Այդ առիթով Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արման Չիլինգարյանը այսօր հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ եւս մեկ անգամ շահառուներին իրազեկելու, թե իրենից ինչ է ներկայացնում բալային համակարգը: Նա ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների փաթեթը, ավելի ընկալելի խոսեց այն իրավախախտումների մասին, որոնցով նախատեսվում է կիրառել տուգանային միավորներ: Ըստ նրա, տուգանային միավորների համակարգի ներդրումը պայմանավորված է յոթ օրենսդրական ակտերի ընդունմամբ:
«Օրենքի ուժի մեջ մտնելու պահին յուրաքանչյուր անձ, ով ունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք՝ վարորդական վկայական, ստանում է, այսպես կոչված, տուգանային ինը բալ: Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում տրանսպորտային միջոց վարելու նրա իրավունքը կասեցվում է վեց ամիս ժամկետով: Ժամկետի կեսը լրանալուց հետո այդ անձը կստանա օրենքի ուժով իրավունք՝ հանձնել տեսական քննություն եւ վերականգնել իր վարելու իրավունքը: Եթե չի հանձնում տեսական քննությունը, վեց ամիս ժամկետը լրանալուց հետո օրենքի ուժով առանց որեւէ քննություն հանձնելու, վերականգնվում է վարելու նրա իրավունքը եւ կրկին ստանում է ինը բալ:
Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ ինը միավորը սպառելու պարագայում անձը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվում է արդեն մեկ տարի ժամկետով: Ամբողջ պատժաժամկետը լրանալուց հետո իրավունքը վերականգնելու համար անձը ստիպված պիտի լինի վարորդական վկայական ստանալու համար հանձնել ամբողջական քննություն:
Անձը նաեւ իրավունք ունի վերականգնել որոշակի բալեր, եթե սպառված բալերի մնացորդային նիշը հասել է 3 եւ պակասի: Դրա համար իր ցանկությամբ նա կարող է հանձնել տեսական քննություն եւ իր ունեցած բալերին ավելացնել 2 բալ», – ասաց Ա. Չիլինգարյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ