«Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնող խումբը դեկտեմբերի 26-ի երեկոյան տարածած հայտարարությամբ գնահատում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ վերջին օրերի պատրաստակամությունը և հույս հայտնում, որ Երևանի Գևորգ Քոչար փողոցում գտնվող հուշարձան շենքի ամբողջականությունը պահպանելու ընդունելի լուծում կգտնվի տոներից հետո։
Կառավարության հետ երկխոսության 7 պահանջ է նշված՝ դադարեցնել Գրապալատի մասնաշենքի տարածքում ընթացող բոլոր աշխատանքները. տվյալ ամբողջ համալիրը դիտարկել որպես հանրապետական նշանակության հուշարձան՝ պահպանման կարգավիճակ շնորհելով կառույցի բոլոր մասնաշենքերին, այդ թվում՝ Գրապալատի և Դրամատիկական թատրոնի շենքերին. մշակել ամբողջական համալիրի պահպանման և վերականգնման հայեցակարգ. համատեղ ուժերով նախապատրաստել բաց մրցութային փաթեթ. թե՛ նախամրցութային, թե՛ հետմրցութային փուլերում ապահովել հանրության մասնակցությունը. լավագույն մասնագիտական լուծումներ գտնելու համար հատկացնել անհրաժեշտ և ողջամիտ ժամկետներ. ընտրող հանձնաժողովի կազմում ներգրավել նախարարության, նախաձեռնող խմբի, Երևանի քաղաքապետարանի ու ավագանու, Հայաստանի ճարտարապետների պալատի և այլ շահառուների՝ ապահովելով ճարտարապետների մեծամասնությունը հանձնաժողովի կազմում։
Հայտարարության հեղինակները ողջունել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրապարակային տեսակետը, որ այդ շենքը հուշարձան է, և նոր մրցույթ կհայտարարվի, սակայն նաև արձանագրել են, որ դա տեղի ունեցավ նախաձեռնող խմբի, մասնագետների և այլ շահագրգիռ անձանց հայտարարություններից հետո միայն.
«Այս փաստը մեկ անգամ ևս վկայում է, որ պետական ու տեղական կառավարման համակարգում ժառանգության և քաղաքային պլանավորման ոլորտներում առկա են խորքային խնդիրներ»։
Կարդացեք նաև
Ծանուցվում է նաև, որ ոլորտում համակարգային լուծումներ գտնելու սկզբունքին հավատարիմ՝ նախաձեռնող խումբը Երևանում և այլ վայրերում հետամուտ է լինելու պատմական միջավայրում կառուցապատման իրավական ու մասնագիտական կանոնակարգերը վերանայելուն, բացառելով առանց հանրության մասնակցության նման չմտածված ու վիճահարույց միջամտությունները։
«Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնող խումբ