Հանրային խորհուրդը նախկինում անտեսված կառույց է եղել, հանրապետությունում աշխատող քաղաքացիական հասարակության կառույցները աշխատում էին խորհրդի հետ գործ չունենալ, բայց հիմա իրավիճակը այլ է, շատ-շատերը պատրաստ են համագործակցության: «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը:
«Ես չէի պատկերացնի, որ իմ անձը այսպես կմեծացնի Հանրային խորհրդի նկատմամբ վերաբերմունքը, չեմ թաքցնի»,- ասաց նա՝ հավելելով, որ իր նշանակումից ի վեր շփումներից հասկացել է՝ կան սպասումներ, որ խորհուրդը հանրային շահն է սեղանին դնելու: Դա իրեն պարտավորեցնում է, նաեւ ուրախացնում՝ մարդիկ ուզում են, որ պետության բոլոր ինստիտուտները աշխատեն:
Համատեղ աշխատանքների, տարբեր հարցեր բարձրացնելու 100-ից ավելի առաջարկներ է ունեցել այս մի քանի օրերի ընթացքում, տարբեր հանդիպումներ, մարդկանց հետ, ովքեր նախկինում անդամակցել էին այդ կառույցին, բայց ինչ-ինչ պատճառներով հրաժարվել էին, հեռացել:
Հանրային խորհուրդ սահմանադրական մարմինը ստեղծվել է 2008-ի մարտի 1-ից հետո: Այդ իրադարձություններից, ըստ Ստեփան Սաֆարյանի, ամեն մեկը յուրովի քաղեց դասը: Դասերից մեկն էլ, որը իշխանությունն այն ժամանակ տեսնում էր, այն էր, որ այդ կառույցը բազում լարված իրավիճակներում, այդ թվում նաեւ տարբեր սոցիալական շերտեր-կառավարություն, տարբեր սոցիալական շերտերի միջեւ լարվածությունները թուլացնելու է: Հանրային խորհրդի նկատմամբ նախկինում հանրային անտարբերությունը կամ խորհրդի՝ իր գործառույթները լիարժեք չկատարելու մասին էլ Ստեփան Սաֆարյանն ասաց, որ իր կարծիքն ասել է՝ հանուն արդարության եւ չի ցանկանում ինքնահաստատվել նախկինում չարածների վրա:
Կարդացեք նաև
Հանրային խորհրդի առաքելություններից մեկը, իր համոզմամբ, կամրջելն է սեւի ու սպիտակի բաժանումները՝ նաեւ ճիշտ ժամանակին հանրային շահը վեր հանելու առումով:
Հանրային խորհրդում հավաքված թեկուզ ամենահեղինակավոր 45 մարդու կարծիքն ինքը դժվարությամբ է հանրային կարծիք համարում: Այս իմաստով, ասաց, որ պատրաստվում են Հանրային խորհրդի մասին օրենքում փոփոխություններ նախաձեռնել, որպեսզի խորհուրդը լիարժեք գործունեության իրավունք ստանա: Հանրային խորհրդի մասին օրենքով տրված բոլոր հնարավորությունները նախկինում չեն օգտագործվել եւ դրա պատճառները նաեւ ֆինանսական են եղել: Հանրային խորհուրդը նույնիսկ գրասենյակ չունի, նախկինում առաջարկներ եղել են կառավարության կողմից, որոնք մերժվել են, թե ինչ պատճառով, ինքը չգիտի:
Օրենքների փորձաքննություններով, նախատեսվում է նաեւ, որ խորհուրդը հանրային կարծիքի ուսումնասիրություններ իրականացնելու իրավասություններ կստանա, փորձագիտական եզրակացություններ կտրվեն: Այս եւ այլ գործառույթների համար նաեւ որոշակի ֆինանսական միջոցներ կտրամադրվեն, քանի որ լուրջ փորձագետները անընդհատ չեն կարող անվճար փորձաքննություններ իրականացնել: Նաեւ նվազագույն ծախսերի խնդիր պետք է լուծվի՝ մարզերում տարբեր միջոցառումներ կազմակերպելու, դրանց մասնակցելու, մարդկանց Հանրային խորհրդի աշխատանքներում ներգրավվելու եւ այլնի համար: Անվճար աշխատանքի միակ մոտիվացիան ՀՀ-ի, հանրության շահին ծառայելն է եւ այդ համատեքստում, ըստ նրա, վերլուծությունները պետք է դրվեն վարչապետի սեղանին եւ դրանք չպետք է անտեսվեն:
Այս մասով, ի դեպ, վարչապետի հետ զրույց ունեցել է: «Ինքն ակնկալում է, որ իր սեղանին կդրվի այն, ինչը չի հասնում տարբեր պատճառներով. կառավարությունում կա բուրգ եւ գաղափարները մաղվում են, կորում են, ինչը Հանրային խորհրդում որեւէ պարագայում չի լինի»,- ասաց բանախոսը:
Այս պահին, Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ դատաիրավական բարեփոխումների փաթեթը ճիշտ կլինի խորհրդում քննարկել: Նա հիշեց այս առնչությամբ, մասնավորաբար, վեթինգի գաղափարի շուրջ իր եւ խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի վեճերը, ասաց, որ անգամ եթե դեմ ենք արտահայտվում որեւէ գաղափարի, ապա այլընտրանք պետք է առաջարկենք, ինչի մասին խորհրդի երեկ կայացած նիստում շատ խոսվեց:
Օրակարգում է նաեւ Արցախի խնդրի հետ կապված ուսումնասիրություն անցկացնելը, համատիրությունների, գազի սպասարկման եւ այլ հարցերով են իրենց դիմել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ