Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մենք սկսելու ենք այնտեղից, որտեղից Վազգենի սիրտն է կանգ առել». Սասուն Միքայելյան

Դեկտեմբեր 27,2019 23:55

Դեկտեմբերի 27-ին Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում կայացավ ԵԿՄ Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ընդհանուր ժողովը, որի օրակարգում լսվեց ԵԿՄ Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավարի ընտրության հարցը: Ժողովին հրավիրված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Քվեարկության արդյունքում ԵԿՄ Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավար ընտրվեց Հենրիկ Սուքիասյանը: ԵԿՄ այսօրվա անելիքների և առաջիկա ծրագրերի, դերի և կարևորության մասին խոսեցին ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք ԵԿՄ-ն ստեղծեց Հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանը, և նրա շնորհիվ հնարավոր եղավ ջոկատների համախմբումն ու հայրենիքի սահմանների ընդլայնումը: Մենք պետք է գիտակցենք և հասկանանք, որ եթե չլիներ Սպարապետը, գուցե մենք ձեր նման տղերքի շնորհիվ չկարողանայինք ծնկի բերել մեր թշնամուն: Ես գլուխ եմ խոնարհում մեր բացակա ընկերների, զոհված եղբայրների և նրանց ընտանիքների առջև, որ կարողացան մեծ փառքով հաղթանակ կերտել: Մենք սկսելու ենք այնտեղից, որտեղից Վազգենի սիրտն է կանգ առել, և ոչ մի րոպե իրավունք չունենք միասնական և ուժեղ չլինել՝ հանուն մեր երկրի խաղաղության և հայրենիքի սահմանների պաշտպանության », -նշեց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

«Երկրապահ կառույցը պետք է ոչ թե ինչ-որ մեկին կողմ կամ դեմ լինի: Իմ պատկերացմամբ՝ երկրապահը պետք է միշտ առաջնորդվի հանունով: Հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայրենիքի, ինչպես որ եղել է ժամանակին, երբ բոլորդ եք գնացել, հանուն հայրենիքի կռվել, կորցրել առողջություն և ձեռք բերել մի շարք խնդիրներ: Ես իմ խոնարհումն եմ բերում այդ հայրենանվեր գործի համար, և որպես ՀՀ կառավարության ներկայացուցիչ ներողություն եմ հայցում, որ դուք ունեք բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ կապված առողջության, անձնական, ընտանեկան և այլնի հետ: Նման խնդիրների առկայության դեպքում Գեղարքունիքի մարզպետարանը ևս պատրաստակամ է օրենքի և իր լիազորությունների շրջանակներում աջակցել ձեզ՝ դրանց կարգավորման համար: Դա նաև մեր պարտքն է: Շնորհավորում եմ ԵԿՄ Գեղարքունիքի մարզային կառույցի նորընտիր ղեկավարին , բոլորիդ՝ Ամանորի առթիվ, և թող 2020 թվականը մեր ազգի համար լինի առողջության, երջանկության և նոր ձեռքբերումների տարի»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Շնորհակալ եմ այս ծանր և պատասխանատու գործը ինձ վստահելու համար: Կար ժամանակ, որ հայ ժողովուրդը հավատում էր երկրապահին և մեծ վստահություն ուներ նրա հանդեպ: Սակայն եկավ մի ժամանակաշրջան, որ թուլացավ այդ կառույցը: Ես հույս եմ հայտնում, որ մենք կրկին կմիավորվենք, մի բռունցք կդառնանք և կկանգնենք մեր բանակի ու պետության կողքին: Մենք պարտավոր ենք հզորանալ և դասվել հզոր պետությունների շարքը»,- նշեց ԵԿՄ վարչության Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավար Հենրիկ Սուքիասյանը: Հանդիպման ավարտին երկրապահները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031