Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգում, ասում են, լավ, եթե մենք չենք հասկանում իրար, ձեզնով թող զբաղվեն ուրիշները». Հարություն Հարությունյանը՝ իրենց դեմ ճնշումների մասին

Դեկտեմբեր 27,2019 19:03

«5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը վստահեցնում է, որ իրենց լրատվամիջոցի լրագրողների նկատմամբ ամեն օր տեղի են ունենում ճնշումներ, մերժում են, արհամարհում:

«Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ զրույցում Հարություն Հարությունյանն ասաց, որ ստիպված են հաղորդում փակել, քանի որ չեն կարողանում իշխող ուժից բանախոս հրավիրել. իսկ բանավեճ առանց մյուս կողմի հնարավոր չէ: Այս առիթով Հարություն Հարությունյանն ասաց. «Իմ քայլի» պատգամավորներին հանձնարարված է բոյկոտել և չգալ բանավեճի, բայց շատ մարդիկ ունեն ցանկություն: Կամ զանգում, ասում են, լավ, եթե մենք չենք հասկանում իրար, ձեզնով թող զբաղվեն ուրիշները: Սա ակնհայտ ցույց է տալիս, թե ինչպես է տրամադրված իշխանությունը: Իսկ զանգահարողը հասարակ մարդ չէ, այլ իշխանական վերին օղակներից»:

Հարություն Հարությունյանն ասաց, որ հասարակության մեծ զանգված, որը էյֆորիայի տակ էր, այսօր բազմաթիվ զանգեր է կատարում իրենց խմբագրություն և աջակցություն հայտնում: Նա պատմեց. «Հարցնում են՝ ի՞նչ է պետք անել, գանք, ձեր կողքին լինենք. վստահ եմ, որ զանգահարողների մեծ մասն էյֆորիայի տակ է եղել: Հավատացեք՝ զգալի են, շատ-շատ են այդ զանգերը: Մենք դա տեսնում ենք նաև մեր նյութերի, հրապարակումների մեկնաբանություններում: Երբ մեկ տարի առաջ ուղղակի ստիպված եղանք փակել այդ մեկնաբանությունները, քանի որ կազմակերպված ֆեյքերի հարձակումներ էին, և ուղղակի բարոյական առումով հնարավոր չէր հրապարակել, այսօր մենք նրանց թողնում ենք, բայց նրանք արդեն փոքրամասնություն են կազմում»:

Հարություն Հարությունյանի վստահեցմամբ՝ «5-րդ ալիքի» հեռուստալսարանը շատ ավելի ընդլայնվել է, և իրենց նկատմամբ վստահությունը բավականին լուրջ է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. «5-րդ» ալիք հեռուստաընկերությունը նաեւ հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

«5-րդ ալիքի» լրագրողական թիմը մտահոգություն է հայտնում հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ապօրինի կալանավորման առիթով:

Հայաստանում քաղաքական հետապնդումների այս շրջանում գործարարի նկատմամբ քրեական գործի հարուցումը շատ նման է քաղաքական հաշվեհարդարի նրա անձնական կապերի համար:

Սա նաեւ «5-րդ ալիքի» վրա հոգեբանական եւ ֆինանսական ճնշման ամենախայտառակ օրինակն է, որը տեղավորվում է ազատ լրատվամիջոցների դեմ արշավի տրամաբանության մեջ:

Հեռուստաընկերությունը ստեղծման օրից ստիպված է հաղթահարել մի շարք դժվարություններ, որոնք հիմնականում կապված են իշխանության կողմից ատելության խոսքի քարոզի, լրատվամիջոցի գործունեությունը սահմանափակելու պետական քաղաքականության հետ:

Պետական հաստատություններից հանրային նշանակության տեղեկություններ ստանալը մեր լրագրողների համար դարձել է գրեթե անհնար, կառավարության անդամներից, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից մեկնաբանություն ստանալու ջանքերը առավել հաճախ դատապարտվում են ձախողման. նրանք հիմնականում մերժում են հեռուստահաղորդումների, բանավեճերի մասնակցելու մեր հրավերները, դեպքի վայրում անհարգալից վերաբերմունք են դրսեւորում հեռուստաընկերության թղթակիցների հանդեպ: Նույնիսկ մասնավոր զրույցներից մեկում ակնարկել են, որ մեզնով կզբաղվեն համապատասխան կառույցները:

Հեռուստատեսության սեփականատեր Արմեն Թավադյանի ապօրինի կալանավորումը, հանրային կարծիքը «5-րդ ալիքի» դեմ տրամադրելու իշխանության բացահայտ եւ քողարկված քայլերը, համարում ենք լրատվամիջոցի գործունեությունը խոչընդոտելու փորձ, ոտնձգություն խոսքի ազատության հանդեպ:

Հաշվի առնելով, որ վերջին մեկուկես տարում բացի «5-րդ ալիքից» ապօրինի գործողությունների թիրախում են հայտնվել մի շարք լրատվամիջոցներ (Yerevan.today News.am, Aysor.am, Hayeli.am, «Հրապարակ» օրաթերթ, «Ժողովուրդ» օրաթերթ, «Կենտրոն» Հ/Ը), կոչ ենք անում քաղաքական ուժերին, տեղական եւ միջազգային իրավապաշտպան կառույցներին, լրագրողական կազմակերպություններին, մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին հանդես գալ Հայաստանում լրագրողների իրավունքների, ազատ լրատվամիջոցների, խոսքի ազատության պաշտպանությամբ:

Չնայած խոսքի ազատությունը սահմանափակելու իշխանության լայն գործիքակազմին, «5-րդ ալիքի» լրագրողները շարունակելու են անել առավելագույնը, որպեսզի հանրային խաթարված համերաշխության պայմաններում ապահովեն հնարավորինս հավասարակշռված լրատվություն:

Շնորհակալություն ենք հայտնում մեր բազմահազարանոց լսարանին հավատարմության եւ աջակցության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031