Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետի 2 թեկնածու՝ մեկ տնից

Դեկտեմբեր 27,2019 13:30

Եզակի անուններով ամուսիններ Հայկանդուխտն ու Դրաստամատն արդեն 44 տարի է՝  միասին են։ Մուցք գյուղի գյուղապետի խոսքով՝ իրեն անվանակոչել են ի պատիվ Դրաստամատ Կանայանի, իսկ նրա կինն ասաց, որ իր անունը տատիկի անունն է, որ նշանակում է Հայկի դուստր։

Ծառայությունից վերադառնալուց հետո Դրաստամատը ուսանողական տարիներին Գորիսում հանդիպում է իր համագյուղացուն՝ ապագա կնոջը։ Նրանք ամուսնանում են եւ բնակություն հաստատում Մուցքում։

Երկար տարիներ ամուսինները մշտապես իրար աջակցել են, նեցուկ են եղել միմյանց։ Ինչպես իրար շարունակելով եւ լրացնելով պատմում էին իրենց հասած բախտի մասին, այնպես էլ ողջ կյանքի ընթացքում քայլել են կողք կողքի՝ խուսափելով անհիմն վեճերից։ Սակայն արի ու տես՝ ճակատագիրը ամուսինների համար հետաքրքիր փորձություն էր  պատրաստել։

Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ գործող գյուղապետ Դրաստամատը վերստին առաջադրում է իր թեկնածությունը։ Գյուղապետի այլ թեկնածուի բացակայության առիթից օգտվելով՝ գյուղի դպրոցում երկար տարիների մանկավարժ  աշխատած Հայկանդուխտն էլ  է առաջադրվում, ճակատագիրն ամուսիններին հանում է իրար դեմ:

«Ցանկանում էի նման աշխատանքներ կատարել, որովհետեւ երկար տարիներ դպրոցում էի աշխատել, ուզում էի աշխատանքիս բնույթը որոշակի փոխել»,-նշում է Հայկանդուխտը։

Սակայն Դրաստամատը, ձայների 70%-ը հավաքելով, հաղթանակ է տանում։ Հայկանդուխտն էլ կարծում է, որ իրեն ձայն չէին տվել հատկապես իր աշակերտների ծնողները, ովքեր չեն ցանկացել կորցնել իրենց ուսուցչուհուն։ Իսկ մյուսներն էլ մտածել են, որ գյուղապետի աշխատանքը տղամարդու համար է։

Ամուսինը միշտ նայել է կնոջը հավասարը հավասարի աչքերով, երբեք չի թերագնահատել նրան, սակայն հոգու խորքում վստահ է եղել, որ հենց ինքն է հաղթելու:

«Անգամ կնոջս հաղթանակի դեպքում ես ինձ վատ չէի զգա։ Տարբերություն չկար՝ կինս կհաղթեր, թե մեկ այլ թեկնածու»,-ասաց գյուղապետը։

Ամուսինների առօրյան այդքան էլ չի տարբերվում մյուս գյուղացիների կյանքից։ Նրանք զբաղվում են ե՛ւ անասնապահությամբ, ե՛ւ հողագործությամբ: «Բոլորն էլ պետք է աշխատեն, իրենց աշխատանքի վաստակով կարողանան ապրել։ Միայն թոշակով կամ աշխատավարձով ապրելը հնարավոր չէ», -ասաց Դրաստամատը: Իսկ կինը սպասեց այնքան, մինչեւ ամուսինը կավարտեր խոսքը եւ շարունակեց նրան. «Մենք կարող ենք ամուսիններով միայն մեր թոշակով եւ աշխատավարձով ապրել, բայց դա բավարար չէ մեր երեխաներին օգնելու համար։ Քանի ուժ եւ եռանդ ունենք, քանի մեր թոռները ուսանողներ են, մենք նրանց պետք է օգնենք։ Դա է հիմնական նպատակը»:

Դրաստամատը Հայկանդուխտին հաճախ երգեր է նվիրում, որոնց մեծ մասի հեղինակը հենց ինքն է։ Տիրապետում է ակորդեոնի, որն էլ ավելի է գեղեցկացնում երգը՝ նվիրված սիրելիին։ Նրանք  ցավով արձանագրեցին, որ այսօր երիտասարդները ձգտում են քաղաքի կյանքին, ինչի արդյունքում գյուղը դատարկվում է։ Սակայն հոգով երիտասարդ ամուսինները  Մուցքից հեռանալու նպատակ չունեն:

«Քո բնակավայրը, բնությունն ու քո հասարակությունը քեզ համար ավելի քաղցր են։ Ինձ եւս  շատ հարազատ եւ քաղցր են  իմ գյուղն ու  իմ բնակչությունը։ Իմ մահը պետք է կնքվի հենց այս համայնքում»,-ասաց Դրաստամատը։

Սյուզի ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031