Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն այսօր մոտ երկու ժամ ՀՔԾ-ում բացատրություն է տվել իր ներկայացրած հաղորդման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել դատախազությանը՝ հայտնելով, որ քաղաքապետը ակնհայտորեն անցել է իր լիազորությունները՝ հանձնարարելով Հրաչյա Սարգսյանին քաղաքապետի փոխարինող նշանակել Հայկ Սարգսյանին:
«Ինձ տվեցին մի քանի հարց, որոնց բովանդակությունն ինձ որոշակիորեն մտահոգեց: Անհանգստացած եմ, որ փաստերի այսպիսի համադրությամբ ՀՔԾ-ն գուցե փորձի քրեական գործ չհարուցել՝ մատնանշելով, որ այն, ինչ բարձրաձայնում եմ, իրավական խնդիր է, սակայն, ես իմ պատասխանի մեջ նշեցի, որ մենք գործ ունենք պաշտոնական լիազորություններն անցնելու գործընթացի հետ, որն ուղեկցվել է պաշտոնական կեղծիքներով… կարծում եմ, որ այլ տարբերակ, քան քրեական գործ հարուցելը ՀՔԾ-ն չպետք է ունենա»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Ըստ նրա՝ ինքը ՀՔԾ-ում մատնանշել է այն անձանց ու փաստաթուղթը, որոնք կարող են իր հայտարարությունը փաստել. «Հիմա կարծում եմ՝օրինականության վերականգնման այս հանգրվանում ՀՔԾ-ն այլ բան, քան քրեական գործի հարուցումը, պարզապես չի կարող իրականացնել: «Տեսիլք» ունեմ, որ քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը քննարկել է հարցը ՀՔԾ ներկայացուցիչների հետ, փորձելու են խնդիրը տանել հետեւյալ ուղղությամբ, որ եթե նույնիսկ եղել է լիազորությունների անցում, միեւնույնն է այն հետեւանք չի առաջացրել կամ խնդիրը տեղափոխել իրավական մեկնաբանությունների դաշտ, որը իմ բարձրաձայնած խնդրի հետ որեւէ կապ չունի, որովհետեւ իրավական վիճելիության խնդիր այստեղ չկա, կա քրեական օրենսգրքի երկու հոդվածների համակցություն: Այսօր այն հարցադրումները, որ ՀՔԾ-ում տալիս էին իմ երեկվա «տեսիլքի» ծիրում էին: Սպասելու եմ՝ երբ բացատրություն տան քաղաքապետարանի պաշտոնյաները ու հայտնեն որեւէ տեղեկություն, որը չի համապատասխանի իրականությանը, չեմ բացառում, որ իմ աչքին՝ որպես տեսիլք, գան նոր փաստաթղթեր, որոնք կկարողանամ կրկին հրապարակել, բայց այդ ժամանակ ՀՔԾ-ի կողմնակալությունն ակնառու կդառնա, որին ես այս պահին չեմ ուզում հավատալ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ