Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դեկտեմբերի 20-ին դատավոր Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ, դատավորներ Լեւոն Գրիգորյանի եւ Դավիթ Սերոբյանի մասնակցությամբ, բեկանեց թոշակառու մանկավարժ Մարգարիտա Շահինյանի գործով Կենտրոնի դատարանի վճիռը, այն ուղարկեց ստորադաս դատարան՝ նոր քննության. «Դատարանը գտնում է, որ նոր քննությունը պետք է իրականացվի ամբողջ ծավալով, քանի որ լրացված պահանջի բավարարումը կարող է ազդել նաեւ ներկայացված մյուս պահանջների վրա, այսպես, եթե պարզվի, որ հայցվորն իր դրամական պարտավորություններն ամբողջովին կատարել է, ապա հարց կառաջանա աճուրդի իրականացման իրավաչափ լինելու վերաբերյալ»:
Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց վերաքննիչ բողոքը՝ ամբողջությամբ բեկանեց դատարանի վճիռը:
Մարգարիտա Շահինյանը հայց էր ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, Էդգար Թորոսյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի, «Արդշինբանկ» ՓԲ ընկերության՝ անշարժ գույքի աճուրդը եւ դրա հիման վրա կնքված աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
«Առավոտը» այս տարվա փետրվարին եղել է Մարգարիտա Շահինյանի տանը: Տիգրան Մեծի 44 շենքի 8/1-ի 65-ամյա տանտիրուհուն՝ մանկավարժ Մարգարիտա Շահինյանին, նրա 70-ամյա ամուսնուն՝ թոշակառու, պատմաբան Գագիկին (լուսանկարում), նրանց միակողմանի ծնողազուրկ, հիվանդ թոռանն ու դստերը վտարելու պահանջով դիմել են դատարան: Բազմաբնակարան շենքը, որը կառուցվել է 1935 թվականին, ուներ երկրորդ հարկ, որը Մարգարիտա Շահինյանն ամուսնու, որդու, դստեր եւ անչափահաս փոքրիկի հետ գնել էր 2002թ.-ին: Շահինյանի որդին՝ իր երկու անչափահաս երեխաների հետ, աշխատանք գտնելու նպատակով մեկնել է Ռուսաստան, իսկ ընտանիքը շարունակում է ապրել 78 քմ մակերեսով տանը:
Կարդացեք նաև
«Տան ծածկը՝ շիֆերները, հնացած էին, հատակը՝ փայտյա, պատերը՝ ոչ պիտանի, առաստաղն էլ հորդառատ անձրեւներից հետո բացվել էր եւ ընկել երեխաների մահճակալի վրա: Ստիպված վարկ վերցրեցինք՝ տանը կոսմետիկ վերանորոգում իրականացնելու նպատակով»,-ասում է Մ. Շահինյանը:
Մարգարիտա Շահինյանը դիմել էր «Առէքսիմբանկ»-«Գազպրոմբանկի խումբ» ՓԲ ընկերությանը, եւ ստացել երեք տարով 6 միլիոն դրամի վարկ: Գրավ է դրվել նկարում պատկերված տունը: Կենսաթոշակառուները.դատարանում էլ հայտնեցին, թե իրենք մուծել են մայր գումարից էլ ավելի գումար՝ 6 միլիոն 700 000 դրամ: Հետագայում բանկից գրություն են ստացել, համաձայն որի՝ նրանք դեռ պարտք են մեկուկես միլիոն մայր գումարից: Բանկն առաջին իսկ փորձով ԴԱՀԿ-ի աճուրդով գնել էր վիճելի տունը, այն էլ՝ 5 միլիոն 300 000 դրամով: Գլխուղեղի հիվանդությամբ տառապող կինը մի քանի անգամ գնացել էր բանկ, հայտնել, թե ԴԱՀԿ-ի աճուրդի ժամանակ եղել է հիվանդանոցում, խնդրել էին, որպեսզի փուլ առ փուլ վճարեն երեք հարյուր հազար դրամը, այսպիսով, մայր գումարից էլ ավելի, սակայն բանկը չէր համաձայնել: Ըստ հայցվորի` ինքը պատշաճ կատարել է բանկի առջեւ ստանձնած պարտավորությունները, եւ Մ.Շահինյանն ասում է, որ «Առէկսիմբանկ»-«Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի իրավահաջորդ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն եւ սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանը պայմանագրով սահմանված կարգի խախտմամբ, առանց Մարգարիտա Շահինյանին տեղեկացնելու, կազմակերպել են աճուրդ եւ սեփականության իրավունքը` գրավադրված գույքի նկատմամբ փոխանցել «Արդշինբանկ» ՓԲԸ-ին: Սնանկության գործով կառավարչի եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջեւ 2018 թվականի փետրվարի 19-ին կնքվել է անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիր: Ահա, թե ինչու էր վերաքննիչ քաղաքացիական դատարանն անդրադարձել աճուրդի հարցին, որն անտեսվել էր ընդհանուր իրավասության դատարանում:
Մ. Շահինյանը պնդում էր, որ խախտվել է օրենսդրությամբ եւ կողմերի միջեւ կնքված պայմանագրով սահմանված կարգը. «Պայմանագրի 3,2 կետի համաձայն` գրավառուն կարող է գրավի առարկան օտարել պարտապանին ծանուցելուց հետո»:
Հայցվորը խնդրել էր անշարժ գույքի` իրեն պատկանող եւ գրավադրված ք. Երեւան, Տ.Մեծի պողոտա 44 շենք, թիվ 8/1 բնակարանի աճուրդը եւ դրա հիման վրա 2018 թվականի փետրվարի 19-ի սնանկության գործով կառավարչի եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջեւ կնքված աճուրդային առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչել, սակայն ինչպես հայցվորի ամուսինն էր ասում՝ «ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա հունիսի 19-ին հօգուտ բանկի եւ սնանկության կառավարչի էր որոշում կայացրել»:
Մարգարիտա Շահինյանի ներկայացուցիչն էր փաստաբան Տիգրան Սարգսյանը, որը խնդրել էր «բանկի նկատմամբ հայցվորի ունեցած պարտավորությունը ճանաչել պատշաճ կատարած»:
Նշեմ, որ վերաքննիչ քաղաքացիական դատարան օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում վերաքննիչ բողոքի պատասխան չէր ներկայացվել:
Հայցվորը, որպեսզի պարզ դառնար դատարանին, որ բանկի նկատմամբ կատարել էր իր պարտավորությունները, ներկայացրել էր վճարումները հաստատող ապացույցներ: Ըստ բողոքաբերի, ընդհանուր իրավասության դատարանը այդպես էլ հարկ չհամարեց հիմնավորող ապացույցներին անդրադառնալ. «Փաստորեն, դատարանը գործի լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննություն չի կատարել՝ արդյունքում հանգելով սխալ եզրահանգման, մերժել էր իմ հայցը»:
Իսկ բողոքաբերի ներկայացուցիչն էլ հայտնել էր. «Դատարանը չի անդրադարձել հայցվորի պահանջի այն մասին, որ անհրաժեշտ է պարտավորության կատարումը բանկի առաջ ճանաչել կատարված, չի անդրադարձել վճարումները հաստատող ապացույցներին, չի կատարել վճարված գումարի հաշվարկ:
Դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը թոշակառու է, ապրում է թոշակառու ամուսնու հետ, աղջիկը չի աշխատում, տանը բնակվում են մանկահասակ երեխաներ, բնակարանն էլ հայցվորի միակ բնակարանն է եւ ընտանիքը փողոցում հայտնվելու վտանգի տակ է»:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել էր. «Օրենսդիրը հստակ սահմանել է, որ առաջին ատյանի դատարանի վճռի պատճառաբանական մասի բովանդակության մեջ պետք է ներառվի որոշակի պարտադիր եզրահանգումներ, որոնցից են՝ գործին մասնակցող անձանց պահանջների եւ առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ եզրահանգումներ, ինչպես նաեւ յուրաքանչյուր պահանջը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացություն:
Դատարանը բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված՝ ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց հետազոտել նախ՝ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցները համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը: Մինչդեռ վկայակոչված ապացույցների եւ սույն գործի փաստերի համադրումը վկայում է, որ դատարանը գործի բազմակողմանի ու լրիվ քննություն չի իրականացրել, մասնավորապես, չի անդրադարձել հայցի հիմքի եւ առարկայի լրացմանը եւ չի հետազոտել միջնորդությանը կից ներկայացրած ապացույցները»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.12.2019