Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպասվում է չափազանց բարդ նոր տարի

Դեկտեմբեր 29,2019 12:00

Հետհեղափոխական առաջին տարին չափազանց բարդ ստացվեց Հայաստանում թավշյա հեղափոխություն իրականացրած «իմքայլականների» եւ նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի համար: Տարին բարդ էր նաեւ ողջ ժողովրդի համար՝ հատկապես ու առանձնապես սոցիալական տեսանկյունից: Հետհեղափոխական բարդություններին անդրադարձավ նաեւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հետհեղափոխական բարդությունների ու անախորժությունների համար մեղադրելով ու դրանց պատճառ համարելով ոչ միայն հակահեղափոխականներին, այլեւ Նոր Հայաստանի իշխանության որոշակի ներկայացուցիչներին՝ մատնանշելով նրանց որոշակի բացթողումներն ու թերացումները Նոր Հայաստանի կառուցման ու իրականացման գործում: Համաձայնելով վարչապետի հետ՝ չենք կարող չնշել, որ, մեր կարծիքով, Փաշինյանի ինքնաքննադատությունը բարերար նշանակություն կունենա նույն այդ Նոր Հայաստանի կառուցման ու իրականացման գործում: Նաեւ չենք կարող չնշել, որ պետության առաջին դեմքի կողմից այսաստիճան սուր եւ սկզբունքային ինքնաքննադատությունը նորություն էր մեր նորանկախ Հանրապետության մեջ, եւ առաջիկայում կյանքը ցույց կտա, թե այն ինչ նշանակություն կունենա մեր պետության համար: Կարծում ենք՝ միանգամայն դրական: Ամեն դեպքում՝ Փաշինյանի արածը մեզանում միանգամայն նոր քաղաքական մշակույթ է, որը, հուսով ենք, ապագայում, այլոց կողմից կընդօրինակվի եւ շարունակություն կունենա:

Ամեն դեպքում հետհեղափոխական առաջին տարին Հայաստանի Հանրապետությունում չափազանց հագեցած ու բովանդակալից ստացվեց: Այն չափազանց լարված էր, եւ չափազանց սուր էր պայքարը՝ հեղափոխականների ու հակահեղափոխականների միջեւ: Եվ չնայած հեղափոխությամբ հաղթած եւ իշխանության եկած Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչներն ամեն ինչ անում էին իշխանության ընձեռած հնարավորություններն ու միջոցները լավագույնս օգտագործելու համար, այդուհանդերձ, կարելի է ասել, մաքսիմում դիմադրության էին հանդիպում՝ հատկապես լրատվության ու մամլո ասպարեզներում, եւ դա միանգամայն հասկանալի ու բացատրելի էր. բանն այն է, որ նախկին իշխանություններն ու հատկապես Ռոբերտ Քոչարյանը բավական ներդրումներ ունեին մամլո ու լրատվության ասպարեզում, եւ հարկ է նշել, որ քոչարյանական կայքերն ու լրատվամիջոցները միանգամայն լուրջ վտանգ էին հեղափոխությամբ իշխանության եկածների ու անձամբ Փաշինյանի համար՝ հատկապես վերջինիս՝ ազատ խոսքի հանդեպ հանդուրժողականության պայմաններում, եւ չնայած հակահեղափոխականները մշտապես դժգոհում ու բողոքում էին առ այն, որ վարչապետ Փաշինյանը, լրագրող լինելով, անհանդուրժող է ազատ խոսքի հանդեպ, այդուհանդերձ, մենք բոլորս վկա ենք, որ անկախ Հայաստանում երբեւէ առաջին դեմքերն ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից այնաստիճան թիրախավորված չեն եղել, որքան Նոր Հայաստանի իշխանություններն ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էին  թիրախավորված հետհեղափոխական այս ամբողջ ժամանակամիջոցում: Էլ չենք ասում, որ այսաստիճան թիրախավորվածության պայմաններում մի բան էլ անձամբ Նիկոլ Փաշինյանն է թիրախավորում ու քննադատում իր իշխանության ներկայացուցիչներին՝ նախարարներին, փոխնախարարներին եւ Նոր Հայաստանի այլեւայլ պաշտոնյաներին:

Ըստ ամենայնի, Փաշինյանի այս հանդուրժողականությունն է հիմք հանդիսանում, որ հակահեղափոխականներն ու Փաշինյանի հակառակորդներն աջուձախ հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաշված օրեր ու ամիսներ են մնացել, եւ չնայած մենք իրենց ասածին չենք հավատում, բայց իրենք իրենց ասածին հաստատ հավատում են, եւ այս դեպքում նույնպես Նիկոլ Փաշինյանն է նրանց, փաստորեն, հիմք տալիս, որովհետեւ Փաշինյանն իր գործունեությամբ ենթադրել չի տալիս թե՝ ինքը կառչած է վարչապետի իր պաշտոնից: Ավելին. շատ դեպքերում իր գործունեությունից այնպիսի տպավորություն ենք ստանում, թե ինքը թքած ունի իր պաշտոնի վրա, եւ բացարձակապես չի վախենում այն կորցնելուց:

Բացարձակապես:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
27.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031