Ադրբեջանի նախագահը գրեթե սպառնում է, թե՝ չի ցանկանում անդամակցել ԵՄ-ին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը վերջին մի քանի տարիներին Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացրել է, վերջերս հետեւողականորեն սկսել է քննադատել Արեւմուտքին, մասնավորապես՝ Եվրոպական միությանը:
Ալիեւը օրերս չորս խոշոր հեռուստաալիքներին տված հարցազրույցում, ամփոփելով 2019թ.-ը, ասել է. «Պետք է հասկանալ՝ ինչ ենք մենք հասկանում եվրաինտեգրում բառի տակ: Ես կարծում եմ, որ մենք ձեռնարկել ենք մեր քայլերը եվրաինտեգրման ուղղությամբ, հետագա քայլերի անհրաժեշտություն չկա, եւ դրանք անարդյունք կլինեն»: Որպես օրինակ՝ նա բերել է այն փաստը, որ Ադրբեջանն անդամակցում է ԵԱՀԿ-ին, Եվրախորհրդին: «Եթե հիմա մենք խոսում ենք եվրաինտեգրման մասին ԵՄ-ին անդամակցության համատեքստում, ապա դա հնարավոր չէ»,- ասել է նա: Այնուհետեւ Ալիեւը հավելել է, որ այս պահին նկատվում է Եվրոպայում ապակենտրոնացման գործընթաց: «Դատելով առաջատար քաղաքական գործիչների ելույթներից՝ ԵՄ-ի ընդլայնման համար հեռանկարներ չկան: Բարդ իրավիճակում են հայտնվել նաեւ բալկանյան երկրները՝ ԵՄ անդամակցության թեկնածուները: Բայց չէ՞ որ նրանց բազում խոստումներ էին տվել, եթե նրանք որոշ պայմաններ բավարարեն: Եվ նրանցից որոշները գնացին այդ քայլին: Ոմանց համար այդ գործընթացը ցավոտ էր: Ես չեմ թվարկի այն երկրները, մենք գիտենք ում մասին է խոսքը: Դա հանգեցրել է այդ երկրներում ներքին բախումների, ցույցերի, հանրությունը պառակտվել է: Այժմ ԵՄ առաջատար քաղաքական գործիչներն ասում են, որ չեն կարող նրանց ընդունել: Կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում նման հնարավորություն չկա նաեւ մի շարք այլ եվրոպական երկրների համար»,- ասել է նա:
Ապա` Ադրբեջանի նախագահը որպես օրինակ մատնանշել է Թուրքիային. «Երբվանի՞ց է Թուրքիան ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Իսկ ի՞նչ արդյունքներ կան: Չկան: Ախր սա մեծ անարդարություն է: Սկսած 2000թ.-ից՝ նախկին սոցիալիստական բլոկի մի շարք երկրներ մտել են ԵՄ, իսկ նրանք ավելի ուժե՞ղ են, ավելի մե՞ծ են, քան Թուրքիան: Ինչո՞ւ նրանք մտել են, իսկ Թուրքիան՝ ոչ: Հարցը հռետորական է: Միայն որովհետեւ Թուրքիան մուսուլմանական երկիր է: Այժմ դրա մասին խոսում են բացահայտ: Այդ դեպքում այնտեղ կընդունե՞ն Ադրբեջանին: Ո՛չ»:
Կարդացեք նաև
Ալիեւի պատկերացմամբ՝ Ադրբեջանն ամեն հնարավոր բան արել է եվրաինտեգրման շրջանակում: Սակայն նա հարկ է համարել հավելել, որ ԵՄ որոշ գործընթացներ անընդունելի են Ադրբեջանի համար: «Ասենք թե վաղը ասում են, որ դուք որոշակի ժամկետում մտնում եք ԵՄ: Իսկ մեզ դա պե՞տք է: Մենք տեսնում ենք գործընթացներ, մասնավորապես, կրոնական հողի վրա: Իսկ դա մեզ համար ընդունելի՞ է: Ո՛չ: Որոշ դեպքերում, այսպես կոչված, «ընդդիմությունը» դուրս է գալիս փողոց ԵՄ դրոշներով: Նրանք ցանկանում են, որ Ադրբեջանի ճակատագիրը որոշվի Բրյուսելո՞ւմ: Մեր ճակատագիրը մենք չենք կարող հանձնել ուրիշի ձեռքը: Մենք ունենք մեր պատմությունը, մեր արժեքները»,- ասել է Ալիեւը:
Այս ելույթից գրեթե մեկ ամիս առաջ Ալիեւը Բաքվի պետական համալսարանի ստեղծման 100-ամյակի առիթով միջոցառման ժամանակ նույնպես անդրադարձել էր եվրաինտեգրման թեմային՝ հստակ ընդգծելով, որ դեմ է եվրաինտեգրմանը: «Մենք մեր պետությունը ստեղծում ենք ավանդական արժեքների, մեծ-փոքր հասկացության հիման վրա: Մենք պետք է պահենք դա, թող երիտասարդությունը լսի ինձ եւ հարգի մեծերին: Որոշ երկրներ դրան ուշադրություն չեն դարձնում, տարբերություններ չեն դնում տղամարդու եւ կնոջ միջեւ: Մենք պետք է հարգենք կնոջը, պետք է պաշտպանենք նրանց: Ոչ թե նրանք մեզ, այլ մենք նրանց: Կա գենդերային հավասարություն, եւ մենք դա ընդունում ենք: Սակայն մենք չենք կարող ապրել ավանդական մտածողությունից դուրս, եւ թող երիտասարդները իմանան դա: Մեծերին պետք է հարգել: Այսօր որոշները փորձում են բառապաշարից հանել «ակսակալ», «ագբիրչեկ» բառերը: Տեսնելով նրանց՝ ես սարսափում եմ: Եվ դրանից հետո մեզ ասում են՝ ինտեգրվեք: Ինտեգրվե՞նք ճգնաժամի մեջ: Ինտեգրվե՞նք նրանց հետ, ովքեր ասում են՝ «Ստոպ, իսլամ»: Ինտեգրվե՞նք նրանց հետ, ովքեր տարբերություն չեն դնում տղամարդու եւ կնոջ միջեւ»,- նշել էր Ալիեւը:
Կարծել, թե ԵՄ-ում սրտատրոփ սպասում են Ադրբեջանի՝ ԵՄ-ի անդամակցությանը, կամ Ալիեւին գրկաբաց կընդունեն, իհարկե, զավեշտալի կլիներ:
Բանն այն է, որ վերջին տարիներին եվրոպական կառույցները, փորձագիտական շրջանակները, լրագրողական հանրույթը՝ հետաքննական նյութերով, բացահայտել են ալիեւյան ռեժիմի էությունը: Ռուսաստանի եւ անձամբ Պուտինի հետ ալիեւների ընտանիքի մտերմությունը վաղուց գաղտնիք չէ. Պուտինն, օրինակ, անձամբ է պարգեւատրել Ալիեւի կնոջն ու ավագ դստերը:
Դե իսկ եվրոպական կառույցներից ի՞նչ են տեսել Ալիեւները վերջին տարիներին… Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների, իրավապաշտպանների, լրագրողների քայլերի քննադատություն, ալիեւյան բռնապետությանն ի պատասխան կոշտ գնահատականներ:
Անկախ այն հանգամանքից, որ ԵՄ-ում Ադրբեջանի անդամակցություն չեն էլ ակնկալում, նույնիսկ այդ իրավիճակում Ալիեւը որոշել է կոշտ քննադատությամբ պատասխանել ԵՄ-ին՝ բացատրելով դա «ազգայինի» պահպանության մասին պաթետիկ ճառերով, հանդես գալով՝ «հայրենասեր» առաջնորդի դերում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.12.2019