Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիի փոխարեն՝ Գյումրի բժշկական կենտրոն․ այստեղ աճել է սրտի վիրահատությունների թիվը

Դեկտեմբեր 27,2019 21:30

Գյումրի բժշկական կենտրոնում այս տարի ավելացել է սրտի վիրահատությունների թիվը, 2018 թվականին կատարվել է 430 միջամտություն, այս տարի 600-ից ավելի, այսինքն` արձանագրվել է 45 տոկոսի աճ։

Ինչպես տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, Դավիթ Մինասյանը հիվանդանոցի միակ ինվազիվ սրտաբանն է, որն արձակուրդ անգամ չի կարողանում գնալ։ Ըստ հիվանդանոցի տնօրենի, բուժհաստատությունը փորձում են համալրել երկրորդ պրոֆեսիոնալ կադրով։

«Մեր ծառայությունը ոչ մի բանով չի զիջում մայրաքաղաքային ծառայությունից՝ հագեցվածությամբ, պրոֆեսիոնալիզմով, մոտեցումներով։ Ստենտավորումն իրականացվում է եվրոպական չափանիշներով, այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում, բացառությամբ նրա, որ պետք է ունենալ երկրորդ բժիշկը»,-ասաց Արմեն Իսահակյանը։

Դավիթ Մինասյանն էլ ասաց․ «Մինչև 2018 թվականը մենք հերթագրում էինք 3-րդ, 2-րդ կամ 1-ին կարգի հաշմանդամներին։ Հերթագրում էինք հիվանդներին, ունեինք սահմանափակ բյուջե, և անհայտ էր․ ասենք տարվա կեսին հիվանդը կարող է գալ, իրեն հերթագրեինք տարվա վերջի կամ եկող տարվա համար։ 2018 թվականին սոցիալապես անապահով խմբի համար ունեցանք միավորների իջեցում, նախկինում 36 միավորի փոխարեն դարձավ 30 միավոր։ Այսինքն՝ այն հիվանդները, որոնք ունեն 30 միավոր և ավել, նրանք կարող են օգտվել կորոնարոգրաֆիա, ստենտավորում ամբողջ ծավալով, ինչի անհրաժեշտությունը կար։

2019 թվականից ունեցանք 1-ին, 2-րդ կարգերի հաշմանդամներ, նաև ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամներ,որոնք նույնպես անվճար կարող են օգտվել մեր բոլոր ծառայություններից», -ասաց Դավիթ Մինասյանը։

Բժիշկը տեղեկացրեց, որ այլևս չկա բյուջեի սահմանափակում, հիվանդները չեն հերթագրվում։

«Հիվանդը եկավ, հարցումներն ուղարկում ենք, հաստատվում է և առանց երկար սպասելու՝ հիվանդները կարողանում են ստանալ պատշաճ օգնություն։ Կարևոր է ընդգծել ժամկետային զինծառայողի պահը, այստեղ կարևոր է բարոյական պահը, զինվորին ասում ենք՝ դու հանգիստ գնա ծառայի, քո ընտանիքի անդամներն ապահովված են պետության կողմից։ Ունենք այդպիսի հիվանդներ, նաև այսօր», -ասաց Դավիթ Մինասյանը։

Գյումրու բժշկական կենտրոնը դեռ մի քանի տարի առաջ էր սահմանել սրտի ստենտավորման ամենացածր գինը Հայաստանի Հանրապետությունում՝ դեղապատ ստենտի համար 850 հազար դրամ, տնօրեն Արմեն Իսահակյանը սա բացատրել էր նաև այն հանգամանքով, որ իրենք նպատակ ունեն լուրջ մրցակից դառնալ Թբիլիսիի հետ․ այնտեղ ևս էժան գներ էին, ու շատերը գնում էին հարևան երկիր՝ վիրահատվելու։

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե այս առումով դարձե՞լ ենք Վրաստանին մրցակից։

«Չճշտված տեղեկություն կարող եմ ասել, ինձ ասում են՝ հիմա Վրաստան չեն գնում, այնտեղի առողջապահական համակարգում փոփոխություններ են եղել ու գներն այլևս մատչելի չեն։ Որ հիվանդները վերջին ժամանակաշրջանում գնան, այնտեղ ստենտավորվեն, ես որ այդպիսի տեղեկություններ չունեմ»,-ասաց Դավիթ Մինասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031