«Վաղ կենսաթոշակի օրենքը քաղաքակիրթ լուծման ձեւ է ՍԴ ճգնաժամի: Հուսով եմ, նման ճնշումների չեն ենթարկվի այն անձինք, ովքեր պոտենցիալ կարող են կամավոր վաղ կենսաթոշակի համար դիմել»,- այսօր հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Լրագրողները փոխանցեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերջին հայտարարությունը, ըստ որի ՍԴ դատավորներից որեւէ մեկը չի պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի գնալու հնարավորությունից»:
Սա լսելով՝ նախարարն արձագանքեց. «Պարոն Թովմասյանը ճնշում է գործադրում դատավորների նկատմամբ»:
Հրայր Թովմասյանն ասել էր. «Կարծում եմ, որ շատերը վատ են ճանաչում Սահմանադրական դատարանի դատավորներին, նրանք ուժեղ մարդիկ են, հայրենասեր են, նվիրյալներ են, եւ եթե խաղաղ ժամանակահատվածում հերոսներ եք փնտրում, ապա նրանք այս շենքում նստած աշխատում են»: Թովմասյանը հերթով թվարկել էր ՍԴ անդամների անունները՝ Ալվինա Գյուլումյան, Արայիկ Թունյան, Հրանտ Նազարյան, Ֆելիքս Թոխյան, Արեւիկ Պետրոսյան, Արման Դիլանյան ու ընդգծել, որ Վահե Գրիգորյանը այդ ցուցակի մեջ չի մտնում: Նրա խոսքով՝ «Եթե որեւէ մեկը մտածում է, որ այս մարդիկ կարող են՝ արդեն օրինական կաշառք անվանումը ստացած օրենքով գայթակղվել եւ գնալ դրան, ապա շատ ու շատ վատ են ճանաչում: Իմ թվարկած դատավորներից որեւէ մեկը դրան չի գնալու: Թող ոչ մեկ չմտածի, որ անկախ դատական իշխանությունը սկուտեղի վրա բերելու եւ մատուցելու են իրենց»:
Կարդացեք նաև
Ռուստամ Բադասյանը լսելով այդ խոսքերը՝ ասաց. «Շատ լավ»: Հարցին՝ ի՞նչ եք անելու՝ նա պատասխանեց. «Մենք որեւէ բան չենք անելու, որեւէ մեկին չենք ստիպելու դիմի վաղ կենսաթոշակի, բայց նման արտահայտությունները, նման հայտարարությունները ես ասում եմ արդեն ինչ շրջանակում են տեղավորվում: Մենք պետք է ունենանք Սահմանադրական դատարան, որը անկախ է: Անկախ է ոչ միայն գործադիր իշխանությունից, անկախ է ոչ միայն օրենսդիր իշխանությունից, անկախ է որեւէ շրջանակների ազդեցությունից: ՍԴ, որը ոչ թե ընդդիմություն է, այլ ՍԴ է, որը, այո, պետք է կայացնի ցավոտ որոշումներ, դա է մեր պատկերացրած ՍԴ-ն, որը օրվա իշխանության համար ցավոտ կլինի, բայց ՍԴ-ն երբեք ու երբեք չի կարող լինել երկրում ընդդիմություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ