Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականությանը չեն համապատասխանում Վրաստանից կամ Ադրբեջանից առաջ անցնելը որպես «պատմական» կամ «սիմվոլիկ» ներկայացնելը. «Ազգ»

Դեկտեմբեր 28,2019 11:45
vark

Հայաստանը, համաձայն ԱՄՀ վերջինՙ 2018 թ.-ի տվյալների, զբաղեցնում է 114-րդ տեղը 190 երկրների մեջ մեկ շնչին ընկնող 4188 դոլար ցուցանիշով: Վերջերս Ազգային Ժողովում բյուջե 2020-ի քննարկման եզրափակիչ ելույթում այս ցուցանիշին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես հետեւյալն ասաց. «Ես ուզում եմ մի ցուցանիշ բերեմ, որը շատ սիմվոլիկ եւ գուցե պատմական նշանակություն ունի: 2019 թ.-ին Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ անցնել մեր հարեւան, մեր բարեկամ, մեր սիրելի Վրաստանից: …Բայց կարեւոր է արձանագրել, որ մենք, հիմա արդեն 2019 թ.-ի արդյունքներով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով առաջ ենք անցնում Վրաստանից: Բայց առավել կարեւոր է 2020 թ.-ի արդյունքներով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից: Այս սանդղակում Հայաստանի Հանրապետությունը միշտ եղել է, եթե ոչ միշտՙ առնվազն վերջին 10-ամյակներում եղել է վերջինը: Այս սանդղակում 2020 թ.-ին Հայաստանի Հանրապետությունը լինելու է առաջինը»: Ի՞նչ կարելի է ասել այս մասին:

Առաջին հերթին պետք է շեշտենք, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու կողմից ականատես եղանք ապատեղեկատվության եւ իրականության խեղաթյուրման հերթական դրսեւորմանը:

Մասնավորապես, մեկ շնչին ընկնող ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) ցուցանիշը անհնար է պարզել առանց տնտեսության տարեկան ցուցանիշների: Մինչդեռ, 2019 թ.-ը դեռ չի ավարտվել եւ ասել մեր ցուցանիշն արդեն «առաջ է անցել» կամ «առաջ ենք անցնում» հիմնվելով 10 ամիսների ցուցանիշների վրա, չի կարելի: Եթե դա հնարավոր լիներ, ապա նույն հաջողությամբ կարելի է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ամսական ցուցանիշներ հրապարակել, որը բնականաբար, չի արվում:

Ինչ վերաբերում է «2020 թ.ին Հայաստանի Հանրապետությունը լինելու է առաջինը» եւ առաջ է անցնելու Վրաստանից եւ Ադրբեջանից, ապա ներկա պահին դա բացառապես բարի ցանկություն է: Դա ներկայացնել որպես նվաճում, անթույլատրելի է: Ճիշտ այնպես, ինչպես անթույլատրելի էին մինչ իշխանության գլուխ անցնելը երկրի թռիչքային տնտեսական աճի, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման, պետական բյուջեի եկամուտները մեկ երրորդով ավելացնելու եւ բազմաթիվ այլՙ չիրականացրած խոստումները:

Իրականությանը չեն համապատասխանում նաեւ Վրաստանից կամ Ադրբեջանից առաջ անցնելը որպես «պատմական» կամ «սիմվոլիկ» ներկայացնելը, ինչպես նաեւ այն, որ մենք այս սանդղակում «միշտ» կամ «վերջին տասնամյակներում» վերջինն ենք եղել: Այժմ այս մասին մասին ավելի մանրամասն:

2000-ականներին առաջ ենք եղել ե՛ւ Վրաստանից, ե՛ւ Ադրբեջանից

Ներկայացնենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշները Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում սկսած 1994 թ.-իցՙ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ).

 

–              Վրաստան         Ադրբեջան        Հայաստան

1994 թ. 168 դոլար          197 դոլար          197 դոլար

1995 թ. 402 դոլար          316 դոլար          400 դոլար

1996 թ. 670 դոլար          411 դոլար          504 դոլար

1997 թ. 796 դոլար          508 դոլար          522 դոլար

1998 թ. 841 դոլար          543 դոլար          608 դոլար

1999 թ. 668 դոլար          576 դոլար          597 դոլար

2000 թ. 743 դոլար          656 դոլար          621 դոլար

2001 թ. 797 դոլար          675 դոլար          692 դոլար

2002 թ. 851 դոլար          761 դոլար          779 դոլար

2003 թ. 1006 դոլար        880 դոլար          923 դոլար

2004 թ. 1302 դոլար        1040 դոլար        1180 դոլար

2005 թ. 1637 դոլար        1571 դոլար        1628 դոլար

2006 թ. 1992 դոլար        2458 դոլար        2128 դոլար

2007 թ. 2627 դոլար        3818 դոլար        3079 դոլար

2008 թ. 3325 դոլար        5579 դոլար        3913 դոլար

2009 թ. 2812 դոլար        4964 դոլար        2912 դոլար

2010 թ. 3063 դոլար        5881 դոլար        3122 դոլար

2011 թ. 3825 դոլար        7243 դոլար        3417 դոլար

2012 թ. 4238 դոլար        7546 դոլար        3576 դոլար

2013 թ. 4341 դոլար        7926 դոլար        3732 դոլար

2014 թ. 4442 դոլար        7939 դոլար        3889 դոլար

2015 թ. 3760 դոլար        5300 դոլար        3529 դոլար

2016 թ. 3856 դոլար        3898 դոլար        3524 դոլար

2017 թ. 4047 դոլար        4212 դոլար        3869 դոլար

2018 թ. 4346 դոլար        4722 դոլար        4188 դոլար

Ինչպես տեսնում ենք վերոնշյալ աղյուսակից, մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2005 թ.-ին գրեթե հավասարվել ենք Վրաստանի հետ, իսկ դրանից հետո հինգ տարի անընդմեջ 2006-2010 թվականներին առաջ ենք եղել: Հիշեցնենք, որ դա Ռոբերտ Քոչարյանի կառավարմանՙ 2000-ականների բուռն տնտեսական աճի տարիներն էին: Այդ տարիներին մենք ավելի բարեկեցիկ էինք ապրում, քան հարեւան Վրաստանը, որտեղ նույնպես լուրջ բարեփոխումներ էին կատարվում եւ տնտեսական լավ ցուցանիշներ արձանագրվում: Այսինքն, չնայած շարունակվող շրջափակման, բանակի եւ սպառազինությունների համար ահռելի ծախսերի, աղետի գոտու հատկացվող մեծ գումարների, Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով առաջ էր անցել դեպի ծով ելք եւ տարանցիկ հնարավորություններ ունեցող, սպառազինության վրա մեծ ծախսեր չանող եւ արեւմուտքից մոտ 4 մլրդ դոլար աջակցություն եւ վարկեր ստացած Վրաստանից:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա երկար ժամանակ բարեկեցության ցուցանիշով առաջ ենք եղել նաեւ այդ երկրից: Ըստ վերոնշյալ աղյուսակի, 1995-2005 թվականներին (բացառությամբ 2000 թ.-ը) մենք առաջ ենք եղել Ադրբեջանից եւ ավելի լավ ապրել, քան Ադրբեջանի բնակչությունը: Հետագայումՙ մինչեւ 2008 թ.-ը ներառյալ, Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն շարունակել է աճել: Սակայն 2009 թ.-ինՙ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով ունեցանք ինչպես տնտեսական, այնպես էլ բարեկեցության մակարդակի անկում:

Սկսած 2006 թ.ից Ադրբեջանի բարձր տնտեսական եւ համապատասխանաբար մեկ շնչին ընկնող ՀՆԱի աճը առաջանցիկ աճը, գաղտնիք չէ, որ պայմանավորված է նավթարդյունաբերության ծավալների կտրուկ աճով եւ նավթի միջազգային բարձր գներով: Այն բանից հետո, երբ 2014 թ.-ին վերջին նավթի գները մոտ երեք անգամ նվազեցին, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2015 թ.-ից նույնպես կտրուկ նվազեց: 2017-2018 թվականներին նավթի գների որոշակի աճն ու կայունացումը բարելավեցին այս ցուցանիշը Ադրբեջանում:

Թերեւս այսքանը բավական է փաստելու համար որ կառավարության հերթական անգամ անտեսում է մեր երկրի հաջողությունները անցած տարիներին եւ խեղաթյուրելով իրականությունը, փորձում որպես հաջողություն ներկայացնել ապագայում ակնկալվող եւ այս պահին գոյություն չունեցող արդյունքները:

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031