Այսօր դատարանի որոշմամբ՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորվեց: Թավադյանի պաշտպան՝ Հովհաննես Խուդոյանը Aravot.am-ին ասաց, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:
«Պետք է բողոքարկենք, բայց երբ ստանանք դատարանի որոշումը, հասկանանք՝ որ ուղղությամբ, դատարանը ոնց է պատճառաբանել: Կալանքի վերաբերյալ քննիչի կողմից հիմնավորումներ առհասարակ չկային, մեզ համար հասկանալի չէ, թե ազատության մեջ մնալով ինչ կարող էր անել Արմեն Թավադյանը, որ նախաքննությանը խանգարեր»,- ասաց Խուդոյանը:
Հիշեցնենք, որ Թավադյանը կալանավորվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
Հիշեցնենք նաեւ, որ, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, Վարուժան Մկրտչյանը Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին առաջարկել է ցուցմունքից հրաժարվել եւ դրա դիմաց գումար ստանալ։
Կարդացեք նաև
Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից): Տուժողը Մարտի 1-ի գործով տուժող Վրույր Գաբրիելյանն է, նա ներկայումս ՃՈ դասակի հրամանատար է: Նրա ցուցմունքում որեւէ տող չկա Ռոբերտ Քոչարյանի, կամ այլ պաշտոնատար անձի մասին: Այս կապակցությամբ Հովհաննես Խուդոյանն ասաց. «Այդ ցուցմունքն իր բովանդակությամբ համապատասխանում է մեր դիրքորոշմանը, այդ անձը մեկ տարի առաջ է քննիչին նման ցուցմունք տվել ու եթե նույնիսկ ճանաչեինք նրան, երբեւէ չէինք խնդրի, որ ցուցմունքը փոխեր: Այս առումով տեսնում ենք հասարակ պրովոկացիա, վերջին հույսի ինչ-որ փորձեր»:
Փաստաբանը նաեւ պարզաբանեց, որ իր մեղադրյալը մեղադրվում է վկային կաշառելու համար, բայց մեղադրանքում պարզաբանված չէ, թե ինքը կոնկրետ ինչ գործողություն է արել, ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալին ընդամենը վերագրվում է, որ եղել է խմբի կազմում, որի անդամներից մեկը գնացել ու կաշառել է տուժողին: Փաստաբանը չի բացառում, որ տուժողին կաշառելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի աջակիցը նախապես ներդրված լինի ու ուղղորդված, իսկ թե ում կողմից մեր զրուցակիցը ասաց. «Չփորձեմ առանց հիմնավորումների մեղադրանք ներկայացնել, հնարավոր է, որ նախապես ներդրված լինի կամ պրոբլեմատիկ անձ լինի աջակիցների համար, նրա ցուցմունքը ցուցմունք է ազատության դիմաց»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ