ՀՀ Սահմանադրական դատարանի շենքում այսօր Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննում է դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին: Շենքի առաջ նրա աջակիցներն են:
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ կասկած չունի, որ ՀՔԾ-ի այս հարցաքննությունը Թովմասյանի դեմ ուղղված քայլերի թվում է. «Այսօր ականատեսը կլինենք հերթական բեմականացման հաջորդ արարին»:
Նախկին պաշտոնյան նշեց՝ տեղյակ չի, թե ինչ գործով է Թովմասյանը հարցաքննվում, բայց դա էական էլ չի:
«Վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, թե ինչ է կատարվում: Այս օրենքի նպատակն ամենեւին դատավորների անկախությունը բարձրացնելը չէ. այն հետապնդում է մեկ նպատակ՝ ազատվել ՍԴ այս կազմից ցանկացած եղանակով: Ամեն միջոց գործի է դրվում՝ բարեկամների հանդեպ հետապնդումներ, շրջապատի հանդեպ արդեն…կարելի էր դա ենթադրել: Հիմա արդեն դատավորների նկատմամբ է: Տպավորություն է, որ անպարկեշտ առաջարկ են անում եւ ակնկալում, որ կընդունեն: Ճանաչելով ՍԴ յոթ դատավորներին՝ վստահ եմ, որ որեւէ մեկը նրանցից չի ընդունի այն: Նրանք շատ ավելի լուրջ եւ իրենց բարձր գնահատող մարդիկ են»,-ասաց Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկող աղմկահարույց օրենքին:
Կարդացեք նաև
Հարությունյանի բնորոշմամբ՝ դա հակասահմանադրական օրենք է, որը հանգիստ կարող է պիտակավորվել որպես պետականորեն տրվող կաշառք. «Ժողովրդավարական երկրի համար, որը հավակնում է լինել իրավական պետություն, անթույլատրելի է դա»:
Հիշեցնենք, որ Թովմասյանի վերաբերյալ դատախազությանը դեռեւս հոկտեմբերին դիմում էր հղել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ինչից հետո ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ (ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասը իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը):
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ