Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունների կողմից ճնշումների ենթարկվողները» ոչ այնքան լրատվամիջոցներ են, որքան քարոզչամիջոցներ. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 27,2019 11:56

Վերջին օրերին ընդդիմության ամենասիրելի թեման դարձել է լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող ճնշումների հարցը։ Իբր՝ իշխանությունները տոտալ գրոհ են սկսել ազատ խոսքի եւ լրատվամիջոցների դեմ, ու վերջին մեկուկես տարիների ընթացքում ավելի շատ լրագրողներ են հարձակման ենթարկվել ու ավելի շատ գործեր են հարուցվել լրատվամիջոցների նկատմամբ, քան նախորդ տասը տարիներին։ Նույնիսկ կոնկրետ թվեր են ներկայացվում (թե լրատվամիջոցների դեմ քանի դատական հայց կա), օրինակներ են բերվում (ասենք՝ «Հայելի» ակումբի վրա «իշխանական համակիրների» կողմից ձվեր նետելը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրատուն ներխուժելը, TV 5 հեռուստաընկերության սեփականատիրոջ ձերբակալությունը) եւ այլն։

Փորձենք հասկանալ։ Նախ՝ դատական հայցերի մասին։ Լրատվամիջոցները տարբեր պաշտոնյաների մասին ինչ ուզում՝ գրում են, ու շատ հաճախ այդ պաշտոնյաները (ո՞ւմ մտքով կանցներ) դիմում են դատարան, այսինքն՝ վարվում են այնպես, ինչպես նախատեսված է օրենքով։ Նախկինում էլ նման բաներ երբեմն պատահում էին, բայց ավելի հաճախ իշխանություններն անցանկալի լրագրողներին ու լրատվամիջոցներին կամ ահաբեկում էին, կամ կաշառում, այսինքն՝ հարցը լուծում էին «հայավարի»։ Ու եթե հիմա այդ խնդիրները լուծվում են օրենքով, դա միայն մի բան է նշանակում՝ լրատվամիջոցները պաշտպանված են օրենքով։ Որոշ լրատվամիջոցների սա զուցեեւ դուր չի գալիս, որովհետեւ օրենքով պաշտպանված լինելը նաեւ պարտավորեցնում է գործել օրենքի շրջանակներում, բայց համաձայնվեք՝ այդ պարտավորությունը «լրատվամիջոցների նկատմամբ ճնշում» անվանելը չափազանցություն է։

Հիմա՝ «իշխանական համակիրների» գործողությունների մասին։ Ըստ համապետական վերջին ընտրությունների արդյունքների՝ ՀՀ չափահաս բնակչության ավելի քան 70 տոկոսն իշխանությունների համակիր է։ Հիմա ի՞նչ, եթե, ասենք, որեւէ գյուղում իշխանության որեւէ համակիր հարեւանի հավը գողանա, պիտի ասենք, որ իշխանություննե՞րն են գողացել այդ հավը, կամ եթե այդ մարդուն ոչ թե կալանավորեն, այլ ընդամենը տուգանեն, պիտի ասենք, որ իշխանությունները հովանավորո՞ւմ են հավագողությունը։

Ի դեպ՝ նկատենք նաեւ, որ «իշխանությունների կողմից ճնշումների ենթարկվողները» ոչ այնքան լրատվամիջոցներ են, որքան քարոզչամիջոցներ։ Քարոզչամիջոցների գործունեությունն, իհարկե, օրենքով չի արգելվում, ավելին՝ դրանք նույնպես պաշտպանված են օրենքով։ Պարզապես պետք է արձանագրել, որ դրանց գործունեությունը խոսքի ազատության հետ  առանձնապես կապ չունի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031