Երեխաների որդեգրման վերաբերյալ վերջին աղմկահարույց իրադարձությունների հետ կապված՝ զրուցել ենք ընտանեկան իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Հայկյանցի հետ։ Նա ասաց, որ որդեգրման 2 տարբերակ կա. «Ունենք ներպետական եւ օտարերկրյա որդեգրում։ Երբ երեխան որդեգրվում է ՀՀ քաղաքացիների կողմից, սա ներպետական որդեգրում է, օտարերկրյա որդեգրումն այն է, երբ ՀՀ քաղաքացի երեխան որդեգրվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից եւ արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից»։
– Ո՞ր դեպքում է երեխայի որդեգրումը կատարվում ծնողների համաձայնությամբ եւ ո՞ր դեպքում՝ առանց համաձայնության։
– Երեխան առանց ծնողների հայտարարության կարող է որդեգրվել օրենքով սահմանված մի քանի դեպքերում, եթե երեխայի ծնողներն անհայտ են, եթե երեխայի ծնողները զրկվել են ծնողական իրավունքից, եթե անհայտ բացակայում են կամ մահացած են ճանաչվել, եթե անգործունակ են ճանաչվել եւ եթե ծնողները մեկ տարի շարունակ խուսափում են երեխայի խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելուց։ Այս դեպքերում նրանց համաձայնությունը չի ենթադրվում։
Դրությունը մի փոքր բարդանում է, երբ այս հիմքերը չկան, բայց ծնողը տալիս է համաձայնություն։ Այսինքն՝ հնարավոր է երեխայի որդեգրում ծնողի համաձայնությամբ կամ ծնողական իրավունքներից ծնողի հրաժարման դեպքում։ Ծնողի համաձայնությամբ երեխան կարող է որդեգրվել միայն մեկ դեպքում, եթե երեխան ունի մեկ ծնող։
Կարդացեք նաև
Ընտանեկան հարաբերությունները շատ քիչ ծավալով են կարգավորվում օրենսդրությամբ, մնացած մասը մնում է բարոյական, ավանդույթների դաշտում, մարդկային, հումանիստական արժեհամակարգում։ Օրենքը թույլ է տալիս, որ ծնողը հրաժարվի երեխայի նկատմամբ պարտականություններից, բայց չի պարտավորեցնում հիմնավորել, թե ինչ դրդապատճառով, հաշվի է առնում ընդամենը նրա ցանկությունը, դա նրա խիստ անձնական իրավունքն է։ Ծնողական իրավունքներից հրաժարվելը տեղի է ունենում սահմանված ձեւով դիմում գրելով, այդ դիմումի ձեւը սահմանում է կառավարությունը։ Դա նշանակում է, որ նույնիսկ դիմումն ազատ ձեւով չի լինում, պետությունն այդ հարցը վերցրել է իր վերահսկողության ներքո։ Անձը, որը լրացնում է այդ դիմումը, որով հրաժարվում է իր ծնողական իրավունքներից, դա չի իրականացնում մեկուսի, դա վավերացվում է որոշակի անձանց կողմից։ Կարող են ծնողի վրա նեգատիվ իմաստով ազդել, որ նա հրաժարվի իր երեխայից, բայց այս ընթացակարգերը թույլ են տալիս, որ ծնողը հնարավորինս ճողոպրի, եւ կերեւա, որ ծնողին ստիպել են հրաժարվել, եւ նա դա կամավոր չի արել։ Դիմումը վավերացվում է նոտարական կարգով, եթե դիմումը գտնվում է ծնողի գտնվելու վայրում, իսկ նոտարական վավերացումը ենթադրում է որոշակի գործընթաց, որի ընթացքում կարող է ի հայտ գալ՝ ծնողը դա անում է կամովի, անում է դա վճարման հիմա՞ն վրա, այսինքն՝ նյութական շահագրգռվածությամբ, որն արգելված է օրենքով։
Եթե նոտարական վավերացմամբ չի լինում, ապա դիմումը պետք է հաստատի այն կազմակերպությունը, որտեղ գտնվում է երեխան՝ կազմակերպության ղեկավարի կողմից։ Բայց այստեղ էլ է օրենքը հաշվի առնում, որ նրանք երկուսով օբյեկտիվությունը չեն կարողանում ապահովել, եւ անպայման նախատեսում է, որ այդ դիմումի հաստատումը լինի սոցիալական ոլորտի կազմակերպության տարածքային կառույցի ներկայացուցչի պարտադիր ներկայությամբ։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում