Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավալի է, որ ՀՀ-ում որոշ քաղաքական գործիչներ ցիտում են ոչ թե Մնացականյանին, այլ Մամեդյարովին»

Դեկտեմբեր 30,2019 14:30

Ըստ Նարեկ Մինասյանի՝ ներքաղաքական շահարկումները թեւակոխել են նոր մակարդակ՝ անցնելով որոշակի կարմիր գծեր

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առիթը բաց չթողեց հայկական կողմի հասցեին հերթական մեղադրանքները հղելու: Նա հայտարարեց, որ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացքում անցնող տարում իբրեւ թե առաջընթաց չկա, եւ դրանում մեղավոր է հայկական կողմը՝ իր հակասական եւ ոչ կառուցողական հայտարարություններով: Քաղաքագետ Նարեկ Մինասյանը գտնում է, որ Ադրբեջանի նախագահի պնդումներն անհիմն են, հատկապես, երբ հաշվի ենք առնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների դեկտեմբերյան համատեղ հայտարարությունը. ըստ մեր զրուցակցի՝ համանախագահներն, այնուամենայնիվ, որոշակի արդյունքներ տեսնում են: «Թեեւ համեստ, բայց որոշակի արդյունքներ կան՝ հատկապես միջավայրի ձեւավորման ուղղությամբ: Ինչ վերաբերում է արդյունքների մասին ադրբեջանական ընկալումներին, բոլորի համար ակնհայտ է, թե ինչ է ակնկալում Ալիեւը՝ առավելապաշտական պլաններ՝ տարածքների վերադարձ, Արցախի վերադարձ: Թերեւս միայն դա Ադրբեջանի նախագահը կարող է համարել արդյունք: Մնացած զարգացումներն Ադրբեջանի համար արդյունք չեն: Հայկական կողմն էլ հստակեցրեց արդյունքները՝ սահմանին բռնության նվազում եւ հարաբերական անդորր, փոխվստահության մթնոլորտի ձեւավորման շրջանակում իրականացված քայլեր՝ լրագրողների փոխայցեր եւ այլն»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Նարեկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմի պատկերացումներն արդյունավետության մասին շատ ավելի մոտ են ԵԱՀԿ համանախագահների ընկալումներին, ինչը չես ասի Ադրբեջանի պարագայում. «Ադրբեջանի նախագահը պետք է հաշվի առնի, որ բովանդակային հարցերի շուրջ բանակցությունները տեղից չեն շարժվում նախեւառաջ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման պատճառով, որովհետեւ Ադրբեջանն առաջ է քաշում ոչ թե փոխզիջումների վրա հիմնված կարգավորման մոտեցում, այլ միակողմանի զիջումներ եւ միայն Ադրբեջանի շահերից բխող տեսլական, ինչն անընդունելի է: Մինչդեռ հայկական կողմը, որպես կառուցողական կողմ, շարունակում է պնդել, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, այլ պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Միաժամանակ, քանի որ Ադրբեջանը շարունակում է առավելապաշտությունը, հայկական կողմը որոշակի կոշտացումներ է անում, ինչը կարեւոր է»:

Ալիեւը կրկին ասել էր, թե «Ղարաբաղն Ադրբեջանի մաս» է: Նարեկ Մինասյանը նկատում է, որ այդ «թեզը» նա գործի է դրել դեռեւս իշխանության գալու ժամանակվանից. «Նման հայտարարությունները ժամանակ առ ժամանակ ուղեկցվում են նաեւ տեղեկատվական արշավով: Ադրբեջանական կողմի տեղեկատվական ճնշումներին եւ հռետորաբանությանը պետք չէ տրվել: Այդ հռետորաբանությունն առաջիկա ամիսներին աճելու է՝ հաշվի առնելով Ադրբեջանի ներքաղաքական իրադարձությունները: Կարեւոր է, որ ՀՀ-ում ամրապնդեն տեղեկատվական իմունիտետը: Հակառակորդի թեզերը չպետք է հաշտությամբ հայտնվեն հայկական տիրույթում, իսկ որոշ լրատվականներ չպետք է տարածեն Մամեդյարովի հայտարարությունները՝ առանց հավելյալ մեկնաբանությունների»:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են ներհայաստանյան որոշ քաղաքական եւ փորձագիտական շրջանակներ որպես ճշմարտություն մեջբերում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն օրինակ այն մասին, թե հայկական կողմը բանակցային սեղանին իբրեւ թե դրել է «Լավրովի պլան»-ը: Նարեկ Մինասյանն ընդգծեց. «Շատ ցավալի իրողություն կարող ենք արձանագրել, որ վերջին շրջանում արցախյան հիմնախնդրի շուրջ ներքաղաքական շահարկումները թեւակոխել են նոր մակարդակ՝ անցնելով նաեւ որոշակի կարմիր գծեր՝ թույլատրելի սահմաններ: Ցավալի է այն հանգամանքը, որ որոշ քաղաքական գործիչներ, առաջնորդվելով իրենց ներքաղաքական շահերով եւ նպատակներով, նախընտրում են ցիտել ոչ թե Զոհրաբ Մնացականյանին, այլ Մամեդյարովին, նախընտրում են հավատալ ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կողմին»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

28.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031