Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «2020-ին էական թանկացումներ չեն լինի, պետք չէ խուճապ ստեղծել»

Դեկտեմբեր 28,2019 21:21

«Այսօր չկան արտոնյալ բիզնեսներ, իսկ մենաշնորհների վերացումը դեռ երկար տարիներ կտեւի: Օրինակ՝ գազա-բենզալցակայանների ցանցերը, պահեստների ցանցերը, ներկրման մեծ հնարավորությունները, սուպերմարկետների ցանցերը, դրանք պետք է խոշոր ներդրումների շնորհիվ կառուցվածքային փոփոխության ենթարկվեն»,-այսօր այս մասին ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում  «Հայաստանի տնտեսությունը 2019-ի ձեռքբերումներ եւ սպասումներ» խորագրով փորձագիտական քննարկմանը:

Մակարյանը դրական գնահատեց պետության ներքին պարտքի՝ ԱԱՀ-ի վճարումը տնտեսվարողներին.«Ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել կառավարությանը, որովհետեւ այդ 56 միլիարդ դրամի վերադարձը կարեւոր էր:  Դա բավականին հետաքրքիր է եղել, ես խոսել եմ գործարարների հետ, որոնք ստացել են այն գումարները:  Հարկային մարմնի աշխատակիցները ազնվորեն, թափանցիկ ու օպերատիվ իրականացրել են ուսումնասիրություն, նույնիսկ հրաժարվել են ճաշելու, սրճելու, թեյելու առաջարկից: Որոշ դեպքում հաշվարկների արդյունքում թիվն ավելացրել են, նախկինում հակառակն էր: Հարյուրավոր ընկերություններ ստացան գումարները, եւ նրանց ֆինանսական վիճակը լավացվեց դրանով»:

Մակարյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ում չկա ներդրումների համար գլխավոր պատասխանատու, համակարգող, օրինակ՝ խնդիրներ են առաջանում լիցենզիաներ տրամադրելու, քաղաքաշինության, աշխատուժի եւ այլ ոլորտներում եւ ներդրումների գործընթացում խնդիրները չեն կառավարվում, չկա  դրանց  համար գլխավոր պատասխանատուն.«Բայց մեր երկրում օտարերկրյա ներդրումները կարող են խթանվել այն պատճառով, որ նրանք օգտվում են ՀՀ-ի թույլ կողմերից, նրանց համար գրավիչ են մեր թույլ կողմերը: Դրանք են՝ աշխատուժն ու անկատար օրենսդրությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տնտեսագետի կարծիքով՝ տնտեսական դիվանագիտությունը չի աշխատում, համայնքներում էլ իրավիճակը լավ չէ՝ ավագանու, մարզպետների մասնակցությունը տնտեսական զարգացմանը՝ ցածր մակարդակի վրա է: Մակարյանը գտնում է՝ էկոնոմիկայի նախարարությունում կան վարչություններ, որտեղ անհրաժեշտ է մասնագետներով համալրել, իսկ ահա կրթություն, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում դեռ պետք են կրճատումներ, օպտիմալացում:

«Շատ են խոսում, թե 2020-ին թանկացումներ են լինելու, դա իրականությանը չի համապատասխանում:  2020-ին էական թանկացումներ չեն լինի, պետք չէ խուճապ ստեղծել: ԵԱՏՄ-ի շրջանակներում ակցիզային հարկի ավելացումը եւ 3-րդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքի փոփոխությունը այնքան փոքր է եւ տոկոսային առումով այնքան չնչին է, որ մեկ ընտանիքի համար ամսական մի քանի հարյուր կամ 1000 դրամ է կազմելու: Բայց եղավ նվազագույն աշխատավարձի բարձրացում, միկրոբիզնեսի մինչեւ 24 մլն դրամ շրջանառությունը չեն հարկելու, սա շատ կարեւոր է»:

Մանրամասերը՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031