Ադրբեջանում 2020թ. փետրվարի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Կարիքների գնահատման առաքելությունը զեկույց է հրապարակել՝ փաստելով, որ Բաքուն ընտրության է գնում առանց օրենսդրական դաշտի պատշաճ բարեփոխման:
Զեկույցում, մասնավորապես, նշում է, որ չնայած բոլոր ընտրական հանձնաժողովներում անդամների մեկ երրորդը պետք է լինեն խորհրդարանական մեծամասնության, փոքրամասնության ներկայացուցիչներ և անկախ պատգամավորներ (որով պետք է երաշխավորվի ընտրական կառավարման հավասարակշռությունը և անաչառությունը), ԺՀՄԻԳ-ի բազմաթիվ զրուցակիցներ կարծիք են հայտնել, որ գործնականում դա չի աշխատում, քանի որ ինչպես փոքրամասնությունը, այնպես էլ անկախ պատգամավորները քվեարկում են իշխող կուսակցության օգտին:
Թեկնածուները կարող են առաջադրվել ինքնուրույն, ինչպես նաև կուսակցության, կուսակցությունների կոալիցիայի կամ ընտրողների մի խմբի կողմից: ԺՀՄԻԳ-ի զրուցակիցները լուրջ մտահոգություն են հայտնել թեկնածուների գրանցման գործընթացի անաչառության, մասնավորապես ստորագրությունների ստուգման ընթացակարգերի վերաբերյալ: Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ և շարժումներ հրապարակավ հայտարարել են, որ իրենք բոյկոտելու են այս ընտրությունները:
Մտահոգություններ են հնչել նաև ընտրողների ցուցակների ճշգրտության վերաբերյալ` մատնշելով, որ անհամապատասխանություններ կան 2 միլիոն քաղաքացիների՝ ԿԸՀ-ի և Պետական վիճակագրության հանձնաժողովի տվյալների միջև, ինչպես նաև չկա այդ տարբերությունը բացատրող հանրային տեղեկատվություն:
Կարդացեք նաև
Ընտրական քարոզարշավը տևելու է 23 օր: Այն իրականցվելու է քաղաքացիների հետ հանդիպումների, քարոզչական նյութեր տարածելու, ինչպես նաև սոցիալական մեդիայի և համացանցի միջոցով: ԺՀՄԻԳ-ի շատ զրուցակիցներ նշել են, որ հավաքների և խոսքի հիմնարար ազատությունները, չնայած երաշխավորված են սահմանադրությամբ, բայց խիստ սահմանափակված են իրավական հիմքերով և դրանց խիստ կիրառմամբ ՝ հաշվի առնելով պարբերական ոտնձգությունները և քրեական հետապնդումը նրանց նկատմամբ, ովքեր քննադատական կարծիք են արտահայտում կառավարության հասցեին, ասվում է զեկույցում:
Քարոզչության ֆինանսավորման օրենսդրությունը չի նախատեսում քարոզչության ուղղակի հանրային ֆինանսավորում, սահմանափակումներ է դնում մասնավոր նվիրատվությունների և ծախսերի վրա և թեկնածուներին պարտավորեցնում է զեկուցել իրենց քարոզարշավի ֆինանսավորման վերաբերյալ: Քարոզչության ֆինանսավորման վերահսկողությունը հանձնարարված է ԿԸՀ-ին: Զեկույցի հեղինակները նշում են, որ նախկինում ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի Խորհրդի բազմաթիվ առաջարկություններ, որոնք կապված են քարոզչության ֆինանսավորման հետ, ներառյալ վերահսկիչ մարմնի անկախությունը, արդյունավետ պատժամիջոցների բացակայությունը և քարոզչության ֆինանսավորման առավել պրոակտիվ մշտադիտարկումը, դեռ չեն իրականացվել:
Չնայած խոսքի և ԶԼՄ-ների ազատությունները, ինչպես նաև տեղեկատվության մատչելիության իրավունքը երաշխավորված են Սահմանադրությամբ, զրպարտությունը շարունակում է մնալ քրեական հանցագործություն, որը կիրառելի է նաև առցանց կոնտենտի համար՝ մինչև երկու տարի ժամկետով պատիժ: Հեռուստատեսությունը գերազանցապես համարվում է քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուր, մյուս կողմից շարունակում է աճել այդ նպատակով սոցիալական լրատվամիջոցների և համացանցի օգտագործումը: Ընտրական օրենսգիրքը նախատեսում է հեռուստատեսության և ռադիոյի եթերում անվճար և վճարովի եթերաժամեր, բայց միայն այն թեկնածուների համար, որոնք առաջադրվել են կուսակցությունների կողմից, կամ այն դաշինքների համար, որոնք առաջադրել են ավելի քան 60 թեկնածու: Զեկույցի հեղինակների զրուցակիցներից շատերն ասել են, որ ԶԼՄ-ների անկախության նկատմամբ վստահության պակաս կա, և մատնանշել են ԶԼՄ-ներում հավասարակշռված և արդար քաղաքական լուսաբանումների բացակայությունը: Մյուս կողմից, կարծիքներ կան, որ հանրային հեռարձակողի կողմից իր քաղաքական ծրագրերի հավասարակշռման ուղղությամբ որոշակի ջանքեր են գործադրվում:
Ընտրական հանձնաժողովների որոշումները շահագրգիռ կողմերը կարող են բողոքարկել Ընտրական բարձրագույն հանձնաժողով, այնուհետև վերաքննիչ դատարաններ և Գերագույն դատարան` որպես վերջին ատյան: ԿԸՀ որոշումները և գործողությունները կարող են բողոքարկվել Բաքվի վերաքննիչ դատարան և, հետո՝ Գերագույն դատարան: ԺՀՄԻԳ-ի զրուցակիցները մտահոգություն են հայտնել ընտրական վարչակազմի և դատարանների կողմից տրամադրված իրավական օգնության արդյունավետության վերաբերյալ, անվստահություն են հայտնել դատական համակարգի անկախության նկատմամբ և նշել, որ քաղաքական իրավունքները պաշտպանող փաստաբանների վրա աճող ճնշումը կարող է հանգեցնել ընտրական իրավունքի պաշտպանության սահմանափակումների:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ