Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը հերքում է, որ յուրացրել 89 մլն դրամից ավելի արժեցող իրեր, որոնք պետք է որպես օգնություն տրամադրվեին համայնքի անապահով ընտանիքներին։ Երեկ զրույցում քաղաքապետն ասաց, թե դրանք հեքիաթներ են։
Նախօրեին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ստեփանավան համայնքի ղեկավարը, հանդիսանալով «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կատարել է ապօրինություններ:
– Ոստիկանությունը նշում է, որ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, համայնքի անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու անվան տակ, յուրացրել եք 89 միլիոն դրամից ավելի կազմող տարբեր իրեր։
– Ի՞նչ երեխա, ի՞նչ օգնություն, բարեգործական օգնություն ա։ Հիվանդանոցներին, մանկապարտեզներին սնունդ են ուղարկել եւ հագած շորեր։ Հագած շորերը ես տարել եմ, ծախե՞լ։
– «Բավարիայի երկրամասի Կարմիր խաչ» կազմակերպությունից 2013-2019 թթ. ստացե՞լ եք 316 հազար եվրոյից եւ 32 միլիոն դրամից ավելի արժեցող կենցաղային ու տնտեսական իրեր։
– 316 հազար եվրոն մոտ 180 միլիոն դրամ է: Դուրս է գալիս՝ օգնության կեսը ես տարել եմ, կերե՞լ։ Հնարավո՞ր ա նման բան։ Օգտագործած շորե՞րը։
– Միայն շորե՞ր են եղել, գումար չի՞ եղել։
– Չէ, ինչ գումար, ուղղակի սիմվոլիկ, որպես ապահովագրություն, գումար են նշանակում, որ հանկարծ ուղեբեռը չվնասվի, ծովը չընկնի, վթարի չենթարկվի։ Օգնությունը եղել ա հագած շորեր, հիվանդանոցների պարագաներ։ Բժշկական պարագաները տվել եմ Տաշիրի ու Ստեփանավանի բուժկետերին ու հիվանդանոցներին, ամեն ինչը նկարներով, փաստաթղթերով կա։ Մակարոնեղեն են ուղարկել մանկապարտեզների համար, լրիվ տվել եմ մանկապարտեզներին։ Հագած շորերն էլ տվել ենք բնակչությանը։
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում