Aravot.am-ն այսօր ասուլիսում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին փոխանցեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի գնահատականը՝ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի հետ կապված:
Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանն ասել էր. «Տպավորություն է, որ անպարկեշտ առաջարկ են անում եւ ակնկալում, որ կընդունեն: Ճանաչելով ՍԴ յոթ դատավորներին՝ վստահ եմ, որ որեւէ մեկը նրանցից չի ընդունի այն: Նրանք շատ ավելի լուրջ եւ իրենց բարձր գնահատող մարդիկ են»: Ըստ Դավիթ Հարությունյանի, դա հակասահմանադրական օրենք է, որը հանգիստ կարող է պիտակավորվել որպես պետականորեն տրվող կաշառք. «Ժողովրդավարական երկրի համար, որը հավակնում է լինել իրավական պետություն, անթույլատրելի է դա»:
Այս առնչությամբ Ռուստամ Բադասյանն ասաց. «Ինչու են անպայման շեշտադրում անում, որ սա անպարկեշտ առաջարկ է, որովհետեւ մեզ են մեղադրում ճնշում գործադրելու մեջ, երբ որեւէ մեկ փաստ հրապարակված չի…Շեշտում են անպարկեշտ առաջարկ, որպեսզի այն անձը, ով պոտենցիալ կարող է իրեն մեկնված ձեռքը սեղմել եւ հեռանալ, ինքը բարոյական ճնշում զգա: Իրենք իրենց մեդիադաշտով, իրենց բոլոր հնարավորություններով շեշտադրում են՝ սա անպարկեշտ առաջարկ է, ով որ համաձայնի վաղ կենսաթոշակին, ինքը ջնջում է իր անունը, հեղինակազրկվում է, ես չեմ կարծում, որ նման դատավոր կա, ով կարող է…Ու գիտեք, խոսում են էնպիսի անձինք, որոնց իշխանության օրոք դատավորների նկատմամբ ինչ ապօրինություն ասես չի եղել, դատական իշխանության անկախության մասին խոսելն ավելորդ է ուղղակի, ուղիղ զանգերով նախագահականներից, ինչ-որ նախարարություններից, ինչ-որ նախարարներից…»:
Հարցին՝ կոնկրետ փաստ ունե՞ք՝ Բադասյանը պատասխանեց. «Մի անգամ անդրադարձել եմ, միջազգային կազմակերպությունների զեկույցներն էլ մեջբերել եմ, որտեղ նման բաներն արձանագրված են, եւ նախկին ՄԻՊ-ի զեկույցն էլ համապատասխան: Կարծում եմ, այն, ինչ հասարակությունը լավ գիտի,կարիք չկա, լրացուցիչ ապացույցներով հիմնավորել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ