Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդի առաջին նիստը՝ «մալախովյան թոք շոու». (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 26,2019 20:22

Այսօր Հանրային խորհուրդն արտահերթ նիստ էր հրավիրել, որը երբեմն վերածվում էր «բազարի», ինչպես նկատեց Դանիել Իոաննիսյանը, այն նույնիսկ համեմատվեց մալախովյան «talk շոուի» հետ: ՀԽ նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը նախ առաջարկեց բոլոր այն անդամներին, ովքեր հետաքրքրված են խորհրդին հատկացվելիք մշտական տարածքով, միասին գնան կառավարություն ու քննարկեն առաջարկները:

Նա նաեւ ասաց, որ մտադիր է օրենքի փոփոխություն նախաձեռնել: Խորհրդի անդամ Արշակ Սադոյանը հարցրեց՝ մի քանի շաբաթ առաջ հարցազրույցում ասում էիք, որ լավ չեք պատկերացնում Հանրային խորհրդում անելիքները, հիմա ի՞նչ փոխվեց, որ ուզում եք նույնիսկ օրենք փոխել:

Արշակ Սադոյանն ասաց, որ Հանրային խորհուրդը պետք է լինի «էնցիկլոպեդիկ գիտելիքներ» ունեցող մարդկանց խումբ, ինքն այդպես է պատկերացնում այս խորհուրդը: Ինչ վերաբերում է ՀԽ-ին հատկացվելիք տարածքին, նա ասաց, որ ռեժիմային հիմնարկում, օրինակ, կառավարության շենքում չի կարող գործել խորհուրդը: Դիմելով Ստյոպա Սաֆարյանին՝ նա ասաց. «Հույս ունեմ, որ դուք ձեր կապերը վարչապետի հետ օգտագործելով՝ կապահովեք տեղը»:

Քննարկվեց նաեւ Հանրային խորհրդի այն անդամների հարցը, որոնք շատ բացակայություններ ունեն: Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ՀԽ անդամներ կան, որոնք անցյալ տարվանից ընդամենը մեկ նիստի են մասնակցել, պետք է խոսի նրանց հետ, հասկանա հետագա անելիքները:

Դանիել Իոաննիսյանը, խոսելով Հանրային խորհուրդ ինստիտուտի մասին, ասաց.«Անկեղծ ասեմ, Հանրային խորհուրդը ձեւավորվեց 2008-ի մարտի 1-ից հետո, որպես միջոց նախագահի թեկնածուներից մեկին պաշտոնով ապահովելու: Այդուհանդերձ, այժմ կա իրական հնարավորություն Հանրային խորհուրդը դարձնելու այն մարմինը, որն ամրագրված է Սահմանադրությամբ ու օրենքով: Այս 10 տարիների ընթացքում ՀԽ-ն պատշաճ գործունեություն չի իրականացրել»: Իոաննիսյանի խոսքը բորբոքեց ՀԽ անդամներին, Սադոյանը սկսեց աղմկել, ընդհատել, Իոաննիսյանը հակադարձեց:

Իոաննիսյանից նեղացան, ասացին՝ նման անզգույշ արտահայտություն պիտի չաներ, իսկ Ստյոպա Սաֆարյանին հորդորեցին Վազգեն Մանուկյանից շնորհակալություն հայտնի՝ կատարած հսկայական աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նախկինում Հանրային խորհուրդը պոպուլիզմով չի զբաղվել ու «ռեկլամ» չի արել, թե ինչ աշխատանք է տանում, բայց գործ է արել:

Երբ խոսք գնաց ՀԽ անդամների բացակայությունների մասին, Իոաննիսյանն ասաց, որ այն նորմը, որ Հանրային խորհրդի անդամները նիստերից չեն կարող երկու անգամ անընդմեջ անհարգելի բացակայել, այլապես կդադարեցվի նրանց անդամությունը, հարցրեցին՝ այդ դեպքում բժշկից տեղեկա՞նք պիտի բերեն, թե՞ գործուղման թուղթ: Իոաննիսյանը պատասխանեց, որ էական չի ինչ տեղեկանք են բերում, բայց օրենքում ինչ գրված է, պետք է հարգել:

Առաջարկվեց ՀԽ անդամներին, հատկապես գյուղատնտեսության, տարածքային կառավարման հանձնաժողովի անդամներին գոնե տրանսպորտի գումար տալ, գործուղման ծախսը փակել: Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ խնդիրները հավաքագրում է ու խոստացավ, որ կլուծեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031