Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Դոյդոյան. Երբ վարչապետը նման հայտարարություններ է անում, լավ կլինի ծանոթանա, թե ինչքանով են իրեն ենթակա պետական կառավարման մարմինները աշխատում. «Ժամանակ»

Դեկտեմբեր 27,2019 11:14

Մենք ցանկանում ենք հասնել մեր հռչակած նպատակներից կարևորագույնին կամ կարևորներից մեկին՝ հասնել կառավարության գործունեության 100 տոկոսանոց թափանցիկության: Այդ մասին նախօրեին կառավարությունում լրատվամիջոցների համար կազմակերպված նախատոնական ընդունելության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվ ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել՝ հանկարծ չմտածեք, թե կառավարության գործունեությունը 100 տոկոսով թափանցիկ է նույնիսկ վարչապետի համար, որովհետև ոչ թե անձից կախված, այլ պետք է արձանագրենք, որ որևէ անձ չի կարող այդքան ինֆորմացիայի տիրապետել: Չնայած այդ ամբողջ ինֆորմացիան ցանկացած պահի օրվա մեջ 24 ժամ հասանելի է լինում վարչապետին, բայց դա չի նշանակում, որ ով էլ լինի, այդ ամբողջ ինֆորմացիային կարող է տիրապետել: Եվ, հետևաբար, լրատվամիջոցների գործունեությունը մեզ օգնում է, որպեսզի որպես կառավարություն առավել թափանցիկ լինենք հանրության առաջ»,-ասաց վարչապետը՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ լրատվամիջոցների գործունեությունն օգնում է, որ կառավարությունը, կառավարության բոլոր անդամները լինեն առավել պրոֆեսիոնալ, առավել կարող, առավել պատասխանատու և հաշվետվողական իրենց գործունեության մեջ: «Ես ուզում եմ ընդգծել, որ իր բոլոր հայտնի և անհայտ թերություններով և բարդություններով հանդերձ, ես շատ կարևոր եմ համարում այն գործունեությունը, որն այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են լրատվամիջոցները»,- ընդգծեց վարչապետը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը հակադարձում է վարչապետին՝ պետական կառավարման համակարգը շատ հեռու է թափանցիկությունից, թափանցիկ գործելաոճից, ուր մնաց՝ հասնի 100 տոկոս թափանցիկության: Դոյդոյանը սեփական օրինակով է ասածը հիմնավորում. շրջակա միջավայրի նախարարություն բազմաթիվ հարցումներ են ուղարկել, կոնկրետ հարցադրումներ են արել, պատասխաններ պահանջել, բայց ստացել են ընդամենը միջազգային մի փաստաթղթից անգլերեն լեզվով հղում։ «Հիմա, եթե պետական մարմինը՝ նախարարությունը այս ձևով է պատասխանում մասնագիտական կազմակերպությանը, ես պատկերացնում եմ, թե լրագրողներին ոնց են պատասխանում՝ լղոզած, ընդհանուր, անիմաստ: Մենք 6 հարց ենք առաջադրել, բայց իրենք մեզ մի անգլերեն լեզվով հղում են տվել: Սա արհեստական իրավիճակ է ստեղծում:

Դրա համար, երբ վարչապետը նման հայտարարություններ է անում, լավ կլինի ծանոթանա, թե ինչքանով են իրեն ենթակա պետական կառավարման մարմինները աշխատում: Վարչապետի հայտարարության հետևից գնացողներ պետք է լինեն: Հարց է առաջանում՝ ունի՞ վարչապետը համապատասխան կադրեր, աշխատակիցներ, որ իր այդ ցանկությունը առաջ տանեն, կյանքի կոչեն: Ես խիստ կասկածում եմ դրանում: Շատ հաճախ անգամ արջի ծառայություն են մատուցում: Լրիվ հակառակն են անում որոշ աշխատողներ»,- ասաց Դոյդոյանը՝ հավելելով, որ գերատեսչությունները չեն ուզում սովորել բաց, թափանցիկ աշխատաոճին: Երբ իրենց մի անհարմար հարց ես ուղղում, խնդիրները սկսվում են: Օրերով, ամիսներով ձգձգվում է հարցման պատասխանը և, ի վերջո, որևէ սպառիչ պատասխան չի լինում։ «Այնպես որ, պետական կառավարման համակարգը բացարձակ պատրաստ չի ժամանակին լիարժեք արձագանքելու լրատվամիջոցների, ՀԿ-ների հարցումներին, պատրաստ չեն աշխատել բաց ու թափանցիկ: Հերիք է մի անհարմար հարցում, ու վերջ, խնդիրները սկսված են»,- ասաց Դոյդոյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, որ կադրերը կրթվեն, վերապատրաստվեն այդ ուղղությամբ, որպեսզի կարողանան կյանքի կոչել վարչապետի «սիրուն հայտարարությունները»: «Իսկ քանի դեռ նման ռեսուրս չկա, չի կարելի վարչապետի հայտարարությունը իրական համարել: Պետական կառավարման մարմինները աշխատում են փնթի ձևով: Նրանք արջի ծառայություն են մատուցում վարչապետին: Վարչապետը մի օր առաջ մի բան է հայտարարում, իրենք հաջորդ օրը դրա լրիվ հակառակ բանն են անում: Սա դավաճանություն է»,- եզրափակեց Դոյդոյանը:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031