Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակոչիկները բողոքում են՝ վտանգավոր խալերով, սրտանոթային ու տեսողության խնդիրներով բանակ են տանում

Դեկտեմբեր 27,2019 17:42

Է. Ղ.-ին զորակոչել են բանակ՝ չնայած, որ գլխի վրա խալ կա: Զորակոչիկն անցել է բժշկական հետազոտությունները եւ ծառայության համար ճանաչվել պիտանի, սակայն ծնողները խիստ մտահոգություն ունեին, որ ծառայության գնալու դեպքում որդու խալը լուրջ առողջական խնդիրներ կարող է առաջացնել: Այսօր Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը քննեց այս եւ տասը այլ զորակոչիկների գործերը: Նրանք բոլորն էլ լրացուցիչ փորձաքննություն ու հետազոտություններ էին պահանջում իրենց որդիների համար:

Է. Ղ.-ի մայրը պատմեց, որ խալը որդու գլխին ծնված օրից է եւ մինչ այսօր անգամ գլխարկ չեն կարողացել դնել երեխայի գլխին, քանի որ ցավեցրել է, բորբոքվել է, ասաց, որ արեւի տակ էլ չի կարող մնալ:

Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո Կենտրոնական հոսպիտալի առաջատար թերապեւտ Մարգարիտա Սարգսյանը ծնողներին խորհուրդ տվեց անպայման զինակոչիկի գլուխն ՄՌՏ հետազոտություն անել՝ որպեսզի տեսնեն խալը խորություն ունի՞ թե՞ ոչ:
Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն ասաց, որ կարող են միջամտել, որպեսզի բանակ տանելու ժամկետը երկարաձգվի՝ մինչեւ որ զինակոչիկը անցնի բոլոր հետազոտությունները:

Գեղամ Հարությունյանի ներկայացմամբ, այս զորակոչի ընթացքում զինակոչիկներից 53 դիմում-բողոք են ստացել, որից 37-ի համար խորհուրդը միջնորդել է, որպեսզի Կենտրոնական բժշկական հանձնաժողովը փորձաքննություն անցկացնի:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հարությունյանն ասաց, որ զորակոչիկների գանգատները հիմնականում սրտանոթային, տեսողության, ողնաշարի ու հենաշարժողական բնույթի են. «Նախորդ զորակոչին ալերգիայով դիմողներ էլ շատ կային, բայց այս անգամ որեւէ զորակոչիկ չենք ունեցել, որ ալերգիայի համար դիմի»:
Այսօր որդու հետ Գյումրիից Երեւան էր եկել նաեւ Կ. Մ.-ն: Որդին, որը զորակոչային տարիք է, ունի ատամնաշարի ու ստամոքսի խնդիրներ: Բացի այդ, 18 տարեկան երիտասարդը տան միակ կերակրողն է, հայր չունի, ունի անչափահաս երկու եղբայր, որից մեկը հաշմանդամությամբ: Մայրը հետաքրքրվում էր՝ արդյոք այսպիսի խնդիրներով, երբ 6-7 ատամ բերանում բացակայում է, ստամոքսը ցավում է եւ միակողմանի ծնողազուրկ է, կտանեն բանակ:

Հասարակական խորհրդի անդամները, սակայն մորը հիասթափեցրին՝ նշելով, որ բացակայող ատամների քանակն այնքան չէ, կամ սոցիալական խնդիրը պատճառ չէ, որպեսզի ծառայությունից ազատվի: Սակայն միջնորդություն ներկայացրին, որպեսզի զինակոչիկին կրկին հետազոտության ենթարկեն՝ ուշադրությունը հրավիրելով աղեստամոքսային տրակտի խնդիրներին: Մորն էլ համոզեցին, որ բանակում որդու ատամները կբուժեն, նորմալ կկերակրեն:


Եվ քանի որ որդին՝ Ա. Մ.-ն միակողմանի ծնողազուրկ է, դիրքային ծառայության չի մեկնի եւ վեց ամիսը մեկ էլ արձակուրդ գալու իրավունք կունենա:

Ե. Գ.-ի ծնողներն էլ դժգոհում էին, որ բուժհետազոտության ժամանակ որդուն հոգեկան խնդիրներ են վերագրել, մինչդեռ, ծնողի համոզմամբ, իր տղան միանգամայն հոգեպես առողջ է եւ չի ցանկանում, որ նրան այդպիսի պիտակ կպցնեն: Նշյալ ախտորոշման պարագայում, որդին բանակում չպետք է զենք կրի: Հանձնաժողովի անդամներն ասացին, որ իրենք չեն կարող միջնորդեն, որպեսզի կրկին փորձաքննություն կատարվի, քանի որ սա շատ «նուրբ» հարց է կոնկրետ մասնագիտական մոտեցում է պահանջում, բայց նշեցին, որ կարող են միջնորդություն ներկայացնել, որպեսզի հասարակական խորհրդի դիմումը հասնի Կենտրոնական բժշկական հանձնաժողով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031