ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Բագրատյանի նախագահությամբ դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքային քննարկում։
Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ 33 էջից բաղկացած եզրակացություն։ Նրա հավաստմամբ՝ կարճ ժամանակահատվածում ուսումնասիրվել է 10 հազար փաստաթուղթ։ Արդյունքում պարզվել է, որ մեր երկրում հանքարդյունահանումն իրականացվել եւ իրականացվում է մի շարք օրենքների, օրենսգրքերի եւ միջազգային կոնվենցիաների խախտումներով։ Ըստ բնապահպան-իրավաբանի՝ նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացրել:
Ջրային օրենսգրքով եւ «Սեւանի մասին» օրենքով արգելվում է լճի ջրահավաք ավազանի տարածքում հանքարդյունահանության իրականացումը։ Կոնվենցիաներով չի թույլատրվում հանք շահագործել այն տեղանքներում, որտեղ ապրում են միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներն ու թռչնատեսակները։ Բանախոսն անդրադարձել է նաեւ Ջերմուկի շրջակա միջավայրի խնդիրներին եւ անթույլատրելի համարել քաղաքի հարեւանությամբ հանքի շահագործումը։ Նա մեջբերել է մի քանի օրինակներ, ապա փաստել Լիճքի հանքային ջրի անհետացման մասին, որն, ըստ նրա, հետեւանք է այդ տարածքում ոսկու հանքի գործունեության։ Նազելի Վարդանյանը խոսել է նաեւ բազմաթիվ այլ խախտումների մասին:
Սերգեյ Բագրատյանը գործընկերներին առաջարկել է ամանորյա տոներից հետո կազմակերպել եւս մեկ աշխատանքային քննարկում եւ այդ ընթացքում առավել հանգամանալի ուսումնասիրել եզրակացության մեջ ընդգրկված փաստացի տվյալները։
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով