Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գործընթացը լինելու է քաղաքական

Դեկտեմբեր 27,2019 10:00

Վերջերս զրուցում էի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ, եւ նա ինձ հայտնեց, որ Հայոց պատմության նոր քառահատոր ակադեմիական հետազոտության մեջ ինստիտուտը որոշել է կանգ առնել 1991 թվականի վրա: Այդ մոտեցումն ինձ տրամաբանական է թվում. վերջին 28 տարվա իրադարձությունների հիմնական դերակատարները հիմնականում ողջ-առողջ են (Աստված նրանց երկար կյանք տա), կան քաղաքական ուժեր, կան բազմաթիվ մարդիկ, որոնք խիստ շահագրգռված են, որ այդ իրադարձությունները ներկայացվեն այս կամ այն կերպ: Նման պայմաններում պարզապես անհնարին է խիստ գիտական, չեզոք, անաչառ շարադրանքը, որովհետեւ հասարակության մեջ չկա կոնսենսուս, թե ինչպես է պետք գնահատել մեր պատմության այս վերջին ժամանակահատվածը: Օրինակ, 1992-94 թվականները «ցրտի-մթի» տարինե՞ր էին (քոչարյանական քարոզչության թեթեւ ձեռքով), թե՞ մեր ժողովրդի հաղթանակի տարիներ: Ավելին՝ եթե նույնիսկ այս պահիս կա ձեւավորված հասարակական կարծիք կոնկրետ իրադարձության կամ երեւույթի վերաբերյալ, ապա կարելի է փաստել, որ այդ կարծիքն էլ է խիստ փոփոխական:

Ճիշտ նույն ձեւով «Մարտի 1-ի» վերաբերյալ հեղափոխությունից առաջ մի բան է դասագրքերում գրվել, հեղափոխությունից հետո, հավանաբար, կգրվի մեկ այլ բան: Ընդ որում, ենթադրում եմ, «պլյուսն» ու «մինուսը» տեղերով կփոխվեն:

«Մարտի 1-ը» դեռ ոչինչ՝ Հայաստանի առաջին հանրապետության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը եւ, հետեւաբար, պատմաբանների մոտեցումները փոխվում են նրանից, թե ինչպիսի հարաբերություն ունի օրվա իշխանությունը Դաշնակցության հետ՝ մերթ 1918-20 թվականները մեզ մոտ մաքուր «ավազակապետություն» էր, մերթ՝ երկնային դրախտ:

«Ապրիլյան պատերազմի» հարցում նույնպես վերաբերմունքը պայմանավորված է քաղաքական կոնյունկտուրայով՝ այժմ խնդիր կա պաշտոնական մակարդակով ապացուցելու, որ ամեն ինչ գողացած էր, զենք-զինամթերք չկար, զինվորները կռվում էին բահերով եւ ընդհանրապես դա «պայմանավորված պատերազմ» էր, բայց բացառված չէ, որ, ասենք, հինգ տարի հետո սկսեն խոսել այն մասին, թե որքան իմաստուն էր եւ հեռատես այն ժամանակվա քաղաքական ու զինվորական ղեկավարությունը:

«Հոկտեմբերի 27»-ն, իհարկե, կոնկրետ հանցագործություն է, որի կատարողները հայտնի են, իսկ կազմակերպիչներն ու հովանավորները՝ ոչ: Հայաստանի բոլոր քաղաքացիները, աշխարհի բոլոր հայերը ցանկանում են, որ դատարանի առջեւ կանգնեն նաեւ նրանք, ովքեր դրդել են ահաբեկիչներին եւ նպաստել ոճրագործությանը: Իսկ որ նման մարդիկ կան, ոչ ոք, կարծում եմ, չի կասկածում: Բայց ես խիստ թերահավատ եմ, որ այս պահիս հնարավոր է ճշմարտությունը պարզել: Կլինեն լրագրողական հոդվածներ, ֆեյսբուքյան «ստատուսներ», հարցազրույցներ, քննարկումներ, տարբեր մարդիկ իրենց եւ իրենց խմբի շահերից ելնելով առաջ կքաշեն այս կամ այն վարկածը: Գործընթացն այսպիսով լինելու է զուտ քաղաքական: Արդյո՞ք դա նպաստելու է հանցագործության բացահայտմանը: Գուցե հակառա՞կը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Պատմիչները բոլոր դարերում և բոլոր երկրներում եղել և կան պալատական՝ինչ կթելադրեն այն էլ կգրվեն…:Մենք էլ բացառություն չենք….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031