Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ագուլիսից Ստեփանակերտ՝ խաղաղ զարգացման իրավունքը

Դեկտեմբեր 28,2019 00:07

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցի առիթով քաղաքական խիստ այժմեական հնչեղություն ունի։ Սկզբից հիշելը, որ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, ի պատասխան այս ջարդերին, դիմել էր միջազգային հանրությանը և, մասնավորապես՝ Անտանտի երկրներին՝ իր տարածքում իրականացվող բռնությունները կանխարգելելու և տարածաշրջանի հայերի անվտանգությունն ապահովելու կոչով նախանշում է, որ Երեւանը հիմնահարցի միջազգայնացման նոր քայլեր առնելու որոշում է կայացրել։ Ընդգծելով Ագուլիսի կրկնությունը՝ պաշտոնական Երեւանը հաստատում է, որ ցեղային զտման քաղաքականությունը շարունակվել է Նախիջեւանի հայաթափման տեսքով, մշակութային ջարդարար գործողություններով։

Միջազգային ընտանիքի ուշադրությանն է հանձնվում, որ այս քաղաքականության արդյունքում ոչնչացվել է մի ամբողջ մշակութային ժառանգություն, ընդ որում համաքրիստոնեական արժեք ներկայացնող հուշակոթողներ։

Պաշտոնական Երեւանի ինքնահանձնարարականը հստակ է՝  Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու և ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում: Այս բանաձեւը երկու կարեւորագույն ուղերձ է պարփակում։ Նախ` այն, որ Նախիջեւանը պաշտոնապես նկատվում է հայ ժողովրդի պատմական հայրենիքը եւ շեշտվում է  հայ ժողովրդի ապրելու, արարելու եւ զարգանալու իրավունքը, որի պաշտպանության համար պետությունը վճռական է տրամադրված։

Երկրորդ, երբ ասվում է այդ թվում՝ Արցախին, բանաձեւվում է նաեւ Արցախի պատմական հայրենիք լինելն ու արցախահայության անվտանգության երաշխավորությունն ստանձնելը։ Նախիջեւանի զուգահեռը Արցախի հետ պարզապես այդ տարածքի հայապատկանելիության փոխանցումն է միջազգային  ընտանիքին․ առավել եւս Երեւանի կողմից վճռականորեն պատմական հայրենիքի հատվածում հայ ժողովրդի զարգացման իրավունքի վերաիրացման առաջադրանքի պաշտոնականացումը։

Համարյա նույն օրերին այս անգամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը արծարծել է հայկական ուժերի դիրքերի բարելավված լինելու փաստը։ Չնայած Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ փորձում է ամրացնել Նախիջեւանում համազորային բանակն ու դիրքերը, սակայն Հայաստանի զինված ուժերը դա թույլ չեն տալիս եւ 2019 թվականի ընթացքում եղել է Նախիջեւանի ուղղությամբ դիրքերի մարտավարական բարելավում, արդյունավետ վերահսկողության ենթակառուցվածքների ձեւավորում եւ զինտեխնիկայի համալրում: Ասել էր Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

Նման հայտարարություններն առավել եւս համոզում են, որ կատարվածը զուտ տարելիցային առիթի պատշաճ ուղերձի սահմաններից անդին է եւ ունի, ըստ էության, ռազմաքաղաքական բովանդակություն։ Ուղերձներն ուղղվում են Մոսկվային, Բաքվին, Անկարային եւ միջազգային ընտանիքին։ ՀՀ ԶՈՒ-ի անունից ասվածը իմաստավորում է ԱԳՆ խոսնակի հիմնավորած պատմական հայրենիքում խաղաղ զարգանալու իրավունքի վճռական պաշտպանությունը։

Հայտարարությունները կարող են ունենալ նաեւ աշխարհաքաղաքական հնչեղություն։ Վաշինգտոն-Անկարա լարված պարանաձգության կամ Մոսկվա-Անկարա կանաչ եւ կարմիր լույսերով ընթացող գործընթացների ֆոնին քաղաքականորեն օրինաչափ է լուսարձակները բացել տարածքային վիճելի խնդիրների վրա։ 2021 թվականին կլրանա ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիրը, որը սահմանել էր Նախիջեւանի կարգավիճակը: Իսկ հարաբերությունների լարված հանգրվանում Վաշինգտոնը կարող է հիշել Նախիջեւանի պատմական պատկանելիությունը կամ Ագուլիսի ջարդերն ու Նախիջեւանի հայաթափումը, ընդհուպ մինչեւ  Ջուղայի կոթողների մասսայական ոչնչացումները։

Այս բոլորի նախադրյալը պաշտոնական Երեւանի հայտարարություններն են։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031