Թևան Պողոսյանը՝ Արցախի`բանակցային գործընթացում ներգրավվածության ընկալումների և 2020-ին սպասվող զարգացումների մասին:
«1988-ի փետրվարից սկսած, երբ արցախյան շարժումը հանրայնացվեց, երբ Ղարաբաղում պահանջ դրեցին միացման, այդ օրվանից բոլորը հասկանում էին, որ առանց Արցախի որևէ լուծում չի լինելու»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:
Մեր հիշեցմանը՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեծացել է ընկալումը նաև միջազգային հանրության, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեծացել է, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ 2019-ին Հայաստանին չի հաջողվել փոխել բանակցային ձևաչափը և հարցին՝ սա ո՞ւմ մեղավորությունն է, Թևան Պողոսյանն արձագանքեց՝ հիշեցնելով ԽՍՀՄ տարիները. «Նույնիսկ, երբ Մոսկվայում հարց էր քննարկվում ԽՍՀՄ ժամանակաշրջանում, հիշում եմ՝ մասնակցում էին Ադրբեջանի, ԼՂ ավտոնոմ մարզի և Հայաստանի ներկայացուցիչները: Այն ժամանակ էլ էին բոլորը հասկանում, որ Արցախը պետք է մասնակցի: Դրանից հետո գնաց անկախության շքերթը. Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ: 1994-ի զինադադարի տակ քանի՞ ստորագրություն էր դրված՝ երեք. Արցախը դրանցում էր: Բանակցային գործընթացը գնում էր սկզբնական փուլում երեք կողմերով: 1996-ից սկսած Ադրբեջանը սկսեց իր յուրահատուկ այլ մոտեցումը փորձելու խաբել, դրանից հետո ամեն ինչ արել է, որ Արցախին հանի բանակցություններից»:
Թևան Պողոսյանը, խոսելով մաքոքային դիվանագիտության մասին, ասաց. «Համանախագահները գալիս, այցելում էին Երևան, Ստեփանակերտ, Բաքու, ինչը նշանակում է, որ մինչ այսօր Արցախը միշտ ներգրավված է եղել»: Թևան Պողոսյանն ասաց՝ գիտակցում ենք, որ նույն այդ մաքոքային դիվանագիտության մեջ հաջողության հասնելու համար Արցախը պետք է նստած լինի բանակցային սեղանին: Նա հավաստիացրեց, որ բոլորի մոտ այդ ընկալումն է և օրինակ բերեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը. «Լավրովն ասաց՝ բոլորս հասկանում ենք, որ առանց Արցախի չեն լինելու բանակցություններ. այդ հասկացողությունը կա: Ես ավելի շատ Լավրովի խոսքերը կընկալեմ, քան Ալիևի: Ալիևն ուզում է ասել, որ նույնիսկ 2019-ից առաջ, երբ ՀՀ-ում նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Արցախը պետք է վերադարձնել բանակցային սեղանին, դեկտեմբերի 10-ից հետո գալով մեծամասնության՝ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները դեռ չեն պսակվել նրանով, որ օրինակ տեղի է ունեցել բանակցություն, որտեղ ԱՀ ներկայացուցիչները մասնակցում են: Մինչդեռ բոլորս էլ ասում էինք, որ դա կարող է երկար ժամանակի խնդիր լինել»: Հետևաբար` Թևան Պողոսյանը չի հավատում Իլհամ Ալիևին. «Ես չեմ պատրաստվում հավատալ Ալիևին, այլ հավատում եմ մեր բանակցողներին: Այսօր չկա սեղանի շուրջ որևէ փաստաթուղթ, այլ քննարկում ենք տարբեր հարցեր. անվտանգության, վստահության, գործողությունների հետ կապված: Ալիևը երջանիկ է նրանով, թե տեսեք՝ հայերը չեն կարողացել հասնել իրենց ուզածին»:
Կարդացեք նաև
Մեր այն հակադարձմանը, այնուամենայնիվ, Ադրբեջանին հաջողվել է «ադրբեջանական համայնք» արտահայտությունը դնել շրջանառության մեջ, Թևան Պողոսյանն այսպես արձագանքեց. «Ադրբեջանը խաղացնելու է այդ բոլոր երևույթները. դա նրա մոտեցումն է: Երկու հայկական կողմերը պետք է կարողանան գտնել ճանապարհ՝ ոնց անել, որ Ադրբեջանի մոտեցումները առաջ չգնան: Այդ պայքարում ամեն կողմ փորձում է օգտվել, թե ոնց իր խնդիրները տանի առաջ: ՀՀ-ն պետք է կարողանա դիմակայել և նախաձեռնող լինել իր մոտեցումներն առաջ տանելու համար: Ուրախ եմ, որ Բակո Սահակյանը կարմիր գիծ քաշեց՝ ասելով՝ անթույլատրելի է: Խնդիրն այն է, որ մեր ԱԳ նախարարությունը դեռ դիվանագիտորեն է հայտարարում, թե մենք ՀԿ-ների հայտարարությունները չենք մեկնաբանում: Ադրբեջանը փորձում է տեղեկատվական ճնշումների ենթարկել հայ հասարակությանը»:
Մեր այն հիշեցմանը՝ ՀՀ քաղաքական դաշտում որոշ ուժեր էլ են կարծում, որ ՀՀ իշխանություններին չի հաջողվել Արցախին բերել բանակցային սեղան, Թևան Պողոսյանն արձագանքեց, թե ուրախ է, որ նման դիսկուրս կա. դա նշանակում է, որ բոլորը կարող են իրենց մտահոգությունները բարձրաձայնել: Մեր հարցին՝ ի՞նչ պահանջել Ալիևից, եթե «ադրբեջանական համայնք» արտահայտությունը իշխող խմբակցության պատգամավորներից ոմանք էլ են դրել շրջանառության մեջ, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Պետք է հասկանալ, թե ոնց պետք է հիմա ռազմական հաղորդակցության իմաստով և գիտակցմամբ այդ մոտեցումները փոխարինել: Պատգամավոր է, որ այդ բառն է ասել, ուրեմն պետք հասկանալ, թե ինչ տեսակի բառապաշար պետք է լինի: Տեղեկատվական դիմադրողականություն պետք է զարգացնել, որ թույլ չտալ՝ Ադրբեջանն օգտվի և խաղացնի իր տեսակետը և երկրորդ՝ մենք պետք է դառնանք տանող»:
Հետաքրքրվեցինք՝ գուցե Արցախի մասնակցության վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձը տեղ չի՞ հասնում, Թևան Պողոսյանն ասաց. «Ամեն ինչ գալիս է գնահատման համակարգից: Եթե վերցնելու եմ՝ մի անգամ մի բան ասելու եմ և վաղը տեղի է ունենալու սկզբունքը, ուրեմն պիտի ասենք, որ դեռ տեղ չի հասել, իսկ եթե մոտեցում ենք դնում, թե մեր մոտեցումն այն է, որ առանց Արցախի չենք քննարկի հիմնահարցը, պետք լինի տասնյակ տարիներ էլ հիմնահարցը չենք քննարկի»:
Թևան Պողոսյանը, խոսելով 2020-ի կանխատեսումների և պատերազմի հավանականության մասին, հիշեց տարբեր ժամանակների ՊՆ նախարարների հայտարարությունը, թե ամեն օր էլ կա պատերազմի վտանգ և հավելեց. «Պատերազմ կարող է ամեն օր էլ լինել: Եթե մենք ձգտում ենք խաղաղության, ուրեմն պատրաստ պետք է լինենք պատերազմի: 2020-ը մեզ համար լինելու է ռազմական և տեղեկատվական դաշտի խնդրի շարունակության տարի»:
Թևան Պողոսյանը կարևորեց նաև միասնականության գաղափարը, որ ցանկացած կետում կանգնած հայ սահմանապահն իր թիկունքում զգա հզոր հայկական միասնությունը: Այնուհետև հավաստիացրեց. «Դրանով կհասնենք նրան, որ իսկապես կպարտադրենք խաղաղություն և Ադրբեջանի ցանկացած ցանկությունը ռազմական ձևով խնդրի լուծման գնալ երբևէ հաջողությամբ չի կնքվելու: Իմ պատկերացմամբ՝ մենք ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը վաղուց ունի քաղաքական որոշում խնդրին տալ ռազմական լուծում, և բանակցություններն իր համար մի շիրմա են միջազգային հանրության համար, քան իրական նպատակն է: Դա նշանակում է, որ ինքը ցանկացած րոպե, երբ զգա, որ մեզնից ուժեղ է, կարող է գնալ գործողությունների: Ցանկացած օր, րոպե, վայրկյան մենք միշտ ավելի հզոր պիտի լինենք, քան Ադրբեջանը կարող է պատկերացնել իր հաշվարկներում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.12.2019