Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ելքը կանխատեսելի է ՍԴ նախագահի եւ այն դատավորների դեպքում, որոնք հավատարիմ են իրենց երդմանը. Արծվիկ Մինասյանը՝ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու մասին

Դեկտեմբեր 27,2019 12:11

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել` 308.2 հոդվածով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

«Աչք վախեցնելու մեթոդն են ուզում կիրառել: Համոզված եմ, որ այս ապօրինի գործողություններն ի վերջո պատասխանատվության են կանչելու դրանց նախաձեռնողներին, պատվիրատուներին»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՅԴ-ական նախկին պատգամավոր, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանի շենքում հարցաքննում են դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին:

Արծվիկ Մինասյանը նշեց. «Այս քննչական գործողությունը, որը ձեւակերպվել է որպես վկայի հարցաքննություն, ցանկացած պահի կարող է վերածվել մեղադրանքի առաջադրման: Չի բացառվում ազատությունից զրկումը՝ ձերբակալումը կամ կալանավորումը: Այս ելքը կանխատեսելի է նաեւ ՍԴ նախագահի եւ այն դատավորների դեպքում, որոնք հավատարիմ են իրենց երդմանը: Իրենք տոկուն եւ վճռական պետք է լինեն՝ ի պաշտպանություն սահմանադրական նորմերի»,-նկատեց Արծվիկ Մինասյանը:

Նրա համոզմամբ՝ իշխանությանը ոչ հաճո անձինք այսօր պիտակավորվում են, խախտվում է նրանց անմեղության կանխավարկածը. «Հասկացանք, որ հանրության քվեն են ստացել, բայց դա թույլ չի տալիս լինել ամբարտավան: Բառեր են ասում, որոնց էությունն էլ չեն հասկանում»:

Հիշեցնենք, որ Թովմասյանի վերաբերյալ դատախազությանը դեռեւս հոկտեմբերին դիմում էր հղել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ինչից հետո ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ (ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասը իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը):

Հիշեցնենք նաեւ, որ տարածքին ապօրինի տիրանալու մեղադրանք է առաջադրվել Հրայր Թովմասյանի սանիկին՝ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության վարչության նախկին պետ Նորայր Փանոսյանին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031