Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում լրագրողները հարցրեցին Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի վերաբերյալ, որը նախագահը ստորագրել է, հարցին՝ այդ նախագծի ստորագրումը կապում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի հետ, ի՞նչ կասեք այդ մասին եւ ի՞նչ եք կարծում, ՍԴ դատավորները «կհանձնվե՞ն»՝ նախարարը պատասխանեց. «Չգիտեմ ինչ նկատի ունեք հանձնվել ասելով: Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել: Բազմիցս հայտարարվել է, որ որեւէ անձ չունի երաշխիք, որ ինքը չի հետապնդվելու քրեական դատավարությամբ սահմանված կարգով: Նայեք մեր երկրում քանի նախկին եւ ներկա պաշտոնատար անձ կա, որոնց մասով իրականացվում է քրեական հետապնդում: Այսինքն, եթե կա կոռուպցիոն գործ, անկախ նրանից, թե դա ինչ զուգահեռներ տանելու հնարավորություն կընձեռի որոշ անձանց, ինչ կլինի, բնականաբար, քրգործերը պետք է քննվեն արդյունավետությամբ: Եթե այսօր չլիներ, լիներ մեկ շաբաթ առաջ, կասեին՝ այ, որ ԱԺ-ում վաղ կենսաթոշակի նախագիծը քննարկվում է, դրա հետ է կապված: Եթե արդեն լիներ հունվարին, կասեին՝ այ քանի որ ուժի մեջ է մտել օրենքը ու այն ժամկետն է, որ ընթացքում ՍԴ դատավորները կարող են դիմել վաղ կենսաթոշակի համար, դրա հետ է կապված: Եթե ընդհանրապես չլիներ վաղ կենսաթոշակը, կասին՝ սա կապված է նրա հետ, որ վերահսկելի ՍԴ չունեն: Միշտ կարելի է զուգահեռ տանել»: Բադասյանը դա որակեց որպես շահարկում:
Հարցին՝ ՍԴ-ի թույլտվություն պետք չէ՞՝ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու համար՝ Բադասյանը պատասխանեց, որ հարցը չի վերաբերում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, այլ վերաբերում է Թովմասյանի՝ նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին եւ այդ մասով, բնականաբար, ՍԴ թույլտվությունը քրեական հետապնդման մասով չի պահանջվում եւ այդպիսի անձեռնմխելիություն ՍԴ նախագահը չունի:
Որպես օրինակ, Բադասյանն ասաց. «Հիմա պատկերացրեք, ես կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարեմ, հետո նշանակվեմ դատավոր ու դատավոր եղած ժամանակ քրգործ լինի, ես, բնականաբար, չեմ օգտվում դատավորի կարգավիճակից բխող անձեռնմխելիությունից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ