Լրահոս
Օրվա լրահոսը

Դա ունի քաղաքական շեշտադրում և ուղղված է ԶԼՄ գործունեության խոչընդոտմանը. Սաթիկ Սեյրանյանը՝ Արմեն Թավադյանի հետ կատարվածի մասին

Դեկտեմբեր 27,2019 18:09

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի հետ կատարվածում տեսնում է որոշակի քաղաքական շեշտադրում, որն ուղղված է ազատ խոսքի, ԶԼՄ գործունեության խոչընդոտմանը:

«Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ զրույցում Սաթիկ Սեյրանյանը հիշեցրեց՝ «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը զանգեր է ստացել, իսկ ամենահետաքրքիրը համարեց այն, որ Արմեն Թավադյանի հետ երկրորդ դեպքն է տեղի ունենում և փաստեց. «Արմեն Թավադյանը չի թաքցրել իր քաղաքական հայացքները, իր մտերմությունն առանձին քաղաքական գործիչների, անհատների նկատմամբ: Բայց տարօրինակ է, որ մարդուն բերման են ենթարկում, և նա նախապես ծանուցում չի ստանում. սա մտահոգիչ է»:

Սաթիկ Սեյրանյանը միտում է տեսնում ազատ խոսքի, մամուլի դեմ ոտնձգությունների հարցում. «Իշխանությունները միշտ թիրախավորել են մամուլին. բացահայտ պայքար է լինելու: Այն դեպքերը, որոնք տեսնում ենք մամուլի դեմ ուղղված, հայտարարությունները, դրանք կոնկրետ նպատակ ունեն հեղինակազրկելու մամուլի աշխատողներին: Այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք նույնիսկ գաղափարի տեսքով նետվում են դաշտ, որոնք ոլորտի ներկայացուցիչների հետ ընդհանրապես չեն քննարկվում, կամ ձևական քննարկում են կազմակերպում, թույլ են տալիս եզրահանգելու, որ 2020-ը հայաստանյան մամուլի համար լուրջ մարտահրավերի տարի է լինելու: Պետք է զգոն լինենք, քանի որ ցանկացած պահի ցանկացած մեկս կարող ենք հայտնվել թիրախում»:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը նշեց, որ մամուլի դեմ գործողությունները տարբեր ձեռագիր ունեն, բայց բոլորն էլ նույն տրամաբանության մեջ են. «Այն տրամաբանությունից է բխում, որ երբ վարչապետն ԱԺ ամբիոնից պիտակավորում է մամուլին, հետո սկսում են իշխանական պատգամավորները, կամ նախարարները դրանք տարածել, թևեր ստանալ դրանից ու կրկնել վարչապետի խոսքը և մամուլի հետ քամահրանքով խոսել, այդ մթնոլորտը չի կարող չնպաստել: Փորձում են հեղինակազրկել, վարկաբեկել լրագրողի ծանր աշխատանքը: Եթե իշխանությունները չեն զսպում իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչներին, իրենց գերատեսչության ղեկավար կուսակիցներին, ապա դա ամենաթողություն է առաջացնում, և նման դեպքերը կարող են շատանալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031