«Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» Երեւանի ավագանու 2009թ. դեկտեմբերի 2-ի 48-ն որոշմամբ սահմանված կարգը տարածվում է Երեւան քաղաքի վարչական տարածքում տեղակայված (գտնվող)` բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առաջին, կիսանկուղային եւ նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների սեփականատերերի կամ տիրապետողների վրա:
Շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքներն ապահովում են տարածքների կանաչապատումը, ծառատնկումը, ինչպես նաեւ բարեկարգման տարրերի վերականգնումը, նորոգումը, փոխումը, փոխարինումը:
Երեւանի քաղաքապետի կողմից հաստատված այս որոշմամբ սահմանված կարգն են ուզում պաշտպանել մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի 49 շենքի բնակիչները, որոնք չեն կարողանում պողոտայի վրա գտնվող իրենց բազմաբնակարան շենքի կանաչապատման, ցանկապատման հարցը սեփական ուժերով ավարտին հասցնել:
Այս շենքի բնակիչները խնդիրներ ունեն, որոնք չպիտի հասնեին ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ վարչապետին: Հարցը կարող էր այդքան չբարդանալ, չդիմեին անգամ վարչապետին, եթե լիներ տեղական ինքնակառավարման մարմին, իրավապահ մարմիններ, որը հաստակ իրենց մի գործողությամբ, որոշմամբ կարող էին հարցին լուծում տալ:
Կարդացեք նաև
Շենքի առաջին հարկի բնակարանը 2018թ.-ին գնելուց հետո Մասիս Մայք Բագդասարյանը հայտնվել է մյուսների նման անպաշտպան վիճակում:
Մ. Բագդասարյանն ամերիկահայ է, ամերիկահայ մշակույթի ֆոնդի «Փերիա» մշակութային կենտրոնի տնօրեն, երկար տարիներ բնակվել է Միացյալ Նահանգներում, ունի հատուկ կացության կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես տեղեկացնում է, ամեն տարի 9 ամիս բնակվում է հայրենիքում:
«Ջատագովն եմ 2018թ. գարնանային հեղափոխության ժողովրդիս հաղթանակի, քանզի վստահ եմ, նաեւ այժմ, որ ամենը կփոխվի ու կվերանան հիասթափությունները, կեղծիքը, մինչ այդ զարգացող արհամարհանքը՝ օրենքի եւ մարդկային բարձր արժեքների նկատմամբ»,-ասում է նա:
Պարոն Բագդասարյանը բնակարանը գնելուց հետո, կարճ ժամանակում հասցրեց վերանորոգել շենքի առաջին հարկը, որը վերածվել էր հասարակական զուգարանի, ապա կանաչապատեց աջակողմյան հատվածը, ձեռնամուխ եղավ իր բնակարանի պատուհանների տակ կանաչապատ գոտու մաքրմանն ու բարեկարգմանը: Հարեւանությամբ գործող «ծաղկի սրահի» պատճառով կանաչապատ տարածքը դարձել էր աղբակույտ, որն ամեն անգամ ներարկիչներից, շշերից, աղբից մաքրելուց հետո ստիպված էր լինում նորից մաքրել, հավաքել:
«Ծաղկի սրահի սեփականատերերն օրուգիշեր աղմկում, հայհոյում են մեր շենքի տարածքում, առաջին հարկի պատուհաններից նկատելի է՝ նետում են օգտագործված սրվակներ, կոտրված շշեր, գիշերային ժամերին ոչ ադեկվատ վարքագծով անհանգստացնում են շենքի բնակիչներին»,-պատմում է Մ. Բագդասարյանը:
Շենքի բնակիչներն ասում են, որ դիմել են ոստիկանության բաժին՝ հանցագործության մասին հաղորդմամբ, կից տրամադրելով բնակիչներից մեկի կողմից արված տեսագրությունները:
Այս տարվա մայիսին բնակիչներն ընդհանուր ժողով են հրավիրել, որոշել, որպես բազմաբնակարան շենք, տարանջատել շենքի աջակողմյան հատվածը հարեւանությամբ գործող ծաղկի սրահն օգտագործողների մուտքից:
«Իրավիճակն այնքան էր լարվել, որ երկաթյա ցանց էինք պատրաստել, որը սրահի տերերը կոտրեցին», Մասիս Բագդասարյանն ասում է, որ այս տարվա հունիսի 21-ին տարածք է եկել անգամ Արաբկիրի համայնքի ղեկավար Ա. Դանիելյանը, ով տեղում զննելով տարածքը, հաստատել էր, որ «հողազավթում չկա», միաժամանակ հանձնարարել էր վարչական շրջանի ճարտարապետին, տրամադրել էսքիզներ, որով հնարավոր կլիներ բնակչի, տվյալ դեպքում՝ ամերիկահայ Բագդասարյանի միջոցներով ցանկապատել շենքի կանաչ տարածքը:
Նախնական համաձայնություն էր ձեռք բերվել Բաղրամյան պողոտայի կողմում գտնվող դռնակը գիշերային ժամերին՝ տասնմեկից մինչեւ առավոտյան ժամը ութը փակել, իսկ տարածքի մնացած հատվածը, ինչպես բարի եւ լավ ժամանակներում, մշտապես բաց պահել:
Այն ամենը, ինչը նախաձեռնվել էր բնակիչների կողմից, ՏԻ մարմնի կողմից չի կատարվել, այլ բնակիչների, որոնցից մի քանիսը, նրանց ընտանիքներն այս շենքում են բնակվում 1947 թվականից:
Ալլա Խոսրովյանն «Առավոտին» պատմում է, որ այգում պտղատու ծառեր են եղել, եղեւնի, նռան ծառեր, որոնք հարեւան սրահի տերերը, երբ հայտնվել են այդտեղ, ոչ միայն կտրեցին, այլ արհեստական կանաչ գոտով ծածկեցին՝ բնակիչների ծաղկուն այգու փոխարեն:
«Մենք պետք է մեզ ապահով զգանք»,- ասում է բնակիչը, որն այս տարածքի հետ մշտական վեճերի մեջ է հայտնվել:
Շենքի բնակիչները հայտնում են, որ ամեն անգամ, երբ բարեկարգման նպատակով իրենց մոտ են հրավիրում մասնագետների, նրանք ահաբեկված հեռանում են՝ ծաղկի սրահի սեփականատերերի կողմից: Ի դեպ, իմ այցի ժամանակ էլ, երբ տարածքն էի նկարահանում, ես էլ «արտաքին դիտման» տակ էի՝ սրահից դուրս եկած երիտասարդի կողմից:
«Փաստորեն, օրենքով սահմանված կարգով, մեր շենքի շրջապատը բարեկարգելու, խնամելու, եւ սանիտարական մաքրությունն ապահովելու աշխատանքները սկսելուն պես, կրկին սկսվում են սպառնալիքները, աշխատանքներ կատարողներին հեռացնելը, որն անկարող են եւ ի վիճակի չեն վերացնելու Արաբկիրի թաղապետարանը, ոչ էլ ոստիկանության համապատասխան բաժինը, որը խոստացել էր հերթապահ ոստիկան ուղարկել բնակիչների անվտանգությունն ապահովելու համար»,-ներկայացնում են զրուցակիցներս:
Տեղեկացանք, որ ՀՀ գլխավոր դատախազին նամակներ են ուղարկել շենքի բնակիչներից Հ. Ստեփանյանը, Բ. Գաբրիելյանը, Ս. Սարգսյանը, Ռ. Բոլիբեկյանը: «Ոստիկանությունն անզոր է պաշտպանել ՀՀ քաղաքացիներին խուլիգանություն հրահրող փոքր խմբից»,- գրել էին նրանք, խնդրելով, գործուն միջոցներ ձեռնարկել, հանձնարարել պատկան մարմիններին, վերացնել այն բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են բնակիչներին հանգիստ եւ մարդավայել ապրելու:
Ծաղկի սրահի վերաբերյալ քաղաքապետարանում որեւէ տվյալ գրանցված չէ, չկա հասցե տրամադրելու մասին որեւէ տեղեկություն՝ ըստ Երեւանի քաղաքապետարանի տված պատասխանի:
Ստացվում է, որ հասցե չունեցող սրահականներն ավելի արտոնյալ են, բնակիչները՝ կաշկանդված, իրենց իսկ շենքը ըստ նպատակային նշանակության օգտագործելու համար:
«Լինելով ԱՄՆ քաղաքացի, ես անբացատրելի զարմանք եմ ապրում մեկ տարի շարունակ ինձ հետ կատարվող իրադարձությունների անպատժելության վիճակից, քանի որ որեէ իրավական երկրում անձը չի կարող եւ չպետք է այնքան անպաշտպան լինել, որ ստիպված լինի իր անվտանգությունը հոգալ իր միջոցներով»,-ասում է զրուցակիցս, ով վարչապետին ուղղված իր նամակին էլ կցել է տան անվտանգության տեսախցիկով արված նկարահանումները, որոնք հաստատում են իր նկատմամբ կատարվածը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարները՝ հեղինակի
Հ.Գ.– Մ.Բագդասարյանի վերաբերյալ վարչական վարույթ էր հարուցվել հունիսին: Ու գիտե՞ք ինչու:
Ըստ «վարույթն իրականացնողների»՝ Մ. Բագդասարյանի կողմից «Բաղրամյան պողոտայի 49 շենքի հարեւանությամբ զավթվել է Երեւան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը մետաղական ճաղավանդակներով»: Այս տարվա օգոստոսի 7-ին վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթը կարճվել է:
«Առավոտ» օրաթերթ
27.12.2019