«Հայկական ժամանակի» հարցերին պատասխանում է կոմպոզիտոր, ռեժիսոր, հայազգի ռուսաստանաբնակ արվեստագետ Ստաս Նամինը:
– Պարոն Նամին, Ձեր անունը նշված էր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու կոչով հայտարարության տակ: Բժիշկ, Ձեր ընկեր Վահան Վարդապետյանի միջոցով դուք փոխանցել էիք, որ շոկի մեջ եք, որեւէ նամակի տակ չեք ստորագրել: Այդ դեպքում ինչպե՞ս է Ձեր անունը հայտնվել ստորագրությունների ցանկում: Պահանջելո՞ւ եք հեռացնել:
– Կարծում եմ, դա պատահական թյուրիմացություն է, քանի որ երբ ինձ ուղարկեցին նամակի տեքստը, ես դրա հետ չհամաձայնեցի ու չստորագրեցի այն: Սովորաբար չեմ ստորագրում նման կոլեկտիվ նամակներ, առավել եւս՝ այս իրավիճակում, քանի որ Մոսկվայում եմ ապրում ու Հայաստանում տիրող իրավիճակին ու հարցի էությանը այնքան էլ լավ չեմ տիրապետում: Կարող եմ միայն ասել, որ յուրաքանչյուր անձ, անկախ իր պաշտոնից՝ նախագահ է, թե ոչ, հայտնի դեմք է, թե շարքային քաղաքացի, բոլորը հավասարապես պետք է հետեւեն օրենքին ու պատասխանատու լինեն օրենքի առջեւ: Դա ցանկացած քաղաքակիրթ ժողովրդավար երկրի սկզբունքն է, ինչպիսին այսօր հավակնում է դառնալ Հայաստանը: Ինձ համար միշտ տարօրինակ ու անհասկանալի էր, որ պատգամավորներն ու որոշ այլ պետական ու ընտրովի պաշտոնյաները օրենքի առջեւ անձեռնմխելիություն ունեն: Կարծում եմ, հենց այդ մարդիկ մյուսներից առավել պետք է հետեւեն օրենքին ու պատասխանատվություն կրեն դրա առջեւ, քանի որ իշխանությունը նրանց ձեռքերում է, եւ հաճախ դա դրդում է խախտումների:
Դա վերաբերում է նաեւ նախկին նախագահ Քոչարյանին: Բայց շատ կարեւոր է, որ չլինի պարզունակ անձնական հաշվեհարդար. պետք է լինի ազնիվ ու արդար օրինական դատավարություն:
Կարդացեք նաև
– 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Դուք Նիկոլ Փաշինյանին խորհուրդ էիք տվել զգույշ լինել, գիտակցել ռիսկի գործոնը, որովհետեւ այն մարդիկ, որոնցից վերցվում է ժողովրդից խլվածը՝ կարող են չհարմարվել կատարվածի հետ: Ձեր կարծիքով, իրականացե՞լ է Ձեր այս կանխատեսումը:
– Տարօրինակ հարց է: Կարծում եմ, պատասխանն ակնհայտ է, բայց վտանգն, ըստ իս, չի վերացել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում