Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը՝ «Լույս»-ին. «Ամեն ինչ իր սահմանն ունի, ի՞նչ է նշանակում՝ դուք ցածր եք»

Դեկտեմբեր 26,2019 19:35

«Առավոտից նիստ ենք անում, ծայրահեղ հոգնած, գերծանրաբեռնված, հանգիստ, ժպիտով, հումորով, բայց դահլիճում հայտնվել է մի անձ, նշանակվել է, չի ընտրվել, այսինքն՝ երեւի մի 3 աստիճան ցածր է, կարելի է նույնիսկ այդպես մեկնաբանել, ով, իսկապես, այնքան փոքրիկ ֆիգուր է, որ ես ազգանունը գրել եմ թղթի վրա, որովհետեւ ինձ չի հետաքրքրել նրա անուն-ազգանունը, կարդացել եմ, որ նշանակվել է, չի տպավորվել, էդքան փոքրիկ ֆիգուր»,-այսպես սկսեց իր խոսքը Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր խոսքը՝ երեկի ավագանու նիստին, որը տեւել է մոտ 12 ժամ:

«Լույս»-ի եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի միջեւ հարց-պատասխանը թեժացավ նիստին երեկոյան ուշ ժամերին:

Մինչ այդ, ժամեր առաջ նույն նիստին Դավիթ Խաժակյանն իր ելույթում «Խորհուրդ կտամ ոտքի տակ չընկնել» Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ ասած խոսքերով հակադարձել էր Ավետ Պողոսյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հնչեցրած կարծիքին՝ «Լույս» դաշինքում ճգնաժամ է:

Հետո Ավետ Պողոսյանն է պատասխանել Խաժակյանին, վերջինս էլ՝ Պողոսյանին: Ու հետո Թեհմինա Վարդանյանն էլ որոշեց պատասխանել Ավետ Պողոսյանին. «Ու բանից պարզվում է՝ այդքան փոքրիկ ֆիգուրը զուրկ է որոշակի բարոյական օրինաչափություններից, այսօր նկատեցի: Իհարկե, բազմիցս լսել եմ վերջին ժամանակներում վերոհիշյալ պարոնի մասին, եւ այստեղ տեսնում եմ, որ որոշ անձինք խորը ցավ են ապրում մտերմիկ հարաբերություններ ունենալու պատճառով՝ խնամի, ծանոթ, բարեկամ, էն որ ժամանակին ասում էին ԽԾԲ չկա, բայց այսօր ավելի խորացած է: Ի տարբերություն պարոն Խաժակյանի, ով ավելի ցիվիլ գտնվեց, ես ներողություն եմ խնդրում, չեմ պատրաստվում, պարոն Պողոսյան, սեղմել ձեր կեղտոտ ձեռքը, եւ խորհուրդ եմ տալիս առհասարակ իմանալ ձեր լիազորությունները, իմանալ՝ ով է ընտրովի մարմինը, ով՝ ումից է բարձր, եւ դուք մեր աշխատողներն եք, ես սա այլ նկատառումով չեմ ասում: Իմացե՛ք նշանակովի եւ ընտրովի մարմնի նշանակությունը»:

Վարդանյանը նիստը վարող քաղաքապետ Հայկ Մարությանին՝ դիմեց խնդրանքով՝ սաստել աշխատակազմի անդամներին, որպեսզի նման իրավիճակներում չհայտնվեն. «Որովհետեւ պարոն Խաժակյանի ելույթից հետո մենք հանգիստ ընդունեցինք, նստեցինք, հանգիստ 10-11 ժամ նիստ արեցինք, ու «ալե՜ հոպ», հայտնվեց մի անձ, տենց, ասում է՝ «ես էլ իմ կառըշնըվի շորերը կհագնեմ կգամ», էդ մարդը հագել եկել էր, հայտնի տենց մանկական անեկդոտ կա: Ինչ վերաբերում է, պարոն թաղապետ, «Լույս»-ի ճգնաժամին, ես ձեզ խորհուրդ եմ տալիս լուծել ձեր վարչական շենքում եղած ճգնաժամը, որովհետեւ, իսկապես պարոն Խաժակյանը ճիշտ նկատեց՝ դուք խորը բարդույթ ունեք՝ պարոն Մնացականյանից հետո աշխատելու: Երբեք այդ բարդույթը չեք հաղթահարելու: Դուք լիքը հաց ու պանիր եք ուտելու, որպեսզի հաղթահարեք այդ ճգնաժամը, բայց դա ձեզ մոտ չի ստացվելու: Ձեր ներքին ճգնաժամով զբաղվեք, մասնավորապես աշխատակիցների հետ, ու տենց ականջը կախ պահեք, ու ձեր բերած տեղակալին խնդրեք, թող միջանցքներով զբոսնի ու զրույցները լսի, տեսնի ինչ մեկնաբանություններ են տալիս ձեր անձի նկատմամբ»:

Ավետ Պողոսյանը շատ հանգիստ պատասխանեց.«Հարգելի գործընկերներ, սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այդ ճգնաժամը «Լույս» դաշինքում պետք է շուտափույթ հաղթահարվի, քանի որ անհասկանալի է, թե՝ ում են ներկայացնում այս մարդիկ՝ եթե «Լուսավոր Հայաստանը» ձեռքերը լվացել է, եթե իրենց ցուցակի լիդերը, նորից եմ կրկնում, հստակ հարցադրում եմ անում, թող որեւէ մեկը պատասխանի…»:

Պողոսյանին ընդհատեց Թեհմինա Վարդանյանը. «Դուք ոչ մեկ եք, որ հարցադրում անեք ավագանու անդամին»: Ապա Խաժակյանն ու Վարդանյանը լքեցին նիստերի դահլիճը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը բավականին կոշտ անդրադարձավ «Լույս»-ի անդամների ելույթներին, նշելով. «Ամեն ինչ իր սահմանն ունի, ի՞նչ է նշանակում՝ դուք ցածր եք, սա ի՞նչ մոտեցում է, ո՞նց թե՝ ցածր եք: Այստեղ բարձր եւ ցածր մարդիկ կա՞ն, տիկին Վարդանյան, ձեզ համար բոլորը ցածր են, դուք բա՞րձր եք: Ես ասացի՝ Հայաստանի հանրապետության քաղաքացիների իրավունքները հավասար են»:

«Լույս»-ից Անի խաչատրյանը ռեպլիկ ասեց. «Մենք այստեղ քաղաքացի չենք, ավագանի եւ գործադիր…»: Մարությանը շարունակեց. «Կապ չունի, այս դահլիճում իրավունք ունեն խոսելու բոլորը, ես թույլ չեմ տա, ով ուզում է լինի, քաղաքապետարանի աշխատակազմին այսպիսի վերաբերմունք ցուցաբերի: Կարո՞ղ է այստեղ ստրուկներ են, այս ի՞նչ ստրկատիրական մոտեցումներ են, սա ի՞նչ է: Ես պահանջում եմ, որպեսզի մարդակային արժանապատվությունը, մարդու իրավունքը այս դահլիճում չոտնահարվի»:

Մարությանի ելույթի կեսից Խաժակյանն ու Վարդանյանը վերադարձան դահլիճ, Վարդանյանը քաղաքապետին ասաց. «Լավ կլիներ նախ սաստեիք ձեր նշանակած անձին»:

Հայկ Մարությանը հստակեցրեց.«Պարոն Պողոսյանի խոսքերում մարդու իրավունքների խախտում չնկատեցի, իսկ ձեր խոսքերի մեջ կար. նվաստացնելու ցանկությունը կար, մարդու իրավունքների ուղիղ խախտում կար: Չմոռանանք, թե ով առաջինը ելույթ ունեցավ այս դահլիճում՝ շատ ոչ միանշանակ ձեւակերպումներով»: Մարությանը նկատի ուներ Դավիթ Խաժակյանին: Վերջինս էլ հեգնանքով արձագանքեց. «Ես ներողություն եմ խնդրում «Լույս» խմբակցության գործընկերներիս փոխարեն, որ մենք մարդու իրավունքների նվաստացման փորձ իրականացրեցինք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031