«Շատերը վատ են ճանաչում ՍԴ դատավորներին: Նրանք ուժեղ մարդիկ են եւ հայրենասերներ, նվիրյալներ: Եթե խաղաղ ժամանակահատվածում հերոսներ եք ման գալիս, ապա նրանք հիմա այս շենքում նստած աշխատում են: Չեմ վարանի անուններն ասել՝ Ալվինա Գյուլումյան, Արեւիկ Պետրոսյան, Հրանտ Նազարյան, Ֆելիքս Թոխյան, Արայիկ Թունյան, Արման Դիլանյան…»,-լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:
Հիշեցնենք, որ նրան պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել: Նա ասաց, որ ՍԴ-ի հանդեպ այս ընթացքում ճնշումներ են եղել:
Նկատառմանն ի պատասխան, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի անունը չասաց, Հրայր Թովմասյանը նշեց, որ նրա անունն իր թվարկած ցուցակի մեջ չի մտնում: «Նրանք իրականում հերոսներ են: Եթե որեւէ մեկը մտածում է, որ նրանք կարող են կաշառք անվանումը ստացածով գայթակղվել, ապա վատ են ճանաչում նրանց: Իմ թվարկած դատավորներից որեւէ մեկը չի գնա դրան: Թող որեւէ մեկը չմտածի, թե նրանք անկախ դատական իշխանությունը սկուտեղի վրա մատուցելու են…աթոռի պայքար չի, հակառակը, այսօր պայքար է այն մասին, թե վաղն ինչպիսի դատական համակարգ ենք ունենալու»,-շարունակելով վերոնշյալ դատավորների մասին միտքը՝ ասաց Հրայր Թովմասյանը:
Նա վստահեցրեց, որ այս ամենը քաղաքական գործընթաց է եւ մեկ նպատակ է հետապնդում. «Այն Հրայր Թովմասյանին, որին ճանաչում եք, ոչինչ չի կասեցնելու, իսկ իմ թվարկած դատավորներին ոչինչ չի կասեցնելու՝ ապագան կերտելու գործում: Մեղադրանքի առաջադրումն իրավական գործընթացի հետ կապ չունի»:
Կարդացեք նաև
Այլ հարցերի պատասխանել Թովմասյանը չնախընտրեց՝ ելնելով նախաքննության փաստից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ