Լրահոս
Օրվա լրահոսը

Բերաններդ փակեք, անասուններ (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Դեկտեմբեր 28,2019 12:15

Երբ վարչապետի դստեր ավտոմեքենան սլացավ աննախադեպ արագությամբ՝ ժամում 68 կիլոմետր ազատություն հաղթահարելով, աբորիգենների Հանրապետության քաղաքացիները թեթևացած շունչ քաշեցին, որովհետև հասկացել էին, որ նվազագույն աշխատավարձն այլևս 68 000 դրամ է լինելու, իսկ իրենք հայտնվել են արդարության մթնոլորտում: Ընդ որում, արդարության սանդղակն ի վեր սողացող լայն մասսաներն այլևս տառապում էին կատարյալ երջանկությամբ, որովհետև նրանց ի վերուստ ստել էին, թե աբորիգենների Հանրապետության քաղաքացուն անհրաժեշտ է ոչ ավել, ոչ պակաս՝ 68 000 հազար դրամ, ինչը ենթադրում էր աշխատավարձի նվազագույնն ու վարչապետի դստեր նվազագույն արագությունը:

Այսպիսով, մենք այլևս երջանիկ ենք ապուշ լինելու մակարդակով և ցմահ ապուշներ ենք արդարության նորաստեղծ մթնոլորտում, որտեղ ամենադժբախտ քաղաքացիները Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի բանվորներն էին: Նրանք աշխատավարձ չէին ստացել երեք ամիս շարունակ և հիմա պղնձե կոշիկներ էին ձուլում՝ իմ քայլը կատարելու նպատակ հետապնդելով: Ի լրումն այս նախաձեռնության, որոշ տգետներ փակել էին ստրատեգիական կարևորության երկաթգիծը՝ ուղիղ հարված հասցնելով պալատական պարոններին, որ ուռճացել էին երջանկության մեջ՝ մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամանոց արժանապատվություն ու աշխատավարձ ունենալու շնորհիվ: Իհարկե, վերին հետնախորշերում նաև հանդիպում էին արցունքաբեր գազ արտադրող կանայք և սրանք ամեն օր համազգային արցունքներ էին թափում՝ օրեցօր աճող իրենց ծախսերը վկայակոչելով ու թրջելով համապետական կառույցներում ամենուրեք հանդիպող տակաշորերը, որոնց տակ գաղտնալսման սարքերն էին տեղադրված:

– Տեսնո՞ւմ եք,- հրճվում էին որոշ գաղտնալսողներ՝ որոշ մարդկանց հասցեները հավիտյանս հավիտենից ջնջելով,- մեր երկրում այլևս չկան գործազուրկներ, հացի կարոտներ, որդեկորույս մայրեր, ակամա բոմժեր ու փչացած ատամներով կինարմատներ, որ ծնվել են մարդու տրամադրությունը փչացնելու համար: Եվ ամենակարևորը՝ դժբախտներ չկան, որովհետև գրչի ընդամենը մեկ հարած էր անհրաժեշտ նվազագույն աշխատավարձը 68 000 դարձնելու համար, իսկ սա երջանիկ լինելու անհրաժեշտ ու բավարար պայմանը եղավ: Մենք հո օդից չե՞նք խոսում, օր ու գիշեր հազար ու մի խոսակցություն ենք լսում, չէ՞: Ահա վկայում ենք վստահաբար. աբորիգենների Հանրապետության տարածքում ամենադժբախտ ընչազուրկն անգամ ամենաերջանիկ հարուստն է:

– Մե՞զ էլ եք գաղտնալսում,- մի կերպ զարմանում էին խոսակցական ապարատի խնդիրներ ունեցողները:

– Օրենքը ամենքիս է առնչվում, ոչ ոք չի սպրդի,- քահ-քահ մռայլվում էին լուսանցքից դուրս մնացած այլևայլ հանձնակատարներ, որ Մարդու իրավունքների գրասենյակի առաջադրանքները կատարելիս որոշ իրավունքներ կորցրել էին ճանապարհներին:

Տոնական այս օրերի ընթացքում, երբ դեռ առանձնահատուկ էր հոգվույս կիրակին (Մ.Մ.), երկրում փոթորկվում էին այլ իրադարձություններ:

– Ե՛ս եմ Նոր տարվա տոնածառը,- ինքն իրեն ճղում էր մի աննորմալ՝ Հանրապետության հրապարակում,- ու հիմա տեսեք, թե հրավառությունը որն է:

Նա արդեն բենզին էր լցրել իր վրա, բայց «Զիպպո» վառիչը, թարսի պես, փչացել էր, որովհետև ականջի մեջ հայ խոսափող կար, իսկ ռուսական հատուկ ծառայությունները ասել էին հայ խոսափողին որ ասի սույն քաղաքացուն, որ օպերացիան հետաձգվում է մինչև Աստծո արքայության գալուստը:

– Այ տեսնո՞ւմ եք, երեխաներ, թե հերոսներն ինչպես են ծնվում,- բացատրում էին ծխական դպրոցների տրանսգենդեր ուսուցչուհիները, որ արտագաղթից ետ ընկած երեխաներին բերել էին Հանրապետության հրապարակ, որպեսզի ականատեսի աչքերով ըմբոշխնեն ազգային հերոսի գործնական պարապմունքը:

Այս ընթացքում, որոշ հաստագլուխ ընդդիմադիրներ դեռ չէին հանգստացել ու հանգիստ չէին նստել իրենց տեղները, այլ ինչ-որ ճշմարտություններ էին փորփրում վերջերս այնքան էլ չհաջողված Հանրապետության հեռավոր շրջաններում:

– Սուրբ կույս Մարիամ,- հոխորտում էին նրանք՝ Մարիամի կուսությանը չհավատալով,- մենք իհարկե չենք իմանում, թե պետական այրերն ինչեր են կերել իրենց առանձնասենյակներում, բայց անզեն աչքով իսկ տեսնում ենք, չէ՞… Ահա ճարպակալել են՝ հետույքից մինչև վիզ ուղիղ գիծ դառնալով, ու հիմա մեզ տանջում է հետևյալ հարցը. նրանց հետույքներն ինչպե՞ս աճեցին հետհեղափոխական ինկվիզիցիայի այս կարճ ժամանակահատվածում: Սա դեռ ոչինչ, բայց ի՞նչ մեղք ունի շարքային քաղաքացին, որ նրանց հետույքների լուսանկարներն է տեսնում ամենօրյա իր առևտուրն անելիս՝ հսկիչ դրամարկղային կտրոնների վրա:

– Այսինքն՝ ինչպե՞ս,- տարակուսում էին ծանր կյանք քաշող երջանիկները, որ առաջին ու վերջին տիկնոջ հիմնադրամին փող փոխանցելու բարեկիրթ սպառնալիքներ էին ստացել վերջերս, բայց ոչինչ չունեին՝ երկաթե ցանցավոր մահճակալներից, «Պզիկ» ջրցան ատրճանակներից ու շատախոս կնիկներից բացի,- պարզ խոսեք, էլի՜, մենք էլ մարդ ենք, չէ՞:

– Մարդ եք, բայց անգրագետ մեռնում եք: Որովհետև հրամաններ չեք կարդում:

– Ի՞նչ հրամաններ,- զարմանում էին սեքսից առաջ նախավարժանք կատարողները:- Կանա՞նց:

– Կանայք գրելու կարիք չունեն, այ խեղճ լինեք դուք, որովհետև նրանց բանավոր հրամանները գրավորներից զորավոր են: Ահա հենց այս պատճառով, նորանկախ մեր պետության հետանկախության շրջանում պետական ապարատ են սողոսկել այնպիսի կանայք, որոնք դեռ խոսք իսկ չասած՝ արդեն իսկ սոսկալի են: Վերջերս Անգելա Մերկելը միկրոկաթված ստացավ, որովհետև նրանցից մեկին հանել էին միջազգային ասպարեզ, որպեսզի մի անգամ և մեկընդմիշտ հաստատվի մեր կշիռը այնտեղ, ուր մեզ ընդհանրապես չեն կշռում:

Սակայն, վերադառնանք հայրենիք՝ տպավորություն ստեղծելով, թե, ահա՛, մենք էլ ներգաղթեցինք մեր հոժար կամքով: Ու հիմա ապրելու ժամանակ չունենք այլևս, ու ժամանակ չունենք ո՛չ սափրվելու, ո՛չ լողանալու, ո՛չ հայհոյելու, ո՛չ էլ որևէ այլ բանի համար, որովհետև առավոտից գիշեր հրամաններ ենք լսում ու կատարում ենք դրանք վաղակատար անցյալով, քանզի, ինչպես ասացի՝ ժամանակ չունենք ընդհանրապես: Անձամբ ես, հրամաններ շատ եմ սիրում: Օրինակ՝ սա (տե՛ս ստորև):

– Սիրելի ազգ ու տակ: Ելնելով երկրում փոթորկվող պատերազմական իրավիճակից՝ հրամայում եմ: Բոլոր պետական այրերը պիտի ժամանակ գտնեն աշխատանքային թոհուբոհում ու պիտի լուսանկարեն իրենց նորօրյա հետույքները՝ պարզ ցուցադրող հայելիներ օգտագործելով, որպեսզի սույն լուսանկարները լիառատ պատկերվեն հսկիչ դրամարկղային կտրոնների վրա, որպեսզի առտնին առևտրով զբաղվող քաղաքացին դրանք ամեն օր բազմիցս տեսնելու հնարավորություն ունենա՝ ի շահ պետության, ի փառս Աստծո և ի նպաստ Գիտությունների ազգային ակադեմիայի:

– Բայց ո՞վ սա զառանցեց,- խումբ-խումբ փշաքաղվում էին կոյուղի բացող ոմն բանվորներ, որ ազնիվ առաքելությամբ էին այլասերվել, ու հիմա կարգված էին այլախոհ գյադա-գյուդա ահաբեկելու համար,- վա՜տ, շատ վա՛տ հոտ ենք առնում հասարակական ախոռներից:

– Ալո՛… Դրանց ասեք՝ ավել պակաս չխոսեն,- հաշվետու ելույթով հոխորտում էր պետության թերևս առաջին դեմքը, որ առաջինն էր դեմքը կորցրել: Ուրեմն, ժողովրդիս ասեմ, տոնածառով հարուստ այս տարվա վերջում Հարկային տեսչությունս ստացել է հինգ միլին ութ հարյուր հազար հսկիչ դրամարկղային կտրոն, որոնց վրա ամենածանրակշիռը Կրթության և Գիտության նախարարի հետույքն է՝ երեք միլիոն չորս հարյուր տասը հազար լուսանկարային տարբերակով: Սրան հաջորդում են խմբակցության ղեկավարի, որոշ նախարարների, պարզորոշ պատգամավորների, ուժային կառույցներում անուժների և այլևայլ պաշտոնյաների հետույքային լուսանկարները, որոնք ամբողջական պատկեր են կազմում՝ երկու միլիոն յոթ հարյուր հազար մնացած կտրոնների վրա: Խոր վշտով պիտի տեղեկացնեմ ժողովրդիս, որ հետույքների սելֆիները լավ չեն աշխատում, ու չնայած ռեկորդային է հսկիչ դրամարկղների կտրոնների թիվը, բյուջեում դարձյալ հետույքային է վիճակն ու փող չկա դարձյալ: Ախա՜ր, փողն ի՞նչ է, որ չլինի…

– Հիմա տեսնո՞ւմ եք, որ ոսկու հանքերը բացելու ժամանակն է,- կայտառ ստեղծագործում էին որոշ մտավորականներ, որ սպիտակ կոստյումներով էին մասնակցել Պատերազմին ու կախաղանների պարաններից հանված թելերով էին կապում իրենց կոշիկները՝ վերոնշյալ թելերն իբրև քուղ, էջանշան և ջութակի լար օգտագործելով:

– Ճիշտ է,- ասվածին թիկունք էին կանգնում տարբեր ոսկերիչներ, որ արծաթաջրել էին Ազգային ժողովի բազրիքներն ու զուգարանակոնքերը դեռ նախորդ իշխանությունների օրոք,- մեզանում մինչև իսկ բանտեր չկան, որովհետև բանտախցեր են դարձրել մայրաքաղաքի լավագույն օֆիսները՝ ճաղավանդակների փոխարեն մարդակայուն ապակիներ տեղադրելով, ու հիմա ոչ մի բանտարկյալ չի կարողանում ապացուցել իր՝ ազատազրկված լինելու փաստը, ճիշտ՝ այնպես, ինչպես և ազատության մեջ գտնվող ոչ մի քաղաքացի չի կարողանում ապացուցել այն ճշմարտությունը, որ ինքն ու իր սերունդը բռնադատված են այն երկրում, որ «Հայրենիք» բառով են պիտակավորում սովորաբար:

Մինչ խմորվում էին այս գործընթացները՝ գունավոր մետաղներով հարստացված հացեր դառնալով, աբորիգենների Հանրապետության հպարտ քաղաքացին կքանստում էր երթուղային տաքսիներում:

– Տեսնո՞ւմ եք,- տխրում էին վարչապետն ու վարչապետը՝ ևս մի անգամ:

– Ի՞նչը,- զարմանում էին երեխաները, որ մանկական միամտությամբ ճողոպրել էին պալատական կյանքից՝ հայրիկին համոզելով: Ու հիմա նրանք շրջում էին սեփական ավտոմեքենայով, որ 68 կիլոմետր ժամ ռեկորդային արագությունն էր զարգացրել վերջերս՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելուց րոպեներ առաջ:

– Ահավասիկ,- պատասխանում էր հայրը՝ հմուտ ղեկավարելով ու հմտորեն հետապնդելով թիվ 74 երթուղայինը, որ մի կերպ սողում էր փողոցն ի վեր: Սա արված էր շահ Աբասի օրինակով և այն պարզ մտադրությամբ, որ երկրի առաջին դեմքը ժամանակ առ ժամանակ մաշված շորեր պիտի հագնի՝ թիկնապահներից ճողոպրելով, ու զրահապատ իր ավտոմեքենայով պիտի մտնի ժողովրդի մեջ, որպեսզի իմանա ֆուխարայի հալից (Ե.Չ.):- Տեսնո՞ւմ եք, երեխաներ,- բացատրում էր հայրը՝ թիվ 74 երթուղայինը հետապնդելով,- ահավասիկ՝ հարգարժան մարդ, երեք որդիների հայր, պատահական գործերով վերմիշել վաստակող ավարա-սավարա: Բայց հիմա որտե՞ ղ է նա, ո՞վ կասի:

– Երթուղային տաքսու հա՛-տա՛-կի՜ն,- միաձայն ու համերաշխ վանկարկում էին երեխաները:

– Իսկ հիմա ուշադրություն դարձրեք, երեխաներ, թե նա ինչով է զբաղված:

– Իսկ ինչո՞վ է զբաղված, հայրիկ,- տարակուսում էին երեխաները:

– Ինչպե՞ս թե… Չի՞ երևում: Այս խայտառակությունը մինչև իսկ Եվրամիության դիտորդներն են տեսնում իրենց տիեզերական հեռադիտակներով: Այդ մարդը խուլիգան է: Ահա պպզել ու խանգարում է երթուղային տաքսու խցիկում միմյանց ռադիկուլիտը մերսող մարդկանց:

– Փորացավ ունի, պարոն վարչապետ,- «Ալինկա» ռադիոկապով բացատրում էին զինված ուժերի ներկայացուցիչները, որ նույնպես ճողոպրել էին, բայց՝ զինված էին ճողոպրել Ուժերից:

– Ի՞նչ փորացավ, ի՜նչ բան,- մտքում մերկանում էին որոշ դախ պառավներ,- ձևեր էր թափում, որ տեղ տանք:

– Ախր ի՞նչ եք ամբախ-զամբախ դուրս տալիս, բա եղա՞վ: Խեղճ մարդը ցավից գլորվել, ընկել էր նստարանի տակ, իսկ սրտացավ մեկը չկար, որ գոնե ձևի համար հետույքը մի չորս սանտիմետր կտրեր նստատեղից: Էլ չասեմ, թե վարորդը ոնց էր շոռում ամոթից գետինը մտնող օրիորդին՝ ուղղանկյուն հայելին բոցավառ ծայրերով սեռական նետեր հղելու միջոց դարձնելով, իսկ քթի մազերը խուրձ-խուրձ կախվել էին հազիվ պտտվող ղեկին: Գուլպաներն էլ կոշիկներից այնպես էին բուրում, որ որոշ դժբախտ քաղաքացիներ տեղում բորբոսնել էին:

– Բերաններդ փակե՛ք, անասուններ,- գոռում էր ոմն մեկը՝ հետին նստատեղից,- սա մեր հայրենիքն է ու՝ վերջ:

Վերջին այս միտքը, անկեղծ ասած, բացահայտում եղավ: Հավատս չի գալիս, բայց կուզենայի այնուամենայնիվ հարցնել. «Հիմա, ուրեմն, մեր հայրենիքը սա՞ է»:

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031