Եթե կուզեք` վերջին տասը տարիների համեմատությամբ ավելի քաոսային դրություն, քան այսօր, չի եղել: Սրանից առաջ ավելի վատ էր, բայց հասկանալի վատ էր. սոցիալական անարդարություններ իհարկե կային, այն էլՙ խայտառակ, սոցիումը վտանգող աստիճանի, հիմա էլ ըստ էության նույնն է: Սոցիալապես անապահովների թոշակի կամ նպաստի հավելումները՛ ինչպես նախորդում, չնչին են, մուրացկանին նետած մանրադրամի կարգի: Դե կրկնակի հո չի լինելու, սոցիալական մնացած շերտերը վերնախավից պիտի տարբերվեն, չէ՞, ու դա պիտի զգալիորեն նկատելի լինի, այնպես որ, օրինակՙ Լեզվի ինստիտուտի գիտությունների թեկնածու մասնագետի աշխատավարձը գիտական կոչման համար տրվելիք գումարի հետ միասին կազմի մոտ 70000 դրամ, միայնակ թոշակառու ծերունիների մի մասը փողոցներում շարունակի փող մուրալ, քանի պարզ է, այդ ողորմելի գումարով ապրել չի լինում:
Կյանքի տարբեր ոլորտներում փոփոխություններ միշտ էլ եղել են, կյանքը կանգ հո՞ չի առնում, մի տեղ մի բան սարքվում, մի նոր բան է բացվում, մի ուրիշ տեղ քանդվում: Արտագաղթը ինչպես առաջ կար ու հիմա էլ նույնն է, դժգոհներ ու գոհեր կային ու էլի կան, նայած, թե ում նավը որ կողմն է թեքվում ու ինչ է բեռնում: Սոցիալ մակարդակներում մարդկանց կյանքը էականորեն բարելավող փոփոխություններ առայժմ չկան:
Ի՞նչ է փոխվել հանրային կյանքում, ասենքՙ մայրաքաղաքում. աղբահանության հա՞րցը, բարեբախտաբար սա տեղից շարժվեց, բայց բազմաթիվ խնդիրներ դեռ չլուծված են: Բակերն են կարգավորվե՞լ, վերելակային հարցե՞րն են լուծվել. մեր բակում ու վերելակում ամեն բան նույնն է: Քաղաքի կենտրոնի մի քանի սրճարան քանդեցին, տեղը տեսնես քանի՞ ծառ տնկվեց: Քաղաքային տրանսպորտըՙ նույն ողորմելի վիճակում, համակարգային փոփոխությունների դեռ երկար պիտի սպասենք: Մաշված այնպիսի երկաթուղայիններ կան, որ զարմանում ես, թե դրանց երթուղի դուրս գալը ինչպե՞ս է արտոնվում, օրինակ 46 համարի երթուղայինը. ոտքերիդ տակ փողոցի ասֆալտը երեւում է, դռնից էլ կմախքն է մնացել, բենզինահոտը խեղդում է: Ակնկալվող հիմնարար փոփոխություններ չեղան: Մոռացության տրվեց արժեքների հեղափոխությունը, ու հուսադրող կարեւոր բոլոր խոստումները մնացին ետեւում:
Ամեն օրվա հետ մի նոր թեմա է շրջանառության մեջ նետվում, լրահոսը լցված է իբր նոր բացահայտումներով, այս կամ այն անձի շուրջը ստեղծված նոր պատմությամբ, նոր սկանդալով. զբաղմունք են դարձրել, հոգնեցնող արդեն, որ այլեւս չունի նախկին ազդեցությունը, թալանած, չթալանածն անգամ հետաքրքրական չէ. անցյալ է: Հանրային էյֆորիկ տրամադրությունները վաղուց մարել են: Եթե կուզեքՙ հեղափոխության շունչը բառի մեջ է մնացել, խոսքի մակարդակում, սիրո, համաձայնություն – համերաշխության կարգախոսըՙ նույնպես: Փողոցի երգն ու պարը, կերուխումն այդ օրերի, մի քիչ էլ երկարեց, ու հետո՞, հետո հանգավ: Նախորդ վարչախմբերի կողմից բարոյազրկության մատնված հանրությունը (նրա հիմնական մասը, վկաՙ գրեթե համատարած 10000-անոցների ընտրազանգվածը) հիմա բարիկադավորվել է հակադիր գունային անջրպետով: Սեւ ու սպիտակ ենք (այսպիսի քաոս ստեղծելու համա՞ր էր սա), իսկ սիրո քարոզը, որ հեղափոխական էյֆորիկ մթնոլորտի մեջ երանության իլյուզիա էր ստեղծում, մնաց դրա ետնախորշերում. Սիրո քարոզը մարդը վաղուց է թողել նույն տեղում, այնտեղՙ զոհաբերումի Խաչափայտին: Հազարամյակների մտքի իր հսկայական առաջընթացին հակառակ, այս մակարդակում նա մնաց նույնը, ներքին նույն էության մեջ:
Կարդացեք նաև
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում