «Որտեղ է թաղված շան գլուխը» վերնագրով բաց նամակը: Հայցվորները բաց նամակի մեջ վիրավորական եւ զրպարտչական էին համարել Ն. Սարգսյանի մի շարք արտահայտություններ: Երեք հայցվորները միայն այս տարի, այն էլ երբ պրոռեկտոր կամ ռեկտոր չէին այլեւս, հրաժարվեցին հայցապահանջից: Դատավոր Էդիկ Ավետիսյանը սեպտեմբերի 25-ին հրապարակեց վճիռը, որով բավարարել է դասախոս Լյուբա Մեհրաբյանի հայցապահանջը: «Առավոտի» ներկայացուցիչն է լրագրող Ռուզան Մինասյանը:

Լրատվամիջոցը 2017թ.-ից «ստացավ» 2017թ. հուլիսի 31-ին «aravot.am» կայքում հրապարակվածի՝ բնապահպան Արթուր Գրիգորյանի «Հաղորդում հանցագործության մասին»-ի համար հայցը, որն ընդհանուր առմամբ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի դեմ էր: Վահե Հակոբյանի ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Շադյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարան՝ ընդդեմ Ա.Գրիգորյանի, «Առավոտ» օրաթերթի, «Անկախ լրագրողներ», «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունների, պատվին, արժանապատվությանը հասցված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցնելու պահանջների մասին:Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա ապրիլի 18-ին վճռով մերժել է հայցվորի պահանջը: Օգոստոսի 29-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանն էլ մերժել է բողոքը, եւ Վահե Հակոբյանի ներկայացուցիչը դիմել է Վճռաբեկ դատարան:

«Առավոտի» մասով հրաժարվել են հայցապահանջից:

2018թ.-ից այս տարի մեզ էր փոխանցվել ՀՀ ԿԳՆ «Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի հայցը: Հատուկ դպրոցը 2018 թվականի նոյեմբերի 8-ին հայց էր ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Գայանե Ավետիսյանի, Սիրվարդ Ռուստամյանի, Թամարա Գեւորգյանի, Անահիտ Բախշյանի, Անահիտ Հովհաննիսյանի` պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Հատուկ դպրոցի հայցն  ընդդեմ Անահիտ Բախշյանի` 28.05.2018թ. aravot.am կայքում տպագրված հոդվածում աշխատանքից ապօրինի ազատված եւ խախտված իրավունքները դատական կարգով վերականգնած դպրոցի ՄԿԱ գծով նախկին փոխտնօրեն Թամարա Գեւորգյանի մասին կատարված հրապարակումների համար ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջը նույնպես մերժել` օրենքով սահմանված մեկամսյա վաղեմության ժամկետի բացթողնման հիմքով: Դատարանը՝ դատավոր Զ.Դանիելյան,  մերժել է հատուկ դպրոցի պահանջը 2019թ. դեկտեմբերի 10-ին:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Գրիգորյանն «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ է ուղարկել Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ եւ Արտակ Յայլոյանների հայցը:

Հոկտեմբերի 17 –ինհայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանը որոշում  է կայացրել: Փայլակ եւ Արտակ Յայլոյանների ներկայացուցիչ Իրինա Հակոբյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Արթուր Խուրշուդյանի` պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող հայտարարությունը հերքելու եւ բարոյական վնասի հատուցման պահանջի մասին։ Հայցվոր կողմը միջնորդել էր ապացույցներ պահանջելու մասին: Դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը, որոշում կայացրել՝ «Հայելի» ակումբի համակարգող Ա. Թովմասյանից, aravot.am, yerkir.am, news.am, armtimes.am կայքերի գլխավոր խմբագիրներից ու «Կենտրոն» հեռուստաընկերությունից հրապարակված տեսանյութերի չմոնտաժված տարբերակները եւ հրապարակումների աղբյուր հանդիսացող նյութերը ներկայացնել դատարան: Մեր լրատվամիջոցի՝ aravot.am-ի դեպքում պահանջվում է այս տարվա հունվարի 15-ի «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի հիման վրա այդ օրվա  հոդվածի աղբյուր հանդիսացող նյութերը: Ներկայացուցիչ  չունենք:

Լրագրող Արթուր Հովհաննիսյանի՝պատվի, արժանապատվության պաշտպանության պահանջի մասին հայցը ՀՀ առողջապահության նախարարության դեմ է, երրորդ անձ է ճանաչվել «Առավոտը»: Դատարանն այս տարվա հունվարի 15-ին որոշում էր կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու եւ գործը դատաքննության նախապատրաստելու մասին: Դատական նախապատրաստական անդրանիկ նիստը նշանակվել էր 2019թ. մայիսի 17-ին, դատավորն էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ափինյանը: Հայցվորի կարծիքով, առողջապահության նախարարությունն իր պաշտոնական տեղեկատվությամբ մեղադրել է իրեն՝ լրագրողին, կեղծիքին ապավինելու մեջ, ինչն իր հասցեին զրպարտանք է եւ վիրավորանք: Լրագրող Արթուր Հովհաննիսյանը 2018թ. դեկտեմբերի 11-ին «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում որպես լրագրող հանդես է եկել ասուլիսով՝ կապված նախորդ օրը իրեն հայտնի դարձած մի փաստի մասին՝ Շիրակի մարզի Այգաբաց գյուղի դպրոցում մարդու պապիլոմա վիրուսի դեմ գարդասիլ պատվաստանյութը տասներեքամյա աշակերտուհիներին պատվաստելու ձախողված փորձ է տեղի ունեցել, ծնողները «դպրոցից դուրս» են հրավիրել բուժաշխատողներին: Մեր լրատվամիջոցի «մեղքն» այն էր, որ դարձյալ լուսաբանել ենք ասուլիսը:

Ասյա Խաչատրյանի հայցը՝Գառնիկ Իսագուլյանի դեմ,նույնպես մերժվել է:

Ասյա Խաչատրյանի՝ Վայոց ձորի եւ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գտնվող հայցը ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական նախկին խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի դեմ էր, երրորդ անձ էին ճանաչվել «Առավոտ» օրաթերթը, araratnews.am, օperativ.am, 168.am լրատվամիջոցներն ու henaran.am լրատվական գործակալությունը: Դատարանի որոշմամբ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելու եւ պատվի ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջների մասին գործն ընդունվել էր վարույթ 2018-ի մայիսին:Այս տարվա մայիսի 10-ին դատարանը նշանակել էր վճռի հրապարակման օր, սակայն այն հետաձգել էր, եւ հրապարակվեց սեպտեմբերի 9-ին: «Կապույտ մազերով աղջիկը» հայտնել էր, որ անցյալ տարվա մարտի 28-ին ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը«Հայելի» ակումբում լրատվամիջոցների հանդիպման ընթացքում ասել է. «Ասյա Խաչատրյանը մեզ համար նորություն չէ: Ես կարծում եմ՝ անձամբ այդ հարցում ես թերացել եմ, որովհետեւ ժամանակին ասվել է, ցավոք, մենք չկարողացանք ապացուցել, չճշտված տեղեկություն է, որ Թբիլիսի հաճախ իր այցերի ժամանակ մեր, այսպես կոչված, ազատատենչ աղջիկը իր ընկերուհիների հետ մի քանի անգամ եղել է Բաքվում: Վրաստանով ավելի հեշտ է անցնել Ադրբեջան, առանց անձնագրի մեջ հստակ նշումների…»: Գ. Իսագուլյանն իր հերթին հայտնել էր,  որ առկա է եղել ԱՀ նախագահի հանձնարարականը, ուսումնասիրել, հետեւել, թե ինչ նպատակներով է աղջիկը մի քանի անգամ Վրաստանից այցելել Ադրբեջան, արդյո՞ք նա գտնվում է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում:

2020-ի  փետրվարի 17-ին նշանակված նիստ ունենք՝ անկախ լրագրող Արթուր Հովհաննիսյանի՝ պատվի, արժանապատվության պաշտպանության պահանջի մասին հայցը ՀՀ առողջապահության նախարարության դեմ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ստացանք նոր հայց՝ հայցվոր բժիշկ Էդուարդ Համբարձումյանից՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու եւ արժանապատվությանը պատճառած վնասը փոխհատուցելու պահանջների մասին:

«Առավոտ» օրաթերթ
28.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031