Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին լուսավորությամբ ապահովվել է նաեւ սահմանապահ Խաչիկ գյուղը

Դեկտեմբեր 28,2019 14:00

«Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ շարունակում են Հայաստանի բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Այս անգամ լուսավորվել են Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ  գյուղի  փողոցները` ներառելով 1600մ երկարությամբ տարածք, ինչպես նաեւ տեղակայվել է 45 LED լուսարձակ:

Համայնքային կայուն զարգացման ամենակարեւոր նախապայմաններից մեկն էներգախնայող համակարգի ներդրումն է, որը համադրում է բնապահպանական բաղադրիչը եւ բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: Էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը ոչ միայն թեթեւացնում է համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնում է համայնքային կյանքը եւ առօրյան, այլեւ՝ ստեղծում է կայուն եւ մաքուր շրջակա միջավայր։

Ժամանակակից այս համակարգի գործարկմանը ներկա են գտնվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր ճարտարագետ Մարտին Մարալչանը, Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանն  ու  համայնքի  բնակիչներ:

«Նոր տարվան ընդառաջ կարեւոր ձեռքբերում էր հասցնել լուսավորել եւս մեկ սահմանապահ գյուղ: Պետք է առանձնակի նշեմ, որ  այս նախաձեռնությամբ մենք նպաստում ենք ոչ միայն համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, այլեւ՝ շրջակա միջավայրի եւ բնության  պահպանությանը, քանի որ համայնքը լուսավորող LED լուսարձակները էներգախնայող են եւ կարող են ծառայել շատ երկար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարիներ շարունակ իր ուշադրության կենտրոնում է պահում հատկապես սահմանապահ գյուղերի լուսավորության հարցը եւ դրանով հանդերձ մնում  հավատարիմ իր իսկ ստեղծած սոցիալական պատասխանատվության կարեւոր արժեքներին», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների՝ բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսարձակները սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա եւ ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար: Ամռան ամիսներին փողոցը լուսավորված կլինի 21:00-ից մինչեւ 02:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 01:00-ը, իսկ տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:

FPWC եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարեւոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման եւ համայնքային զարգացման:

Նախիջեւանի սահմանից ոչ հեռու գտնվող Խաչիկ գյուղը ներառված է «Էկո գյուղերի ցանց» ծրագրում: Ծրագրի հիմքում կայուն զարգացման չորս բաղադրիչներն են՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական, եւ ծրագիրը հնարավորություն է տալիս նմանատիպ համայնքները ներառել համայնքների լուսավորության գործընթացում:

«Առավոտ» օրաթերթ
27.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031